Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ Է ԸՆԴԱՌԱՋ ԳՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 23,2011 00:00

\"\"Քաղաքական ուժերը վստահ չեն, որ կկայանա իշխանություն-ընդդիմություն՝ ՀԱԿ, երկխոսություն

Դատաիրավական համակարգին ցուցում տալով՝ վերանայել մարտիմեկյան գործերը, ցանկություն հայտնելով նոր բացահայտումներ եւ առաջընթաց տեսնել այդ գործերում, հնարավոր բացահայտումներն իր պատվի ու արժանապատվության հարթությունում դիտարկելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թերեւս որոշեց խաղը շարունակել «բաց քարտերով», ինչը շատ ձեռնտու է նաեւ ՀԱԿ-ին՝ ապրիլքսանության հանրահավաքից առաջ, որին «ջրբաժան» անվանումը տրվեց: Կամա թե ակամա, ստացվում է, որ ՀՀ առաջին եւ երրորդ նախագահների թիրախը դառնում է ՀՀ երկրորդ նախագահը, քանի որ ամեն ինչից զատ, մարտիմեկյան իրադարձությունների օրերին իրավաբանորեն ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, եւ դրանց բացահայտումները չի բացառվում, որ Քոչարյանի օգտին չլինեն: Մանավանդ, որ հայաստանյան քաղաքական շրջանակներում քիչ չեն մարդիկ, ովքեր այդ ամենը Քոչարյանի «ձեռքի գործն» են համարում:
Ինչպես են ՀԱԿ-ից դուրս գործող հայաստանյան քաղաքական ուժերը եւ անհատ գործիչները վերաբերվում մարտի 1-ը երեք տարի անց բացահայտելու ՀԱԿ-ի պահանջին եւ դրան ընդառաջ արված իշխանության քայլերին: Արդյոք այս ֆոնի վրա ծնվող Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան, ասել է թե՝ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն ուղղվա՞ծ է Ռոբերտ Քոչարյանի դեմ: «Առավոտի» այս հարցերին ի պատասխան՝ պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս հնչակյան Վահան Շիրխանյանը նկատեց. «Որ մարտի 1-ը ծանրացել է ընդհանրապես Հայաստանի եւ Հայաստանի պատմության, ամեն մի հայի վրա՝ փաստ է: Որ դա պետք է բացահայտվի միայն նրա համար, որպեսզի այլեւս չկրկնվի, նույնպես ակնհայտ է: Որ դա հնարավոր է բացահայտել՝ ես չեմ կասկածում, եթե լինի համապատասխան կամքը եւ ցանկությունը: Ես քանիցս եմ ասել, որ դա Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած վերջին, մեղմ ասած, վատությունն էր Հայաստանի Հանրապետությանը»: Իսկ թե ո՞ւմ կամ ինչի՞ դեմ կամ կողմ կլինի ՀՀ առաջին եւ ներկայիս նախագահների հնարավոր համագործակցությունը, Վահան Շիրխանյանն ասում է, որ դա կախված կլինի հենց կողմերից. «Նայած, թե հիմքում ինչ կդնեն, եթե, իհարկե, այդպիսի համագործակցություն լինի: Անկեղծ ասած, ես կասկածում եմ, որ դա հնարավոր լինի»: Թե ի՞նչ հիմքեր ունեն մեր զրուցակցի կասկածները, այն պարագայում, երբ վերջին մի քանի օրերի իրադարձությունները գրեթե ակնհայտ են դարձնում ամեն ինչ, Շիրխանյանն ասաց. «Ես չգիտեմ, իշխանություններն ընդառա՞ջ են գնում, թե՞ ամեն մի գործ իր ընթացքին համապատասխան լուծում է ստանում: Բայց համագործակցությունը լինում է, երբ որ նպատակների համատեղելիություն կա: Կա՞, արդյոք, քաղաքական նպատակների համատեղելիություն ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ: Եթե կա՝ համագործակցություն կլինի, եթե չկա՝ այս ամենը ձեւական է կամ այլ խնդիր է հետապնդում»:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ 2008-ից մինչ օրս նաեւ «Ժառանգության» եւ ընդդիմադիր կեցվածքով բոլոր նախաձեռնությունների օրակարգում եղել է մարտի 1-ը բացահայտելու պահանջը: «Ես չեմ ուզում այնքան միամիտ լինել եւ կարծել, որ իշխանությունն ընդառաջ է գնում այդ պահանջներին: Իրականում, գոնե մեզ համար, մի բան ակնհայտ է՝ ինչ-ինչ տարբեր պատճառներով միջազգային հանրությունը հիշել է մարտի 1-ը եւ Հայաստանի չկատարված պահանջները: Ոմանց համար դա կարեւոր է՝ ապագա ընտրությունների ազատ եւ արդար երաշխավորման համար, ոմանց համար՝ ղարաբաղյան հարցի համատեքստում, այլոց համար՝ հայ-թուրքական գործընթացն առաջ շարժելու: Հիմա, իմ գնահատմամբ, Հայաստանի իշխանությունները փորձում են միջազգային հանրության կողմից սառեցված կոնֆլիկտներով ցույց տալ, որ ինչ-որ բան անում են: Տվյալ պարագայում ես սա կհամարեմ միջազգային հանրություն-ՀՀ իշխանություն դաշտում տեղի ունեցող երեւույթ, որը, իհարկե, ունի համընկնումներ ներքին խնդիրների հետ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Իրականում մեր զրուցակիցը ոչ մի պախարակելի բան չի տեսնում նրանում, որ ստեղծված իրավիճակում եւ ՀԱԿ-ը, եւ «Ժառանգությունն» ակտիվանում են եւ փորձում են Հայաստանի ժողովրդավարության համար օգուտներ ստանալ: Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հնարավոր տանդեմը ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ուղղվածություն կարող է ունենալ, բայց նաեւ չի կարծում, որ թիվ մեկ նպատակը դա կլինի:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն առավել գործնական տոնից սկսեց. «Մարտի 1-ի բացահայտումը խոսքերով չի, այդ խոսքերն արդեն քանի տարի է՝ լսում ենք: Կամ բացահայտվում է, կամ՝ ոչ: «Ակտիվացնել նախաքննությունը» բառերն ինձ համար հասկանալի չեն: Բա մինչեւ հիմա ի՞նչ էին անում: Կարելի՞ է ենթադրել, որ դրել էին մի կողմ ու մոռացել էին այդ մասին»: Արամ Կարապետյանը նաեւ որեւէ կերպ չի տեսնում ՀԱԿ-ի նման պահանջը եւ ընդհանրապես չի հասկանում, թե ինչո՞ւ որեւէ ընդդիմադիր ուժ պետք է պահանջի պետական մարմիններից կատարել իրենց պարտականությունները: Նաեւ ուզում է իմանալ, թե ինչ է լինելու, եթե հանկարծ նորից չբացահայտվեց: Իսկ դա, ըստ նրա, ամենահավանականն է: «Իշխանությունը փորձում է իրավիճակ ստեղծել, որպեսզի ընդդիմությունն ավելի կարծր գործողությունների չգնա». սա է ներկայիս զարգացումների մեկնաբանությունը՝ ըստ Արամ Կարապետյանի: Սերժ Սարգսյան-Տեր-Պետրոսյան համագործակցությունը եթե կայանա զուտ իշխանություն կիսելու համատեքստում, ապա, ըստ մեր զրուցակցի, դա կլինի «ընդդեմ հայ ժողովրդի»: Եթե լինելու են պայմանավորվածություններ Քոչարյանի սեփականությունը կիսելու հարցում՝ կլինի «քոչարյանական էլիտայի դեմ»: Եթե երկու նախագահները կպայմանավորվեն Հայաստանում համակարգային փոփոխությունների հասնելու, լիովին նոր իրավիճակ ստեղծելու շուրջ, ինչի մասին խոսում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա դա, ըստ Արամ Կարապետյանի, կլինի «հայ ժողովրդի օգտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել