Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը լիազորությունների ընդարձակում է ուզում

Ապրիլ 23,2011 00:00

\"\"Որպեսզի պաշտպանի մարդկանց՝ դատարաններից

«Դատարանները կոչված են պաշտպանել մարդկանց իրավունքները պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից եւ այլ մարդկանցից, մինչդեռ հաճախ մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի անդրադարձում, որը տարածել է Պաշտպանի գրասենյակի մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: Ըստ Պաշտպանի՝ 2010 թվականին արդար դատաքննության իրավունքի պաշտպանության խնդրանքով հասցեագրված դիմումները կազմել են բողոքների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը. «Օրենքով իմ լիազորությունն է մարդկանց պաշտպանել բոլոր պետական մարմիններից՝ բացառությամբ դատարանների: Առանձին դատավորների անարդարության, դատական իշխանության բարձրագույն ղեկավարության ակնհայտ թերացումների եւ դատական համակարգի անկատարության պայմաններում մարդիկ կորցնում են արդարության զգացումն ու, որպես դրա հետեւանք, ծայրահեղ հիասթափվում պետական բոլոր ինստիտուտներից,- նշել է Անդրեասյանն ու հավելել։- Միջազգային կազմակերպությունների եւ տարբեր փորձագետների գործուն ջանքերով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրվեց այն մոտեցումը, որ դատական համակարգը բացարձակ անկախ լինի բոլորից եւ ամեն ինչից: Այնինչ դատական անկախություն նշանակում է արդարամիտ եւ բարեխիղճ դատավորի ազատություն ամեն տեսակ ճնշումներից, այլ ոչ թե դատական համակարգի անպատասխանատու մեկուսացում եւ սեփական արատների մեջ բյուրեղացում»:
Պաշտպանի կարծիքով՝ այսօր, ըստ օրենքի, դատավորի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է կամ վերադաս դատարանը, կամ մեծամասամբ դատավորներից կազմված Արդարադատության խորհուրդը. «Այսօր, իմ խորին համոզմամբ, դատավորն անկախ չէ որպես անհատ, քանի որ կարող է ճնշման ենթարկվել դատական իշխանության բարձրագույն ղեկավարության կողմից: Այսօր այդ ղեկավարությունը հաշվետու եւ պատասխանատու չէ հանրության առաջ, քանի որ չկան իրավական մեխանիզմներ դատական համակարգի իրավաչափ վերահսկողության համար: Ներպետական դատական համակարգում եղած անարդարության զսպման հնարավոր իրական եւ իրավական միակ մեխանիզմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, ինչի մասին վկայում է այս ատյանին ուղղվող դիմումների քանակի էական աճը»:
Կարեն Անդրեասյանը նշել է, թե իր լիազորությունները դատական համակարգում չափազանց սահմանափակ են: «Ես չեմ կարող միջամտել ոչ մի խնդրի, որը ենթակա է դատարանի կողմից քննության: Ես չեմ կարող նույնիսկ գնահատական տալ որեւէ գործի, երբ այն գտնվում է դատարանի վարույթում: Արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համար 2011 թվականի հունվարից օրենքով ինձ տրվել է միայն մեկ լիազորություն, այն է՝ երբ գործը դատարանում վերջնական ավարտվել է, եւ այլեւս հնարավոր չէ որեւէ կերպ ազդել մարդու տվյալ իրավունքի պաշտպանության վրա, Պաշտպանը կարող է Արդարադատության խորհրդին հաղորդել դատավորի կողմից թույլ տրված ապօրինության մասին, ինչի հետեւանքով դատավորին կարող են ենթարկել պատասխանատվության, ընդհուպ մինչեւ՝ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- արձանագրել է ՄԻ Պաշտպանը:
Հ. Գ. Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը մշակել էր այն օրինագիծը, որով ապաքրեականացվեցին վիրավորանքն ու զրպարտությունը, բայց նախագիծը, ըստ էության, դարձավ մամուլին ճնշելու գործիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել