Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍԻՐԵՆՔ, ԹԵ ՉՍԻՐԵՆՔ՝ ԱՅՆ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾՈՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Ապրիլ 23,2011 00:00

\"\"Ըստ Ֆերհաթ Բորաթավի, իրական քաղաքականության մեջ մեծ դեր են խաղում նավթն ու գազը, եւ Թուրքիայի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը կարեւոր է:

Վաղը՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ի թիվս աշխարհի տարբեր երկրների, թուրքական մի քանի քաղաքներում եւս հիշատակի միջոցառումներ կանցկացվեն: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այն այս տարի զանգվածային բնույթ կկրի:
Այս հանգամանքն, ըստ մի շարք թուրք մտավորականների, վերլուծաբանների, նորություն է թուրք հասարակության մեջ: «2 տարի առաջ այդ օրը մի փոքրիկ միջոցառում եղավ, այս անգամ անհամեմատ մեծ կլինի: Առաջին անգամ այդ ակցիաներին նաեւ իսլամական մի քանի կազմակերպություններ կմասնակցեն: Սա կարեւոր հանգամանք է հիշողությունը բացահայտելու համար»,- երեկ CNN Turk-ում «Առավոտի» եւ հայաստանյան եւս չորս լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց CNN-ի թուրքական ծառայության խորհրդատու Ֆերհաթ Բորաթավը: Վերջինս մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ զոհերի հիշատակի օրը Թուրքիայում անսպասելի պատահարներ դժվար թե լինեն. «Թուրքական մեդիայում ապրիլը կոչում ենք հայկական ամիս, եւ թուրքական լրատվամիջոցները միշտ լուսաբանում են թուրք-հայկական հարաբերությունները: Բայց երբ գալիս ենք Հայաստան, հասկանում ենք, որ Հայաստանում այս թեմայի շուրջ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է, իսկ Թուրքիայում ակնհայտորեն այն այլեւս առաջնահերթ քննարկվող թեմա չէ»:
Ֆ. Բորաթավի փոխանցմամբ, ինչպես տարածաշրջանի մյուս երկրներում, Թուրքիայում եւս մեդիան շատ քաղաքականացված է, ինչն իր անդրադարձն է ունենում առանց այդ էլ մասնատված թուրք հասարակության վրա. «Վերջին տարիներին կառավարությանն աջակցող լրատվամիջոցներն ավելի են հզորացել, նրանց ձայնն ավելի լսելի եւ ազդեցիկ է դառնում: Չնայած այս ամենին, Թուրքիայում մեդիան միշտ եղել է ավելի ժողովրդավար»: Ըստ նրա, թուրք հասարակությունը երիտասարդ է եւ վերջին քսան տարիներին արագ տեմպերով եւ արմատականորեն փոխվում է: Թուրքիայում նախընտրական շրջան է, ընտրություններից հետո պարզ կլինի, թե ինչ ազդեցություն կունենա նոր սահմանադրությունը այդ փոփոխությունների համատեքստում:
«Առավոտի» խնդրանքով Ֆ. Բորաթավն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին եւ արձանագրությունների ստորագրման տապալման պատճառներին: Նա, փաստորեն, եւս մեկ անգամ կրկնեց վերջերս Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը, թե հայ-թուրքական արձանագրությունների հարցում իրենք «տանգո» պարում են ոչ թե երկու, այլ չորս կամ հինգ հոգով: «Իմ պատկերացմամբ՝ ամենակարեւոր զարգացումը, որ պատահել է վերջերս, այն է, որ տեսնում ենք, թե քանի ընտանիք է ամեն օր հայտարարում, որ իր տատը կամ պապը հայ է: Այս մասին մի քանի ֆիլմ է նկարահանվել, գրքեր են տպագրվել եւ այլն: Այսպես բացահայտվում է ողջ հիշողությունը: Նախորդ տարի Ստամբուլի հայկական ճարտարապետությանը նվիրված մեծ ցուցահանդես բացվեց Ստամբուլում, շատերը զարմանքով ընդունեցին, որ տասնիններորդ դարի Ստամբուլի ճարտարապետական շենքերի մեծ մասը հայ ճարտարապետների ձեռքի աշխատանքն է: Այս փոփոխությունները կարեւոր են, եւ այս համատեքստում արձանագրություններն ինձ համար երկրորդական նշանակություն ունեն, որովհետեւ սահմանն այսօր կարող է բացվել, վաղը նորից կարող ենք փակել: Այստեղ հայերին ատելու եւ ադրբեջանցիներին սիրելու խնդիրը չէ. սա կոչվում է իրական քաղաքականություն, որտեղ մեծ դեր են խաղում գազը, նավթը եւ այլ հանգամանքներ: Թուրքիան առաջիկա տարիներին հավակնում է դառնալ էներգետիկ միջանցք Եվրոպայի համար: Եվ այս տեսանկյունից մեզ համար Ադրբեջանի հետ համագործակցությունը շատ կարեւոր է, եւ Ադրբեջանն իր կշիռն ու դերն ունենալու է հայ-թուրքական հարաբերություններում: Ուզենք, թե չուզենք՝ սա պետք է հաշվի առնենք»,- պատասխանեց նա:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների չստորագրումը ղարաբաղյան հարցի հետ կապելուն, նա հայտարարեց. «Թուրքիայի դիրքորոշումն այս պարագայում պարզ է՝ Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտնի լուծելու հետեւյալ կերպ՝ ազատել յոթ շրջաններից առնվազն մեկը: Թուրքերի մաքսիմալ պահանջն էր Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, բայց մենք սկսեցինք մինիմումով՝ բարի կամքի դրսեւորումով, եւ նույնը Ամերիկայի եւ Ռուսաստանի պահանջն էր: Այս հարցը համալիր է, սա ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ Մինսկի խմբի սեղանին է դրված, իսկ Ռուսաստանը Թուրքիային խոստացել էր հարցն այս կերպ զարգացնել»:
Հ. Գ. Նյութը պատրաստվել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության եւ թուրքական GPOT կենտրոնի աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել