Մայիսի 9-ին Սկոպյեում (Մակեդոնիա) մեկնարկելու է թենիսի «Դեւիսի գավաթի» եվրոաֆրիկյան գոտու երրորդ դիվիզիոնի մրցաշարը, որտեղ հանդես է գալու նաեւ Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Մեր մրցակից երկրներն են Ալբանիան, Իսլանդիան, Չերնոգորիան, Անդորրան, Մակեդոնիան, Նորվեգիան, Մալթան, Սան-Մարինոն, Վրաստանը, Մոլդովան եւ Թուրքիան: Տասներկու թիմերը կազմելու են երկու ենթախումբ եւ պայքարելու են երկրորդ դիվիզիոնի երկու ուղեգրերի համար:
Հայաստանի թենիսի ֆեդերացիայից Armfootball.com-ի թղթակցին տեղեկացրել են, որ մեր հավաքականի կազմում Սկոպյեում կորտ մտնելու են Խաչատուր Խաչատրյանը, Աշոտ Գեւորգյանը, Թորգոմ Ասատրյանը եւ էստոնացի 19-ամյա հեռանկարային թենիսիստ Դանիել Պրոսկուրան: Հայաստանի ազգային թիմը վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա դրությամբ աշխարհում 92-րդն է: