Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապրենք՝ կտեսնենք

Ապրիլ 23,2011 00:00

Քաղաքապետարանի պաշտոնյաները վստահեցնում են, որ կեղտոտ նստարաններով ու ծակ հատակով երթուղայիններ չենք ունենա

«Անձրեւային եղանակները խանգարել են, որպեսզի մոնիտորինգ անողները հասկանան՝ մեքենայի արտաքինը մաքո՞ւր է, թե՞ ոչ: Փոխարենը նկատել են, որ մոնիտորինգից հետո վարորդները սափրված են ներկայանում աշխատանքի»,- երեկ 10-օրյա մոնիտորինգի նախնական արդյունքների ամփոփման ժամանակ այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Մոնիտորինգը սկսվել է ապրիլի 11-ին՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ: Մեր հարցին, թե մոնիտորինգի ժամանակ ուշադրություն դարձվե՞լ է երթուղայինների ներքին հարդարանքին ու մաքրությանը՝ նստարանների կեղտոտ եւ մաշված լինելուն, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Եթե մաքուր չի եղել, անպայման զգուշացումներ ենք արել: Օրինակ՝ նման զգուշացումներ ենք արել թիվ 30, 36 ավտոբուսների օպերատորներին: Ինչ վերաբերում է սրահի մաշվածությանն ու նստարաններից դուրս ցցված երկաթներին, ապա ասեմ, որ մենք ունենք բարեփոխման ծրագիր, որի համաձայն, միկրոավտոբուսները պետք է իրենց տեղը զիջեն ավտոբուսներին: Շատերը չգիտեն, իրենց երթուղագծում միկրոավտոբուսնե՞ր են մնալու, թե՝ ավտոբուսներ, ուստի նրանք ներդրումներ չեն անում: Մենք էլ պահանջ չենք դնում: Հասկանում եք, ամեն մի միկրոավտոբուսն արժե $20 հազար, ո՞նց ստիպենք նորը գնել, եթե մի քանի ամիս հետո հնարավոր է, որ գծում անհրաժեշտ լինեն ավտոբուսներ: Հիմա երթուղագծեր կան, որ «Ռաֆերով» կամ «Երազներով» են սպասարկում: Ես խոստանում եմ, որ նոր մրցույթի ժամանակ նման բաներ չեն լինելու»: Նավասարդյանը հավաստիացրեց, որ ամեն ավտոբուս չէ, որ կհայտնվի երթուղագծում. «Դրանք առնվազն պետք է 50-60 տեղ ունենան, 7 մ 40 սմ-ից մինչեւ 10 մ երկարություն եւ 2 մ 40 սմ լայնություն, որպեսզի մարդիկ անարգել տեղաշարժվեն»։
Նա ասաց, որ որոշ երթուղիներ չեն բավարարում անհրաժեշտ քանակ՝ նորմալ սպասարկելու համար. «Մասնավորապես՝ 14, 16, 32, 43 ավտոբուսային երթուղիները եւ 53, 69, 93, 110, 102, 109, 118 երթուղային տաքսիները: Իսկ 7, 18, 22, 88 երթուղիներում երթուղային տաքսիների սպասարկումը կատարվել է երկար միջակայքերով (ինտերվալ)՝ մինչեւ 20 րոպե նրանք սպասեցրել են ուղեւորներին: Զգուշացումից հետո ինտերվալի համար պահանջված ժամանակը վերականգնվել է»: Նկատենք, որ երթուղային տաքսիների համար սպասարկման միջակայքն ըստ նորմայի 7 րոպե է, իսկ ավտոբուսների համար՝ 10, ինչը, սակայն, ոչ բոլոր երթուղագծերում է պահպանվում:
Մեր այն դիտարկմանը, որ մայրաքաղաքում կան կանգառներ, որոնք չափազանց անհարմար են օգտվելու համար, օրինակ՝ Աբովյան փողոցի բոլոր կանգառները կամ «Ռոսիա» տոնավաճառի դիմացի կանգառը, որտեղ կանգառանշանի հենց կողքին աղբարկղեր են շարված, Հ. Նավասարդյանը պատասխանեց. «Ես ինձ մոտ նշեցի, անպայման աղբարկղերը կհանենք, իսկ մյուս կանգառների համար քննարկումները շարունակվում են: Ընդհանուր առմամբ մենք ունենք 200 կանգառ, որոնցից գրեթե 40-ն այդպիսին են»:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում ընդառաջ էր գնացել հասարակության այն հայտարարությանը, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերը, ինչպես նաեւ համայնքային ենթակայության բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները, անկախ պաշտոնից, առնվազն 1 օր պետք է երթեւեկեն հասարակական տրանսպորտով, որպեսզի ավելի լավ պատկերացում ունենան տրանսպորտի վիճակի մասին, այս առիթով լրագրողները պարոն Նավասարդյանից հետաքրքրվեցին՝ արդյոք վարչական շրջանների ու քաղաքապետարանի ղեկավարությունը առավոտյան ժամերին կարո՞ղ է օգտվել գերծանրաբեռնված տրանսպորտից եւ ժամանակին աշխատանքի հասնել, եւ քաղաքապետն ինքը կօգտվի՞ տրանսպորտից. «Վարչական շրջանների ոչ միայն ղեկավարները, այլեւ ամբողջ անձնակազմը եւ քաղաքապետարանի աշխատակազմի գրեթե կեսը աշխատանքի է գալիս տրանսպորտով։ Ես ունեմ իմ վարչությունում 7 աշխատող, որոնցից միայն մեկն է մեր ծառայողական ավտոբուսով երթեւեկում, մնացածը՝ տրանսպորտով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել