Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԱԶԱՏ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՄ

Ապրիլ 23,2011 00:00

\"\"Արցախյան պատերազմի ժամանակ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Զարդախաչ համայնքի բնակչուհի Մարուսյա Դանիելյանն ընդգրկված էր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմում՝ որպես խոհարար, նա կարողանում էր սննդամթերք հասցնել դիրքեր՝ զինվորների համար:

1993թ.-ին Արարատի մարզի Նորաբաց գյուղում Մարուսյա Դանիելյանը ձեռք բերեց 800քմ հողամաս, զբաղվում էր անասնապահությամբ, պահում իր բազմանդամ ընտանիքը, բարեխղճորեն մուծում բոլոր իր հարկերը:
Փոքր աղջիկն իր անսովոր ընդունակությունների շնորհիվ 13 տարեկանում ընդունվեց Հերացու անվան բժշկական համալսարան, տիկին Մարուսյան գոհ էր, որ կարողանում էր ընտանիքը պահել:
Մոսկվա տեղափոխված, ամուսնացած մյուս աղջիկն էլ՝ Արեւիկ Ասրյանը, ում անունով ձեւակերպվեց Նորաբացի հիշյալ հողամասը, քանի որ Զարդախաչից տարագիր դարձած ծնողները չունեին փաստաթղթեր, պահանջում է ոչ միայն ծնողներին՝ հորն ու մորը վտարել հիշյալ հողակտորից, այլ մեղադրում է 80-ն անց մորը՝ «անբարոյական լինելու» համար:
Մ. Դանիելյանը մեզ հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ աղջիկն իրեն ասում է, թե «իրենք՝ 5 երեխաները սերվել են տարբեր տղամարդկանցից, անգամ թուրքից»: Մ. Դանիելյանը դիմել է դատարան՝ Արեւիկ Ասրյանի դեմ «հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքներից ու զրպարտություններից՝ անձի պատիվն ու արժանապատվության պաշտպանության պահանջի մասին» հայցով:
Իսկ հողակտորի ձեռքբերման գործը Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ էր ընդունվել 2009թ. հուլիսի 29-ին:
Դատարանը, սակայն, մեկ ամիս հետո որոշել էր գործը թողնել առանց քննության, ինչը բողոքարկվեց եւ վերացվեց այդ որոշումը:
2010թ. մայիսի 31-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արեւիկի պահանջը: Նրա ներկայացուցիչը՝ Գեւորգ Գեւորգյանն անցյալ տարվա հունիսի 30-ին վճռի դեմ բողոք բերեց: Բողոքը վերադարձվեց 2 շաբաթով՝ «խախտումները վերացնելու» պատճառաբանությամբ: Երկու շաբաթն անցավ ու ոչինչ չներկայացվեց դատարան:
Ա. Ասրյանն այդ ընթացքում դիմեց ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ոստիկանությանը, պահանջելով, որպեսզի քրեական գործ հարուցվի անշարժ գույքի պետական կոմիտեի Մասիսի կադաստրի աշխատակիցների ու մոր դեմ, որը «խարդախությամբ փորձել է տիրանալ իր սեփականությունը հանդիսացող Նորաբաց գյուղում գտնվող անշարժ գույքին»: Ըստ Նորաբաց համայնքի ղեկավար Գ. Գալստյանի 31.01.2011թ. պաշտոնական տեղեկանքի՝ «Ա. Ասրյանի անվամբ մինչ 2007թ. գրանցված 800քմ հողամասը տիրապետել, կառավարել, բոլոր հարկերը մուծել է Մ.Դանիելյանը»: Գյուղապետը տեղեկացրել էր նաեւ, որ 2007թ.-ից այդ հողամասը գրանցված է Մ. Դանիելյանի անվամբ:
Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցում: Մոսկվաբնակ Արեւիկը դիմում է մարզի դատախազին, որն էլ իր 07.09. 2010թ. գրությամբ հայտնում է, որ հետաքննիչի որոշումն օրինական է, այն վերացնելու եւ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:
Դատարաններում Ա. Ասրյանի ներկայացուցիչը բողոքարկում է ոստիկանության նշյալ որոշումը, սակայն, ըստ էության, դրանք մերժվում են:
Վերաքննիչ դատարան 5 ամիս ուշացումով դիմած Ա. Ասրյանի ներկայացուցիչը հայտնում է, որ իր վստահորդը տեղյակ չի եղել, որ դատարանը բողոքը վերադարձրել է: Հետեւաբար, հարգելի է համարվում այդ պատճառաբանությունը եւ 5 ամիս անց կրկին վերաքննիչ դատարանը «մուտքագրում» է Ասրյանի բողոքը եւ բավարարում:
Դատական նիստը չավարտված՝ Մ. Դանիելյանն ուշաթափվում է եւ նրա համար շտապօգնության կանչ է լինում:
Այն պնդումները, թե Արեւիկ Ասրյանը չի եղել Երեւանում, հօդս է ցնդում նրա ներկայացուցչի դատարան ներկայացրած փաստաթղթերից: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ա. Աբրահամյանի գրությամբ. «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա» անցման կետերի տեղեկատվական համակարգի ամփոփագրերում ս.թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 4-ի հատվածում ՌԴ քաղաքացի Արեւիկ Ասրյանի սահմանահատումների վերաբերյալ տվյալներ հաշվառված չեն»: Իսկ ահա «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկություններով, Ասրյանը ժամանել է Հայաստան 2010թ. մարտի 5-ին՝ Դնեպրոպետրովսկի չվերթով, մարտի 8-ին Մոսկվա է մեկնել:
Նույն թվի օգոստոսի 8-ին Մոսկվայից ժամանել է Հայաստան, մեկնել օգոստոսի 31-ին:
Մ. Դանիելյանի բողոքը ներկայումս գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում: Մ. Դանիելյանի ներկայացուցիչը՝ նախկին դատավոր, ներկայումս փաստաբան Տարիել Մանուկյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել