Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրեւն ու Սուրբ Զատիկը խանգարեցին

Ապրիլ 23,2011 00:00

Պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը (Ուլյանովը) երեկ դարձավ 141 տարեկան: Խորհրդային միության փլուզումից հետո, արդեն 20 տարի նրա ծննդյան օրը համաժողովրդական տոն ու տոնախմբություն չի դառնում, պետական մակարդակով որեւէ միջոցառում չի կազմակերպվում: Արդեն 20 տարի հայ կոմունիստները Իլյիչի ծննդյան օրը նշում են Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում՝ ուր դեռ պահպանվել է Լենինի կիսանդրին: 1997 թվականին Էջմիածնի պատվանդանից գահընկեց եղած Վլադիմիր Իլյիչի կիսանդրին հայտնվեց կոմունիստ մեծամասնությամբ բնակչություն ունեցող այս գյուղի կենտրոնում:
Ի տարբերություն անցած տարվա պայծառ արեւի, այս տարի բնությունը բարեհաճ չէր: Վաղ առավոտից տեղացող անձրեւի պատճառով Լեռնամերձի լենինա-կիսանդրիամերձ հատվածը առանձնապես մարդաշատ չէր: Ոմանք էլ պնդում էին, որ Սուրբ Զատիկն էլ է ի վնաս Լենինի. Լեռնամերձը թարխունի մշակությամբ է հայտնի, Սուրբ Զատիկը ապրիլի 24-ին է, թարխունը Զատիկից առաջ լավ է վաճառվում, երեկ եւ այսօր թարխունը շուկա հանելու ամենահարմար օրերն են, դե, մարդիկ էլ ջերմոցներում են կամ շուկաներում:
Լենինի ծննդյան օրը, սակայն, նշվել է: Լեռնամերձ են գնացել մի շարք կոմունիստներ՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանի գլխավորությամբ: Կոմունիստների առաջնորդը մոտ 40 րոպեանոց ելույթ է ունեցել, հետո ծաղիկներ են դրել Լենինի պատվանդանին ու հեռացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել