Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՀՈՒՇԵՐԸ՝ 96 ՏԱՐԻ ԱՆՑ

Ապրիլ 23,2011 00:00

\"\"

Հովհաննես Կարապետյանի՝ Օննիկ Յուսուֆի «Վերածնված կյանք մը. երեւակայական եւ իրական սարսափների արանքում» վավերագրական գիրքը գրվել է 1953-1963 թվականներին: Եղեռնի ականատես Հովհաննես Կարապետյանն իր ապրումների մասին պատմել է իր ընտանիքի բարեկամներ Էդվարդ Խոջիկին, Սողոմոն Տարոնցուն, Արման Կոթիկյանին, որոնք խորհուրդ են տվել գրի առնել վերապրածը:
Նա այդպես էլ վարվել է: Հովհաննես Կարապետյանն առաջին անգամ ձեռագիր տետրակները ցույց է տվել «Գարուն» ամսագրի այն ժամանակվա գլխավոր
խմբագիր Վարդգես Պետրոսյանին, որն ասել է. «Գիրքը շատ լավ է գրված, սակայն ժամանակները հարմար չեն այն տպագրելու համար»: Հովհաննես Կարապետյանն այլեւս չմտածեց գրքի տպագրության մասին:
Նա մահացավ 1973թ.-ին, այդպես էլ չտեսնելով իր գրքի ծնունդը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի կողմից գիրքը երաշխավորվել է հրատարակման: Այն մի քանի օրից պատրաստ կլինի: Տպագրում ենք մի հատված վերոնշյալ գրքից:

\"\"1914թ. համաշխարհային պատերազմի նախօրյակին Թալեաթ փաշայի կողմից Թուրքիայի Ադաբազար քաղաք ուղարկվեց գազազած մի թուրք՝ Հելիմ Պեյ անունով, որը մի գիշերվա մեջ քաղաքի աչքի ընկնող հայերին հավաքելով, լցրեց Սուրբ Կարապետ եւ Սուրբ Հրեշտակապետ եկեղեցիները եւ նրանց ծեծուջարդի ենթարկելով՝ կարգադրեց հավաքել քաղաքի ամբողջ հայության մոտ գտնվող զենքը: Դրանից հազիվ մի քանի օր էր անցել, երբ քաղաքում լուրեր տարածվեցին հայերի տեղահանման մասին: Թեեւ այս լուրերը շատերին անտրամաբանական եւ սուտ էին թվում, սակայն կամաց-կամաց մտահոգությունը տիրեց բոլորին, որը երկար չտեւեց: Զենքերը հավաքելուց 4-5 օր հետո պաշտոնապես հայտարարվեց, որ քաղաքի բոլոր հայերը ժամանակավորապես տեղափոխվելու են մոտակա գյուղերը եւ հետո նորից հետ են վերադառնալու: Մեկնելու համար տրված էր միայն երկու օր ժամանակ: Մտածելու, տատանվելու ժամանակ չկար, բացի հրամանին ենթարկվելուց: Ամեն տուն պատրաստության մեջ էր: Գույքի անհրաժեշտ մասը կապում էին՝ հետները վերցնելու համար, մի մասը թաղում էին հողի մեջ, մի մասն էլ պահ էին տալիս ծանոթ թուրք բարեկամներին, որոնք սիրահոժար ընդունում էին եւ նույնիսկ օգնում: Թուրքերի մեջ կային մարդիկ, որոնք տեսնելով հայերի այս վիճակը, ի սրտե ցավում էին, բայց անզոր էին որեւէ բան անել. հրամանը վերեւից էր: Քաղաքի 4000 տուն հայությունը մի օրվա մեջ տներից դուրս էր թափվել, ովքեր ձիու, եզան կառքեր ունեին, ամենաանհրաժեշտ իրերն արդեն բարձած, ճանապարհ էին ընկել Էսքիշեհիրի ուղղությամբ, իսկ մնացյալներն իրենց իրերը տեղափոխում էին կայարան՝ երկաթուղով գնալու համար: Ունեցվածքի տեղափոխման համար ոչ մի արգելք կամ սահմանափակում չկար, բայց օժանդակություն եւ հնարավորություն չլինելու պատճառով, փաստորեն, հնարավոր չէր բոլոր իրերը վերցնել, ստիպված գույքի մեծ մասը անխտիր թողնում էին: Թուրք ժանդարմները եւ պոլիսները, լցված հայերի թաղամասերում, շտապեցնում էին բոլորին՝ տներից ժամ առաջ դուրս գալու: Ինչպես բոլորը, ծնողներս եւս կապեցին մեր գույքը: Մի քանի արկղ ամանեղեն հայրս թաղեց տան ներքեւի հարկում՝ հողի մեջ, իսկ մեր ավելորդ գույքերից 4 հակ հայրս տարավ Հալիմ էֆենդիի տուն՝ ի պահ մինչեւ մեր վերադարձը, որը սիրահոժար ընդունեց, ասելով՝ իշալլահ, շուտով կվերադառնաք եւ հետ կստանաք: Հալիմ էֆենդին լաց էր լինում բարեկամի՝ հորս հեռանալու եւ նրանից բաժանվելու համար: Մեզ անհրաժեշտ իրերը հորս թուրք բարեկամի՝ Օսման աղայի սայլով տեղափոխեցինք կայարան, ուր արդեն տեղափոխված էին մորաքրոջս եւ մորեղբորս ընտանիքները՝ իրենց գույքով: Մենք էլ միացանք նրանց՝ մտածելով իրարից չբաժանվել: Մեր մեջ ամենաշատ գույք ունեցողը մորաքրոջս ամուսին եւ իմ «շուկայի քերականության» վարպետ Հաճի Ստեփան աղա Եղիայանն էր, որը չէր վստահել ոչ մեկի մոտ թողնել իր արժեքավոր իրերը, որոնք կապված էին 22 հակերի մեջ: Մորեղբայրս՝ Ակոնայան Գրիգոր էֆենդին, որը քաղաքի հայտնի դեմքերից էր, փողապաշտ չլինելով, մեկ տարի առաջ սնանկացել էր: Հիշում եմ, Հյուրիեթից հետո Կոմիտաս վարդապետը մի քանի անգամ եկավ Ադաբազար եւ հյուր եղավ մորեղբորս՝ Գրիգոր էֆենդիի տանը, որպես քաղաքի ամենահարմար տուն: Մորեղբայրս, որը քաղաքում ուներ «Պոնմարշե» կոչված մեծ վաճառատուն, գործով եղել էր Լոնդոնում, Մանչեսթրում, Փարիզում, ուներ շատ ծանոթներ, հյուրասեր լինելով՝ նրանց տանը հյուրերն անպակաս էին: Կոմիտաս վարդապետը նրանց տանը քնում էր չոր տախտակամածին, միայն կարպետի վրա՝ հրաժարվելով փափուկ անկողնուց: Կոմիտաս վարդապետին տեսել էի նրանց տանը, մի անգամ էլ եկավ մեր դպրոց եւ աշակերտներիս համար երգեց «Քելեր, ցոլեր», «Հով արեք, սարեր ջան» երգերը: Առաջին անգամ լսելով Կոմիտասի թրթռուն, հմայիչ ձայնը, մինչեւ սրտիս խորքը տպավորվեց, որը մինչեւ օրս էլ հոգուս խորքում է եւ չեմ կարող մոռանալ: Աբելյան, Արմենյան եւ Զարիֆյան թատերախմբերը մի քանի անգամ եկան Ադաբազար եւ ներկայացում տվեցին Հալիմ էֆենդիի շերամանոցի շենքում, քաղաքում ուրիշ հարմար շենք չլինելու պատճառով. նրանք նույնպես հյուր էին լինում մորեղբորս տանը: 1915թ. հունիսի կեսերին երկու օրում դատարկվեցին Ադաբազարի հայոց տները, ծխնելույզները դադարեցին ծխելուց… Եկեղեցին էլ ամայացել էր սրբերից եւ Քրիստոսի հավատացյալներից: Փոթորիկը սկսած էր բոլոր հայերին հանել իրենց տներից դուրս եւ սեւ ու մութ ճանապարհով քշել դեպի անհայտություն…
– Հաճի աղա, այս ճանապարհորդությունը լավ չեմ տեսնում, այլեւս դժվար թե մեր տները մեկ էլ տեսնենք,- ասաց մորեղբայրս մորաքրոջս ամուսնուն:
– Ի՞նչ ես ասում,- իսկույն պատասխանեց «շուկայի քերականությունը» գերազանց իմացող վարպետս,- շատ-շատ երկու ամսից մենք մեր տները վերադարձած կլինենք: Նրան Ինկիլիզ (Անգլիա) կասեն, մինչեւ երկու ամիս՝ թուրքերի հաշիվը մաքրված եւ խերերնին անիծված կլինի: Մենք ոչ միայն տուն կվերադառնանք, այլեւ մեր զարար զիյաններն՝ վնասի հատուցումն էլ պիտի ստանանք թուրքերից: Դեռ ավելին՝ անգլիացիք հայկական նահանգներն էլ այս անգամ թուրքերից առնելով, կտան հայերին եւ այսպիսով հայոց հարցն էլ լուծած կլինեն…
Հայրս լուռ էր, դեմքից նկատվում էր, որ նա զգում է վտանգը եւ Հաճի աղայի խոսքերը ականջը չէին մտնում: Գնացքն անընդհատ առաջ շարժվելով՝ մեզ փախցնում էր մեր պապենական քաղաքից. գիշերն առանց իմանալու անցել էինք Էսքիշեհիրը: Առավոտյան գնացքը կանգ առաջ Ալայունտ կոչված կայարանում, ուր լցվել եւ խռնվել էին նախորդ գնացքներով եկողները, կայարանի շրջակայքում վրանների տակ բնակություն հաստատելով՝ ուր ամեն կողմ կեղտոտված լինելով, ուժեղ գարշահոտություն էր տարածված: Մեզ եւս հրաման տրվեց իջնել վագոններից, վրաններ պատրաստել՝ գիշերն անցկացնելու, մինչեւ նոր կարգադրություն ստացվելը: Շատերը կարծում էին, որ արդեն հասել ենք եւ շուտով մեզ կտեղափոխեն շրջակա գյուղերը ու կտեղավորեն: Ալայունտը Քյոթահիայի կայարանն էր, որտեղից ոտքով կամ կառքով գնում էին քաղաք: Այս տեղերին ծանոթ մարդիկ գովեստով էին խոսում Քյոթահիայի եւ շրջակա գյուղերի բնակչության մասին, ուրախանալով, որ մեզ լավ տեղ են իջեցրել: Ինչպես բոլորը, մենք եւս իսկույն իջանք եւ կարպետներով, բոլորի նման, վրաններ շինելով, գիշերեցինք, առաջին անգամ լինելով վրանների տակ՝ Ալայունտ կայարանի շրջակայքում: Հաջորդ առավոտ մորեղբայրս, որ ծանոթ էր այս շրջանին, ասաց, որ կայարանի ջուրը աշխարհի լավագույն ջրերից է եւ սուլթան Համիդը, որպես լավագույն ջուր, այս ջրից էր խմել: Մենք էլ խմելով՝ ուրախանում էինք՝ թագավորին բախտակից դարձած կարծելով մեզ: Օր օրի վրանների թիվն ավելանում էր, մեղվի փեթակի նման ամեն կողմից ձայներ էին լսվում: Մի կողմից նորից վագոններն էին լցվում ու տարվում դեպի Գոնիայի կողմը, մյուս կողմից էլ դեռ վագոններով գալիս էին ու իջնում մեզ մոտ: Ինչո՞ւ էին իջեցնում եւ ինչո՞ւ նորից ուղարկում՝ ոչ ոք չէր հասկանում: Հորս պատրաստած վրանի տակ գիշերը քնել էինք առանց մրսելու, մեր շորերով: Տնից դուրս եկած օրից արդեն 4-5 օր էր անցել, սակայն ոչ մեկս մեր հագուստները չէինք հանել քնելու ժամանակ: Մի քանի օր Ալայունտ կայարանում մնալուց հետո հրաման եկավ կայարանում կուտակված հայ գաղթականությանը վագոնները լցնել եւ ուղարկել վերջին տեղերը: Վագոն նստելու մեր հերթը շուտով հասավ: Այս անգամ ավելորդ գույքի հակերը առանձնացնելով, բոլորը մի վագոն լցրին, իսկ մարդկանց՝ առանձին վագոն, թույլատրելով միայն անհրաժեշտ գույքը վերցնել: Սեւգիյաթը (առաքումը) կատարվում էր շատ արագ. երբ ծնողներս բարձրացան վագոն, ժանդարմներն ասացին, որ վագոնը լցվեց եւ մորաքրոջս, Հաճի մայրիկին եւ երեխաներին նստեցրին հաջորդ վագոնը, իսկ մորեղբորս ընտանիքին թողեցին Ալայունտ կայարանում: Հայրիկս շատ խնդրեց՝ ասելով, որ մի ընտանիք ենք, որ մեզ չբաժանեն իրարից եւ թույլ տան իրար մոտ մնալ: Ժանդարմները հանգստացրին, ասելով, որ մի տեղ ենք գնում, իջնելիս իրար կմիանանք… Անակնկալ կերպով իրարից բաժանվեցինք: Այս անակնկալ բաժանումը ոչ ոքի մտքով չէր անցնում: Գնացքն արագ դատարկվեց, հրաման տրվեց, որ ամեն մարդ իր գույքը շալակելով ոտքով առաջ շարժվի, մեր նշանակված տեղը գնալու՝ ժանդարմների հսկողությամբ, որպեսզի ճանապարհին մեզ որեւէ վտանգ չպատահի: Մենք չդժվարացանք գույքը շալակելու, քանի որ մեր ավելորդ գույքը մեզ մոտ չէր, առանձին վագոնում էր դրված: Բոլորի հետ ճանապարհ ընկանք դեպի մեր վերջին տեղը: Մենք գնում էինք մի ճանապարհով, որտեղով մեզնից առաջ անցել էին հազարավոր մեզնմանները: Ճանապարհը ծածկված էր մեզնից առաջ անցնողների թողած գույքի մնացորդներով, աղտեղություններով: Մեր այս ճանապարհորդությունը կոչվում էր սեւգիյաթ: Մենք գնում էինք մահվան ճանապարհով դեպի անորոշություն: Մի ժամի չափ առաջանալուց հետո հողի երեսին սկսեցինք նկատել դիակներ: Առաջին անգամ այդ դիակները տեսնելով եւ կողքով անցնելով, բոլորը սարսուռ էին զգում: Ժանդարմները շտապեցնում էին՝ իրար հետ խոսելու առիթ չտալով… Ոչ ոք մտածելու ժամանակ չուներ: Հոսանքը ինչպես բոլորին էր քշել- տարել, մեզ եւս քշում-տանում էր…
Մենք՝ երկու եղբայր եւ երկու քույր՝ բռնած իրար ձեռքից եւ ծնողների փեշից, քայլում էինք, աշխատելով ետ չմնալ: Մոռացել էի իմ ջերմությունը, գիշերվա զառանցանքներս: Բավական առաջ էինք շարժվել, մեկ էլ մայրս կանգ առավ.
– Վախ, իմ հրեշտակը ձեռքիցս թռավ,- մրմնջաց նա եւ արցունքները գլորվեցին դեմքից:
Հայրս, որի գրկում էր 3 տարեկան քույրս, նույնպես հոգեվարքի վիճակում, առանց շփոթվելու, մորս ձեռքից վերցրեց 1 տարեկան մահացած քրոջս եւ ասաց.
– Քայլեք, ես ձեզ կհասնեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930