Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց նաեւ մրցահարթակից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին:
– Պարոն Խաչատրյան, Կազանում երկամարտի արդյունքով ոսկե մեդալների բացակայության առումով հայ մարզասերի ակնկալիքները, կարծես, չարդարացան Եվրոպայի առաջնությունից:
– Դա, հավանաբար, ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի ընտրած ռազմավարության մասին ամբողջական տեղեկատվություն չունենալու արդյունք է: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեդերացիայի առջեւ խնդիր է դրել՝ Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունում ավելացնել տղաների օլիմպիական վարկանիշների քանակը եւ 2012 թվականի օլիմպիական խաղերում Պեկինի արդյունքները գերազանցել: Ու ոչինչ չի խնայում մեր հավաքականների բոլոր թեկնածուներին մարզումային լավագույն պայմաններով ապահովելու համար՝ սկսած նրանց ֆինանսական հարցերը հոգալուց, վերջացրած ժամանակին վնասվածք ստացած առաջատար ծանրորդների բարձրակարգ բուժումն ու վերջնական ապաքինումը կազմակերպելը: Վերջինի հետ կապված խնդիրները, փառք Աստծո, արդեն ետեւում են ու Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Նազիկ Ավդալյանը, Առաքել Միրզոյանը, Մելինե Դալուզյանը, Արա Խաչատրյանը, Ռուբեն Ալեքսանյանը մարզվում են եւ աստիճանաբար լավագույն մարզավիճակ ձեռք բերում: Ու նաեւ դա էր պատճառներից մեկը, որ Եվրոպայի առաջնություն մեկնած տղաների հավաքականը համալրված էր գերազանցապես 2-րդ եւ 3-րդ համարներով:
Կազանում չնվաճած ոսկե մեդալների մասին: Աշխարհը տեսավ, որ 77 կգ քաշային կարգում հաղթեց Արայիկ Միրզոյանը: Եվ միայն ու միայն մրցավարական կոպիտ սխալի պատճառով զրկվեց չեմպիոնի կոչումից: Իսկ ընդհանրապես, խաղարկված 45 մեդալներից 13-ը նվաճել ենք մենք, այն էլ, կրկնում եմ, երկրորդ եւ երրորդ կազմով: Հենց նույն Արայիկ Միրզոյանը 77 կգ քաշային կարգում Հայաստանի երրորդ համարն է՝ Տիգրան Գ. Մարտիրոսյանից եւ Առաքել Միրզոյանից հետո: Անգամ այդպիսի կազմով մեր տղաները թիմային պայքարում վաստակած միավորներով չորրորդը ճանաչվեցին երեք տասնյակից ավելի երկրների հետ պայքարում, որոնք հանդես էին գալիս ուժեղագույն կազմերով: Սա վա՞տ արդյունք է: Հայաստանը Չինաստան կամ Ռուսաստան չէ, որ ամեն մի մրցման հավասարազոր տարբեր հավաքականներ հանի:
– Կազանում մրցահարթակ մտած մարզիկներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարեցի՞ն:
– Ոմանք՝ այո, ոմանք էլ՝ ոչ: 69 կգ քաշում 21-ամյա Վանիկ Ավետիսյանն անցած տարի Լիմասոլում կայացած Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ցույց էր տվել 135+167 կգ, վեց ամիս հետո Կազանում՝ 138+174: Նույն քաշային կարգում Սամվել Գրիգորյանը, որ առաջին անգամ էր միջազգային ասպարեզ ելել, բարձրացրեց 140+173, ինչը վատ ցուցանիշ չէ: Արայիկ Միրզոյանը Լիմասոլում՝ 155+186, Կազանում՝ 160+187: Գեւորիկ Պողոսյանը երկրորդ անգամ էր հանդես գալիս 94 կգ քաշային կարգում: Անթալիայում նրա արդյունքը 170+210 էր, Կազանում՝ 173+216: Եթե որեւէ մեկը կասի, թե 27-ամյա մարզիկի համար վեց-յոթ ամսվա ընթացքում երկամարտի արդյունքը 9 կգ-ով բարելավելը վատ ցուցանիշ է, ուրեմն ես եւ մեր մասնագետները ծանրամարտից ոչինչ չենք հասկանում: Դժգոհ եմ Աղասի Աղասյանից: Նա հավաքների ժամանակ հրումում սանձել է 190, 195 կիլոգրամները, սակայն Կազանում զրո ստացավ: Հոգեբանորեն չդիմացավ լարվածությանը: Այդպես եղել էր նաեւ Լիմասոլում: Սակայն նա դեռ իրեն դրսեւորելու հնարավորություն կունենա Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Հավաքների ժամանակ իր կիլոգրամներին չմոտեցավ 85 կգ քաշային Էդգար Գեւորգյանը: Բայց նա արդեն 29 տարեկան է եւ այս առաջնությունում ցանկանում էր, գուցե, վերջին անգամ իր խոսքն ասել: Իմ կարծիքով, Էդգարի մարզական կարիերան մոտենում է ավարտին: Իր հնարավորություններից թույլ հանդես եկավ նաեւ 105 կգ քաշային Արթուր Բաբայանը: Հատուկ կուզենայի խոսել 56 կգ քաշային կարգում հանդես եկած Սմբատ Մարգարյանի մասին, որը տուժեց իր անձնական մարզչի պատճառով: Սմբատի 18 տարին նոր է բոլորելու: Նա աճող օրգանիզմ է: Ես բազմիցս եմ ասել, որ այդ պատանին 56 կգ քաշային կարգում այլեւս անելիք չունի եւ պետք է բարձրանա 62 կգ քաշային կարգ: Բայց մարզիչը պնդեց, համոզեց թե Սմբատին, թե մեզ, որ ավելի լավ է քաշը գցի եւ Կազանում լավ կմասնակցի: Արդյունքն ինքներդ տեսաք: Իսկ աղջիկների մասնակցությունը գերազանց էր: Էլեն Գրիգորյանը (53 կգ) իր անձնական ցուցանիշը երկամարտում ավելացրեց 10-11 կիլոգրամով, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը, որ մասնակցում էր ոտքի վնասվածքով, 114+141=254 կգ-ով բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան:
– Իսկ մեր առաջին համարները կհասցնե՞ն Փարիզում մարզավիճակի լավագույն վիճակում լինել:
– Եկեք ժամանակից առաջ չընկնենք: Մի հետաքրքիր օրինակ բերեմ ու ամեն բան պարզ կլինի: Ծանր քաշայինների պայքարից առաջ զանգեցի Ռուբեն Ալեքսանյանի հորը, որը նրա անձնական մարզիչն է, եւ խնդրեցի, որպեսզի այդ օրը Ռուբենն այստեղ իր մարզադահլիճում հեռակա կարգով մրցի Կազանում պայքարող ծանրորդների հետ: Եվ գիտե՞ք ինչ եղավ: Այստեղ Ռուբենը պոկեց 190, հրեց 240, իսկ Կազանում չեմպիոն հռչակված ռուսաստանցի Դմիտրի Լապիկովը ցույց տվեց 192+227 կիլոգրամ:
– Այդ դեպքում Ալեքսանյանին ինչո՞ւ չէիք ընդգրկել հավաքական:
– Պեկինի օլիմպիական խաղերի փորձից ելնելով: 2008 թվականին Լիգնանոյում մենք Եվրոպայի չորս չեմպիոն էինք տվել եւ արդեն Պեկինում մեր մարզիկները շատ փորձությունների ենթարկվեցին: ՎԱԴԱ-ն կենտրոնացել էր մերոնց վրա, սպասում էր: Ճիշտ է, մենք խնդիր չունինք, որովհետեւ բոլորն էլ մաքուր էին: Բայց օլիմպիական ավան մտնելու հենց առաջին օրվանից մեր ծանրորդները ամեն օր դոպինգ- ստուգման համար մեզ ու արյուն էին հանձնում: Եվ դա այն դեպքում, երբ յուրաքանչյուրը մի քանի կիլոգրամ քաշ էր գցել: Քաշ գցելը դժվար գործընթաց է: Դրան գումարեք այդ վիճակում մոտ 150-200 գրամ արյուն, այսինքն՝ սնունդ հանձնելը: Տիգրան Մարտիրոսյանից օրական 60-80 գրամ արյուն էին վերցնում: Սպորտում նաեւ պետք է դիվանագետ ու շրջահայաց լինել: Այսօր միջազգային ֆեդերացիայի անդամ 187 երկրներն ամեն օր հետեւում են հիմնականում եվրոպական երկրների առաջատար հավաքականներին, այդ թվում՝ նաեւ մեզ, որպես աշխարհի 10 առաջատարներից մեկը:
Երկրորդ կազմով մեկնելը մի ուրիշ շատ կարեւոր նշանակություն էլ ուներ: Ու գիտե՞ք ինչու: Որպեսզի մեր երկրորդ համարները չկոտրվեն, չկորչեն: Նրանք, որ պակաս քրտինք չեն թափում եւ արդյունքներով, բացառված չէ, որ հետագայում գերազանցեն առաջիններին, որտե՞ղ եւ ե՞րբ պիտի մասնակցելու եւ հաղթելու հնարավորություն ունենան: Էլի օրինակ բերեմ Արայիկ Միրզոյանին: 77 կգ քաշային այդ ծանրորդը քանի՞ տարի պետք է սպասի, մինչեւ Տիգրան Մարտիրոսյանն ու Առաքել Միրզոյանը որոշեն անցնել այլ քաշային կարգ կամ թողնել մեծ սպորտը: Ավելի շուտ ինքն այլեւս չի սպասի ու կհեռանա՝ այդպես էլ իր նպատակները կիսատ թողնելով:
Այնպես որ, օլիմպիական կոմիտեն, ֆեդերացիան անում են ամեն բան՝ մարզասերներին հուսախաբ չանելու համար: Նոյեմբերին եկեք Փարիզ ու այնտեղ կտեսնեք, թե ով՝ ով է: