Համապատասխան հետեւություններ գործընթացի կազմակերպիչների համար
Ծանոթանալով Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու նպատակով վերապատրաստման հարցաշարի թիվ 29 համարով ներկայացված «Մանկավարժություն եւ հոգեբանություն» բաժնի բովանդակությանը, չեմ կարող չներկայացնել իմ կարծիքը մասնավորապես մի քանի ապակողմնորոշող հոդվածների մասին: «Ի՞նչ է ուսուցման մեթոդը» հարցին տրված է «Մանկավարժի եւ սովորողի ուսուցման նպատակներին ուղղված եւ որոշակիորեն կարգավորված գործունեությունը» պատասխանը (29.1): Մի՞թե մեթոդը գործունեություն է: Չէ՞ որ դա աշակերտների ուսումնաիմացական գործունեության առաջացման եւ կառավարման եղանակն է: Կամ՝ մի՞թե դասավանդողը եւ ուսումնառողը միեւնույն նպատակներն ունեն: Ուսուցման նպատակները ուսուցանողինն են եւ ոչ թե ուսումնառողինը, որը այլ նպատակ ունի: Փաստորեն, այս հարցը եւ դրա պատասխանը կազմելիս անտեսվել է այն, որ արդեն 2 տասնամյակ է, ինչ մանկավարժական մամուլում լույս է տեսնում մանկավարժական եւ աշակերտական դասանպատակներին նվիրված բազմաթիվ հոդվածներ, ինչպես եւ «Մանկավարժական եւ աշակերտական դասանպատակներ» մենագրությունս (2003թ). որոնցում մանրամասնորեն ներկայացված են այդ դասանպատակները՝ իրենց տարբեր բովանդակություններով ու միմյանց հետ իրենց ունեցած հարաբերակցությամբ: Ուսուցման մեթոդի հիմնական գործառույթը աշակերտների համար դասավանդողի որոշած իմացական գործունեությունը առաջացնելն է, նրանց ուսումնական աշխատանքի հրահրելն է եւ առաջացած գործունեության կառավարելը: Հարցաշարում ներկայացված եւ ուսումնական հաստատության ղեկավարի մանկավարժական գիտակցության մեջ ներդրվող մեթոդին վերաբերող գիտելիքը ապակողմնորոշող պետք է համարվի, քանի որ մի կողմից ուսուցման նպատակ է վերագրում սովորողին, որը չունի այդպիսին, մյուս կողմից էլ ուսումնական հաստատության ղեկավար դառնալ ձգտողին «ուսուցման մեթոդ» հասկացության այնպիսի բովանդակություն է պարտադրում, որը չի կարող ուսումնաիմացական գործունեության առաջացման եւ կառավարման գործիք դառնալ նրա համար, չունենալով դրա առաջացումն ու կառավարումը ապահովող բաղադրիչներ:
Առարկելի է նաեւ «Ինչո՞վ է պայմանավորվում դասի ընթացքում կիրառվող մեթոդների ընտրությունը» հարցին տրված «Դասի նպատակով» պատասխանը (29.2): Առարկությունը հիմնավորվում է նրանով, որ նախ՝ դասին մասնակցում է երկու սուբյեկտ, որից յուրաքանչյուրն ունի մյուսից տարբերվող իր նպատակը, իսկ այստեղ միայն մեկ նպատակի մասին է խոսքը: Հայտնի չէ, թե ո՞ւմ նպատակն է դա՝ մանկավարժի՞նը, թե՞ ուսումնառողինը:
Փոփոխության կարիք է զգում նաեւ «Ի՞նչ եք հասկանում ուսուցում ասելով» հարցը՝ իր «Ուսուցումը անձնավորության գիտակցությունը ձեւավորելու եւ զարգացնելու հատուկ կազմակերպված գործընթաց է» պատասխանով (29 .10): Մի՞թե ուսուցման մեջ ընդգրկված աշակերտը գիտակցություն չունի, որ ուսուցումը պետք է ձեւավորի դա: Կամ, մի՞թե ֆիզիկական կուլտուրայի դասերը միայն գիտակցություն են ձեւավորում:
«Ի՞նչ դեր է կատարում ուսուցիչը ուսումնական գործընթացում» հարցին տրված «Դասավանդող, կազմակերպող, ուսուցմանն աջակցող, խթանող» պատասխանը (29.11) լուրջ լրամշակման պետք է ենթարկվի: Հարցը պետք է լիներ՝ ի՞նչ դեր է կատարում դասավանդողը ուսուցման գործընթացում: Այդ դեպքում պատասխանում չէր ասվի, թե նա դասավանդող է, քանի որ ո՞վ չգիտե ուսուցչի դասավանդող լինելը: Եվ ապա՝ ի՞նչ է նշանակում ուսուցչին համարել որպես ուսուցմանն աջակցող: Չէ՞ որ ինքն է կազմակերպում եւ կառավարում այդ գործընթացը: Ստացվում է, թե ինչ-որ մեկն է դա իրականացնում, իսկ ուսուցիչն էլ աջակցում է նրան, որը չի համապատասխանում իրականությանը:
Հաշվի առնելով այս եւ մի քանի այլ հոդվածների՝ դպրոցի ղեկավարներին, հետեւաբար նրան ենթակա ուսուցիչներին խիստ վնասաբեր այս աստիճանի ապակողմնորոշող բովանդակությունը, պահանջում եմ դադարեցնել այս հարցաշարի թիվ 29 բաժնի օգտագործումը՝ հրավիրելով գործին տեղյակ մասնագետների: