Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ՝ ԱՐԳԵԼՈՒՄ

Ապրիլ 23,2011 00:00

\"\"Բորբոքված նշիկների դեպքում ֆիզիոթերապիայի նշանակման մասին մասնագետների հակասական կարծիքները ծնողներին խուճապի են մատնում:

Վերջին տարիներին Հայաստանում, մի շարք գործոններով պայմանավորված՝ ամեն երկրորդ երեխան նշիկների հետ կապված խնդիրներ ունի: Թեեւ մեր երկրում ծնողները հաճախ թարախային անգինային մատների արանքով են նայում ու փորձում են այն իբր թե բուժել ավանդական մեթոդներով՝ դոշաբ, մեղր, ջերմիջեցնողներ, ռեհանով թեյ, ընդհուպ մինչեւ մեղրով կամ նավթով կոկորդի մաքրում եւ այլն, բայց հիվանդությունը լուրջ բուժման կարիք ունի եւ անտեսելու դեպքում շատ վտանգավոր կարող է լինել երեխայի հետագա նորմալ աճի համար՝ հանգեցնելով տարբեր բարդությունների:
Մեր շատ մանկաբույժներ նման դեպքերում, երբ երեխան հաճախ է հիվանդանում անգինայով, միանգամից նշանակում են ֆիզիոթերապիա: Պատահական չէ, որ պոլիկլինիկաներում եւ բժշկական կենտրոններում այսօր ֆիզիոթերապիայի կաբինետների մոտ երեխաների մեծ հերթեր են գոյանում: Սակայն մի խնդիր կա, որը մեծ խուճապ է առաջացրել՝ ֆիզիոթերապիայի (լազերային, ուլտրաձայնային, մագնիսական դաշտի բուժման մեթոդներ) հետ կապված: Բանն այն է, որ արտասահմանյան մի շարք զարգացած երկրներում երեխաների նշիկների ֆիզիոթերապիան արգելվում է, վերջերս Ռուսաստանում նույնպես այդպիսի քաղաքականություն կա, եւ մասնագետները խորհուրդ չեն տալիս ֆիզիոթերապիայով միջամտել նշիկների գործունեությանը: Ուստի անհասկանալի է, թե ինչու են մեր երկրում դեռ շարունակում 2-3 տարեկան երեխաներին նշիկների համար ուղեգրել ֆիզիոթերապիայի:
Այս առնչությամբ մենք զրուցեցինք մի քանի մասնագետների՝ մանկաբույժների, ռեաբիլիտոլոգի եւ քիթ-կոկորդ-ականջաբանի հետ՝ պարզելու, թե ի՞նչ վատ հետեւանքներ կարող է ունենալ ֆիզիոթերապիան՝ երեխայի օրգանիզմի համար:
Մանկաբույժ, ֆիզիոթերապեւտ Արմեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ֆիզիոթերապիան ամբողջ աշխարհում առաջավոր բուժման մեթոդներից է, որ երկար տարիներ օգտագործվել է ու կօգտագործվի. «Իհարկե, ինչպես բոլոր բուժման միջոցները, այն նույնպես ունի հակացուցումներ եւ կողմնակի ազդեցություններ, բայց ճիշտ ցուցման եւ ճիշտ չափաքանակի դեպքում այն միայն դրական ազդեցություն կարող է ունենալ: Եթե անալգինն էլ մեկ հաբի փոխարեն 10-ը խմեք՝ մեծ վնաս կտա, այնպես որ, պետք է պահել չափը: Իսկ ֆիզիոթերապիա մարդիկ ստանում են անգամ բեղմնավորման պահից, չէ՞ որ մենք դեռ չծնված՝ արդեն մագնիսական դաշտերի ազդեցության տակ ենք լինում»: Կարծիք կա, որ ֆիզիոթերապիա անցած մարդիկ ֆարինգիտ են ձեռք բերում: Սակայն ֆիզիոթերապեւտը տեղեկացրեց, որ ֆարինգիտ կարող է առաջանալ նշիկները հեռացնելուց հետո, քանի որ նշիկները պատնեշ են ծառայում: Այս մասնագետը խորհուրդ տվեց ֆիզիոթերապիայի գնալ անգամ առողջական խնդիրներ չունեցող մարդկանց՝ հավաստիացնելով, որ կեղծ են այն տեղեկությունները, թե, օրինակ, Ռուսաստանում արգելվել է նշիկների ֆիզիոթերապիան:
Մի շարք մանկաբույժներ մեզ հետ զրույցում ֆիզիոթերապիայի մասին տարբեր կարծիքներ ունեին, ոմանք ասում էին, որ իրենց հիվանդներին խորհուրդ չեն տալիս դա անել, ոմանք պնդում էին, որ իրենց պրակտիկայում դեռ ֆիզիոթերապիայի հետեւանքով բարդությունների կամ խնդիրների չեն հանդիպել:
Մենք զրուցեցինք նաեւ ԼՕՌ մասնագետ Արմինե Զարգարյանի հետ: Նրա խոսքերով՝ «Նշիկների բորբոքման դեպքում արտասահմանում իսկապես ֆիզիոթերապիա չեն նշանակում: Խուճապի պետք չէ մատնվել, բայց շատ եվրոպական երկրներում եկել են այն եզրակացության, որ եթե երեխան այնպիսի վիճակում է, որ տարեկան 4 անգամ հիվանդանում է թարախային անգինայով, պետք է նրա նշիկները պարզապես հեռացնել, միեւնույն է, ֆիզիոթերապիան չի օգնում: Մանկաբույժները նման ցուցում տալուց առաջ պետք է երեխային ուղարկեն ԼՕՌ-ի մոտ, որը համապատասխան զննումից հետո կնշանակի անհրաժեշտ բուժում, ոչ թե ֆիզիոթերապիա: Հաճախակի կրկնվող անգինայի դեպքում պետք է երեխան ընդունի ուժեղ անտիբիոտիկներ, իսկ փոխանակ բուժելու, նրան ֆիզիոթերապիա են անում, նշիկները ձեւափոխվում են, իսկ հիվանդությունը զարգանում է ավելի բարդություններով: Ֆիզիոթերապիան չի վնասի, բայց չի էլ օգնի: Ես մի բան էլ կասեմ. ֆիզիոթերապիայից հետո երեխայի նշիկները փոքրանում են ու կպումներ են առաջանում, որը հետագայում այն հեռացնելու ժամանակ մեծ խնդիր է դառնում վիրաբույժի համար՝ տեխնիկական առումով»: ԼՕՌ մասնագետը նաեւ հայտնեց, որ բոլոր զարգացած երկրներում բորբոքված նշիկները հեռացնում են՝ առանց աչքը թարթելու, որովհետեւ չհեռացնելու դեպքում երեխան կարող է առողջական ավելի մեծ խնդիրներ ունենալ, օրինակ՝ ռեւմատիզմի բարդություններ. «Մեր երկրում տարածված կարծիք կա, թե հատկապես տղաները չպետք է նշիկները հեռացնեն, մինչդեռ արտերկրի մեր գործընկերները ծիծաղում են դրա վրա: Դա հիմարություն է եւ ոչ մի գիտական հիմնավորում չունի»: Քիթ-կոկորդ-ականջաբանը միայն նշեց, որ Հայաստանում նշիկները կարելի է հեռացնել 3 տարեկանից հետո, որովհետեւ այդ ժամանակ երեխայի իմունիտետը հիմնականում կայուն վիճակ է ունենում, բացի այդ, վաղ տարիքում դա անելը տեխնիկապես դժվար է եւ պետք է միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել