Կառավարության «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով այս տարի Կապանում 13 միլիոն դրամի ծրագիր է նախատեսված: Ըստ Կապանի քաղաքապետարանի ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ Ավետիք Համբարձումյանի՝ աշխատանքները ապրիլ ամսվա փոխարեն մայիսից կմեկնարկեն, քանի որ ապրիլի անձրեւոտ եղանակային պայմանները թույլ չեն տալիս աշխատել: Հաստատված 10 ենթածրագրով կմաքրվեն փողոցներն ու ճանապարհները, ջրատարները, հեղեղատարները, ջրաթունելները, կբարեկարգվեն մայթերը: Ջրատարների խցանված լինելու պատճառով ողջ անձրեւաջրերը փողոցներն են լցվում եւ դժվարություններ ստեղծում անցորդների համար: «Միջպետական ճանապարհահատվածի, քաղաքի հեռավոր՝ Բեխ, Բաղաբուրջ թաղամասեր տանող ճանապարհների մաքրման, բարեկարգման, ջրատարների ու ջրաթունելների եւ ծրագրում նախատեսված մնացած այլ աշխատանքների համար կծախսվի 8 միլիոն դրամ, իսկ մնացած 5 միլիոնի աշխատանքները կսկսվեն քիչ ավելի ուշ՝ մայիսի վերջին կամ հունիսին»,- տեղեկացնում է Ավետիք Հմաբարձումյանը:
Նախնական տվյալներով, վարձատրվող հասարակական աշխատանքներում կընդգրկվի եւ ժամանակավոր աշխատանքով կապահովվի զբաղվածության կենտրոն դիմած մոտ 112 աշխատանք փնտրող եւ գործազուրկ քաղաքացի: