Պետությունները պետք է հետեւեն, որ դպրոցներում կրոնի դասավանդումը չվիրավորի աշակերտների ծնողների համոզմունքները: Այդ մասին ասվում է ԵԽԽՎ-ի հանձնարարականների մասին նախագծում:
«Պետության չեզոքության սկզբունքը կիրառելի է դպրոցում կրոնական կրթության դեպքում, եւ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի՝ պետական իշխանության մարմինների խնդիրն է խստորեն հետեւել, որպեսզի չվիրավորվեն կրոնասեր կամ ոչ կրոնասեր ծնողների համոզմունքները»,- ասվում է նախագծում:
Այդ փաստաթուղթն ընդունվել է ապրիլի 12-ին մշակույթի, գիտության եւ կրթության հանձնախմբի «Միջմշակութային երկխոսության կրոնական չափումը» թեմայով զեկույցի քննարկումից հետո:
«Վեհաժողովի կարծիքով՝ այսօրվա մարտահրավերը համաձայնության եւ բալանսի հասնելն է, որպեսզի կրոնների մասին գիտելիքների դասավանդումը փոխադարձ շփման եւ ճանաչման հնարավորություն տա»,- ասվում է բանաձեւում: ԵԽԽՎ-ը անհրաժեշտ է համարում, որ «տարբեր եկեղեցիներ եւ կրոնական միավորումներ, մասնավորապես՝ քրիստոնյաները, հուդայականները եւ մահմեդականները, ճանաչեն միմյանց»: