Ամբողջ աշխարհում բավական տարածված մրցաձեւ է, որը Միջազգային օլիմպիական կոմիտեն ճանաչում է որպես մարզաձեւ, սակայն օլիմպիական խաղերի ծրագիր առայժմ չի ընդգրկում:
Այս խաղը ծնունդ է առել դարեր առաջ՝ Կենտրոնական Ասիայի քոչվոր ժողովուրդների մեջ եւ արդեն 6-րդ դարում մեծ տարածում գտել Պարսկաստանում: Պատմական աղբյուրները վկայում են, որ Սպահանի Նախշ-Է-Ջահան կենտրոնական հրապարակը նախկինում կառուցվել է որպես պոլոյի խաղադաշտ՝ անմիջապես շահի պալատի պատուհանների առջեւ:
Պոլոյի թիմը բաղկացած է չորս հեծյալ մարզիկներից, որոնք բամբուկից պատրաստված հատուկ մականներով գնդակը դաշտում տեղափոխելով՝ աշխատում էին հնարավորին չափ շատ անգամ գրավել մրցակցի դարպասը: Խաղադաշտի չափերն են՝ 274,2×146,2 մետր, ինչը ֆուտբոլի ինը դաշտի տարածք է: Հանդիպումը բաղկացած է յոթ րոպեանոց փուլերից (խաղակեսերից): Կախված տվյալ մրցման կանոններից, հանդիպումը կարող է ունենալ 4, 6 կամ 8 խաղափուլ:
Մարզական պոլոն, որ 1900-1936 թվականներին օլիմպիական մարզաձեւ է եղել, լայն մասսայականություն է վայելում հատկապես Անգլիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում (այստեղ խաղում են նաեւ փղերով), Պակիստանում, Արգենտինայում, Ավստրալիայում: Անգամ Անգլիայի արքայազն Հարրին պոլոյի համաշխարհային ճանաչում ունեցող վարպետ է եւ հաճախ է մասնակցում տարբեր մրցաշարերի, հատկապես՝ բարեգործական: