Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵՔ՝ ԻՆՉՊԵՍ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Ապրիլ 23,2011 00:00

Սկսած 1970թ.-ից,  ամբողջ աշխարհում ապրիլի 22-ը հայտարարված է Երկիր մոլորակի օր: Երկրի օրվա նախապատմությունը հետեւյալն է. ամերիկացի Ջոն Մարթին տեսնելով, թե ինչպես են մի թաղամաս կառուցելու համար մեծ ծառահատում իրականացնում, հայտարարել է ծառատունկ: Դրանից հետո աշխարհի շատ երկրներում սկսեցին նշել Երկրի օրը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPCW) տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ասաց. «Ամբողջ աշխարհում մեծ միջոցառումներ են իրականացնում, ինչը չենք կարող ասել Հայաստանի մասին: Չգիտես ինչու, միջազգային կառույցներն այս տարի Երկրի օրվա հետ կապված չունեն բավական ֆինանսական միջոցներ եւ այստեղ է, որ կարեւորում եմ մասնավոր կառույցի մասնակցությունը բնապահպանական կառույցներին, որովհետեւ ժամանակը ցույց տվեց, որ այս հատվածի հետ համագործակցությունն ավելի կայուն եւ վստահելի է»:
Ասուլիսին ներկա «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը նաեւ Երկրի օրվան նվիրված քարոզարշավի հիմնական գործընկերն է, նշեց. «Ընկերությունը միայն գործունեություն ծավալելու համար չէ, այլ նաեւ հասարակության մասին մտահոգվելու: Ինչ-ինչ պատճառներով մարդիկ, գործարարներ, ընկերություններ մոռանում են բնության մասին եւ սկսում են ուղղակի եւ անուղղակի վնասներ պատճառել: Դա կատարվում է մեր եւ շատ այլ երկրներում, ի վերջո պատահարներ են տեղի ունենում, որովհետեւ բնությունը չի կարող ինքն իրեն մաքրել: Միայն աղետներ լինելիս են մարդիկ սկսում մտածել, թե ինչպես հետեւանքներից ազատվել, բայց իրականում անհրաժեշտ է պատճառների մասին մտածել, պետք է կանխել պատճառները, որոնք հանգեցնում են աղետի: Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխանցել մեր երեխաներին, պետք է ծառայենք օրինակով, պետք է աշխատենք եւ ցույց տանք, որ իրենք տեսնեն եւ հավատան: Այստեղ խոսքը ոչ թե մեկ ծառ տնկելու, այլ իմաստի մասին է, թե ինչի համար է ծառը տնկվում: Մենք պետք է մեր մտածելակերպով դուրս գանք մեր տնից, մենք մտածում ենք՝ ինչպես մեր տունը պահենք մաքուր, բայց մեր վերջին հարցը պիտի լինի մեր միջավայրը մաքուր պահելը: Բնության պահպանումը նույնքան կարեւոր է, որքան երկրի սահմաններինը»:
Ռուբեն Խաչատրյանն էլ նշեց, որ իրենց նպատակն է մարդկանց սպառողական մոտեցումը փոխել. «Այս տարվա միջոցառումները գալիս են հիշեցնելու էկոլոգիական խնդիրների, հիշեցնելու անտարբերության մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել