Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կեսից ավելին գոյատեւում է, 1/3-ը՝ տառապում

Ապրիլ 23,2011 00:00

Հայաստանում բնակչության 12%-ը վստահ է, որ իր կյանքը բարգավաճում է, մինչդեռ 54%-ը պայքարում է գոյատեւման համար, իսկ 34%-ը՝ տառապում: Համենայնդեպս,
այդ են վկայում հեղինակավոր Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին ուսումնասիրությունները, որոնք ներկայացրել է «Ազատություն» ռադիոկայանը:

Աշխարհի 124 երկրում կատարված այդ հետազոտության նպատակն է պարզել՝ ինչպես են իրենց կյանքը գնահատում տեղաբնակները եւ ինչ են ակնկալում առաջիկա հինգ տարիների ընթացքում: Պատկերը ստանալու համար յուրաքանչյուր մասնակցի առաջարկվել է գնահատել իր առօրյա կյանքը 10 բալլանոց համակարգով: Հայաստանում, ըստ այդմ, մեծամասնությունը՝ 50 տոկոսից ավելին, սեփական կենսամակարդակը գնահատել է 4-7 բալլի սահմաններում: Բնորոշելով այս խումբը՝ Gallup-ը փաստում է. «Այս մարդիկ վարում են չափավոր կամ անկայուն կյանք, զուսպ կամ բացասական կարծիք ունեն իրենց ներկայի եւ ապագայի վերաբերյալ, նրանք կա՛մ որոշակի խնդիրների են բախվում ներկայումս, կա՛մ կարծում են, որ դրանք կունենան առաջիկայում, մտահոգվում են փողի պակասից եւ, որպես կանոն, ծխում»: Առավել վատ է իրավիճակը երրորդ՝ տառապողների խմբում, որտեղ ընդգրկվել է Հայաստանում հարցվածների մոտ մեկ երրորդը: Ըստ այդմ, Հայաստանում յուրաքանչյուր երեքից մեկը բացասական ակնկալիք ունի ապագա հինգ տարիներից, որպես կանոն՝ խնդիրներ ունի հանապազօրյա հաց վաստակելու, օթեւանի, առողջության ու դրա պահպանման հետ: Սեփական կենսամակարդակին 7-ից բարձր միավոր է տվել Հայաստանում հարցվածների 12%-ը: Նրանք, ըստ Gallup-ի, կայուն եւ բարգավաճ կյանք են վարում, դրական ակնկալիքներ ունեն ապագայից, բավական հազվադեպ են բողոքում առողջությունից եւ, որպես կանոն, ապրում են երջանկության մեջ: Ընդ որում, Հայաստանում, ըստ հարցումների, բարեկեցիկ կյանք վարողների թիվը 2 տոկոսով ավելի է, քան Ադրբեջանում եւ Վրաստանում:
Հարեւան երկրներում, սակայն, առավել շատ են միջին՝ գոյատեւող խմբի ներկայացուցիչները եւ ավելի քիչ՝ տառապողները:
Ընդհանուր առմամբ, բարեկեցության առումով առաջին հորիզոնականներում են Դանիան, Շվեդիան եւ Կանադան, որտեղ սեփական կյանքը բարգավաճ է գնահատում բնակչության 70%-ը եւ ավելին, մինչդեռ տառապողների թիվը հասնում է 1%-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել