Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՍԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՆՔ, ՄՅՈՒՍ ԿԵՍՆ ԷԼ՝ ՊՈՉԱՄԲԱՐ

Ապրիլ 23,2011 00:00

 Ահազանգում են բնապահպանները

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընդերքօգտագործման արտոնագիր ունի մոտ 500 հանք շահագործող կազմակերպություն: Կառավարությանը մտահոգել է այն, որ հանքերի մեծամասնությունն այսօր գործում է ոչ օրինական դաշտում՝ շահագործելով գյուղատնտեսական նշանակության հողեր: Կառավարության որոշմամբ՝ այսուհետեւ հողերի սեփականատերերն եւ ընդերքշահագործողները հնարավորություն կունենան ավելի կարճ ժամկետներում (առավելագույնը՝ 2 ամսում) փոխել հողերի կատեգորիան:
«Եղած հանքերը շահագործելը հասկանալի է, նոր հանքերի տրամադրումը՝ կործանարար: Ավելի լավ է՝ եղած պոչամբարները մշակեն ու որպես երկրորդական հումք օգտագործեն, ոչ թե նպաստեն նոր հանքերի ավելացմանը: Այսպես եթե շարունակվի, Հայաստանի կեսը կդառնա հանք, մյուս կեսն էլ՝ պոչամբար: Ակնհայտ է, որ կառավարության նոր որոշումը ընդլայնելու է հանքօգտագործման գործընթացը: Սա հարված է ե՛ւ տուրիզմի, ե՛ւ գյուղատնտեսության զարգացմանը, ե՛ւ երկրի գոյատեւմանը, նաեւ՝ բնակչության առողջությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Կառավարության այն որոշումը, որով, եթե տեղական ինքնակառավարման մարմինները ինչ-ինչ պատճառներով ձգձգեն ստացված դիմումների ընթացքը, ապա հողերի կատեգորիան կփոխվի առանց նրանց համաձայնության, տիկին Դանիելյանի գնահատմամբ, տեղական իշխանությունների իրավունքների կոպիտ խախտում է:
«Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ համոզված է, որ հողերի կատեգորիան կարճ ժամկետում փոխելու հնարավորությունը հանքերն ավելի անվերահսկելի է դարձնելու. «Համայնքը հողերը շահագործման հանձնելու դիմաց չնչին գումարներ է ստանալու, բայց արդեն չի կարողանալու վերահսկել շահագործողին: Սուբյեկտն ինչ ուզի՝ անելու է այդ հողի վրա: Հանքօգտագործողները հեշտությամբ կփոխեն հողի կատեգորիան ու ավելի անխնա կօգտագործեն՝ աջ ու ձախ թափելով թափոններ: Գյուղատնտեսությանը հասցվող վնասներն են մեծանալու»: Ու եթե կառավարությունն իր այս որոշումը հիմնավորում է համայնքներին հասցված վնասների վերականգնմամբ՝ մեկնաբանելով, թե ընդերքօգտագործողները մինչ այսօր վարձակալական վճարը մուծել են կադաստրային արժեքին համապատասխան՝ մեծ վնասներ հասցնելով համայնքային բյուջեներին, ապա տիկին Զարաֆյանը վստահ է. «Շատ համայնքներ սկսելու են դժգոհել, որ նույնիսկ առանց իրենց համաձայնության հողի կատեգորիան փոխվելու է: Համայնքը ինքը պետք է որոշի՝ նպատակահարմա՞ր է փոխելը, արդյունաբերության համար օգտագործելը: Սա շատ վատ որոշում է, որը օգտակար է միայն հանքօգտագործողներին»:
Հանքարդյունաբերությամբ զբաղվող «Մանանա սթոուն» ընկերության սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանն էլ «Առավոտին» ասաց, որ հանք շահագործելու համար ձեռք բերվող լիցենզիան արդեն իսկ բավականին ծախսատար ու ժամանակատար է. «Իմ կարծիքով՝ հողի կատեգորիայի փոփոխությունը պետք է մտնի լիցենզիոն գործընթացի մեջ: Գործարարն ի՞նչ գործ ունի այդ որոշումների հետ: Չէ՞ որ դրանք պետական խնդիրներ են: Տվե՞լ են մեզ հանք շահագործելու իրավունք, ուրեմն հողի իրավունքն էլ հետը միասին պետք է տրվի: Այս դեպքում միայն հեռու կմնանք թե՛ քաշքշուկներից, թե՛ կոռուպցիոն ռիսկերից»: Պարոն Նիկողոսյանի խոսքով, օրենքի համաձայն, հանք շահագործման իրավունքը ձեռք բերելու համար 3 ամիս է հարկավոր, բայց փորձը ցույց է տալիս, որ համայնքները շատ դանդաղ են աշխատում, ու թույլտվությունը ամիսներ է տեւում. «Ավելորդ քաշքշուկներ, ծախսեր, բայց այս որոշումն էլ, կարծում եմ, ոչինչ չի փոխի. գործընթացը արագացնելու համար պետք է փոփոխությունները լիցենզիոն գործընթացում ներառեին»:
 Տնտեսագետ Հարություն Մեսրոպյանն էլ կարծում է, որ Հայաստանում շատերը հանքարդյունաբերության մոլուցքով են տառապում: «Բոլոր ռեսուրսները ուղղակի շահագործում ենք, ինչի արդյունքում անհամաչափ հարկային մուտքեր են լինում, անհամաչափ՝ աղտոտում, պոչեր է, որ առաջանում են: Մի քանի կոպեկ բյուջե է գալիս, բայց միլիարդներ է, որ կորցնում ենք, հողերն էլ՝ փչացնում»: Նրա կարծիքով՝ հողերի կատեգորիայի փոփոխության հարցը բարձրացնելու փոխարեն՝ կառավարությունը պետք է հանքարդյունաբերությունը կրճատի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել