Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՅՆ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ, ՊԱՐԶԱՊԵՍ ԸՆԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԳԻՐԿԸ»

Ապրիլ 22,2011 00:00

Հավաստիացնում է պլաստիկ վիրաբույժը

\"\"

Որոշ մարդիկ, լսելով պլաստիկ վիրաբուժության մասին, միանգամից պատկերացնում են «ֆոտոշոփի» նման մի բան, որը մի հարվածով փոփոխելու է նրանց տեսքը՝ դարձնելու իրենց երազանքների աղջիկը կամ տղան: Այսօր, եթե որեւէ մեկին դուր չի գալիս իր տեսքը, դեմքի կամ մարմնի որեւէ հատված, ապա կարծում է, թե բժիշկների միջամտությամբ հեշտությամբ կարող է «ձեւափոխել» այն, սակայն քչերն են գիտակցում, որ դա կարող է շատ լուրջ հետեւանքներ թողնել, երբեմն էլ լինել ճակատագրական:
Պլաստիկ վիրաբուժության առավելության եւ դրա թողած հետեւանքների մասին զրուցեցինք պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանի (Լյուդվիգովիչ) հետ, որը նշեց, թե ողջունում է նրանց, ովքեր արտաքինի հետ կապված խնդիրները չեն փորձում լուծել վիրահատական եղանակով, այլ դիմում են հոգեբանի օգնությանը կամ ուղղակի համոզում են իրենք իրենց, որ այդպես շատ լավ է՝ չդիմելով կոպիտ դանակի կտրվածքին: Ինչպես ասաց Ա. Միքայելյանը, օրինակ, շատ կան աշխարհահռչակ արտիստներ, հայտնի քաղաքական գործիչներ, ովքեր երբեք չեն փորձել իրենց արտաքինը փոխել, եւ դա խոչընդոտ չի հանդիսացել նրանց համար բարձունքների հասնելու ճանապարհին. «Ես կողմ եմ այդ միջամտություններին միայն այն դեպքում, եթե այլընտրանք չկա: Վիրահատում եմ, քանի որ դա իմ պարտականությունն է որպես վիրաբույժ, բայց վիրահատում եմ ակնկալելով միայն տեսնել դրական արդյունք՝ օգնելով հիվանդին ձերբազատվել հոգեբանական խնդրից, որը խանգարում է հանգիստ ապրելուն»:
Բոլորին էլ հայտնի է, որ ՀՀ-ում առավել հաճախ վիրահատվում է քիթը: Կան անգամ մարդիկ, ովքեր իրենց քիթը «դանակի տակ են դրել» են ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, մեզ մոտ քթի վիրահատությունը դարձել է գեղեցկության սրահ այցելելու նման սովորություն: Տեղեկացանք, որ վերջին ժամանակներս հաճախացել են նաեւ մարմնի եւ դեմքի այլ հատվածների՝ կրծքերի, ականջների, ծնոտի, կոպերի վիրահատությունները, շրթունքների ներարկումները եւ այլն:
«Մեկ ամսում վիրահատել եմ 50 հիվանդի: Դա նշանակում է՝ մոտավորապես օրական 2-3 վիրահատություն եմ կատարել: Վիրահատությունների ժամանակ կիրառվում են սիլիկոններ եւ իմպլանտներ (օրինակ՝ կրծքի, ծնոտի եւ նմանատիպ վիրահատությունների դեպքում)»,- ասաց վիրաբույժը:
Ըստ մասնագետի՝ «Բոլոր տեսակի վիրահատությունները, այդ թվում նաեւ պլաստիկ վիրաբուժությունը, ունեն բարդություններ առաջացնելու հնարավորություն: Այսինքն՝ անգամ չնչին, աննշան կտրվածքը կարող է բերել շատ խնդիրների, մինչեւ անգամ կարող է ավարտվել մահվան ելքով: Խնդիրներ կարող են առաջանալ՝ գերարյունությունից, վերքերի ոչ շուտ լավացումից, ինֆեկցիաներից, որոնց պատճառով կարող են ի հայտ գալ այտուցներ, կապտուկներ եւ այլն: Օրինակ՝ մաշկի հաստության պատճառով կարող է դժվարանալ դրա կրճատումը: Մինչ վիրահատությունը գոյություն ունեցող վիրահատվող հատվածի անհամաչափությունը կարող է պահպանվել նույնիսկ վիրահատությունից հետո: Վեց ամիս անց քիթը կոտրելու պատճառով հնարավոր է վիրահատություն կատարվի երկրորդ անգամ: Իսկ շատ չնչին խնդիրների դեպքում այնքան էլ անհրաժեշտ չէ շտկումներ կատարել: Այս բոլոր նշվածները հնարավոր են տարբեր տեսակի վիրահատությունների ընթացքում: Ուստի ամեն հետեւանք կպահանջի լուծման համապատասխան ճանապարհ, մեթոդ՝՝ օգտվելով ժամանակակից նյութական հագեցվածությունից, այդ ուղղությամբ իրազեկված լինելուց, գործիքներից եւ սարքերից: Մասնագետները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի կանխեն բոլոր հնարավոր հետեւանքները՝ ստանալով որքան հնարավոր է կատարյալ արդյունք: Ամբողջ աշխարհում պլաստիկ վիրաբուժության մեջ, եւ ոչ միայն, կարող են գրանցվել տարբեր բնույթ ունեցող խնդիրներ, եւ 100%-ով դրանցից խուսափել անհնար է»:
Ինչպես բժիշկն է հավաստիացնում, իրեն բարեբախտաբար չեն հանդիպել վիրահատական այնպիսի բարդություններ, որոնց լուծումը հնարավոր չլինի գտնել կամ շտկել: Սակայն երբեք պետք չէ ասել երբեք. «Եթե ասում ենք, որ կարող է խնդիր առաջանալ հարյուրից մեկ անգամ, ապա իմ վիրահատությունների դեպքում դա կնշանակի երկու ամիսը մեկ անգամ: Ուստի, բժշկից կատարելություն պահանջելն ուղղակի անբանական է, իսկ այն վիրաբույժները, ովքեր խոստանում են իրենց հիվանդին կատարյալ, անսխալ արդյունք, պարզապես ընկնում են երազանքների գիրկը՝ չգիտակցելով, որ եթե ամեն ինչ հակառակը լինի, հենց իրենք են պատասխան տալու այդ ամենի համար»:
Ընդհանրապես, պլաստիկ վիրաբուժությունը միշտ չէ, որ հարմար է բոլորի գրպանին, սակայն Ա. Միքայելյանի խոսքերից հասկանալի դարձավ, որ փորձում են հնարավորինս հարմարվել հիվանդների պայմաններին՝ կատարելով զեղչեր. «Այո, զեղչեր անում ենք: Փորձում ենք հարմարվել եւ գնահատել մեզ դիմողներին, որոնք կատարում են միայն թղթաբանության վճարումները: Սակայն պետությունը չի ապահովում այն մարդկանց ծախսերը, ովքեր ցանկանում են «գեղեցկանալ»: Պետության խնդիրն է պահպանել իր քաղաքացու առողջությունը եւ ոչ թե հոգալ նրա էսթետիկական մանրամասների մասին»:
Գիտությունն առաջ է գնացել, ինչի շնորհիվ էլ փոփոխվել են նաեւ պլաստիկ վիրահատություններ կատարելու մեթոդները: Օրինակ՝ եթե մեկ տարի առաջ օգտագործվում էր գիբս, այսօր դրա փոխարեն բժիշկները կիրառվում են թերմոպլաստիկ հատուկ նյութ, որը եռման ջրից փափկում է եւ դառնում կպչուն՝ ընդունելով քթին համապատասխան ձեւ, իսկ առաձգականությունը չի վնասվում: «Եթե առաջ սովորական լեյկոպլաստիրը մետաքսից էր, ապա այսօր այն պատրաստված է հիպոալերգիկ հատուկ թղթից: Նույնն էլ թանզիֆները, որոնք առաջ լայն կիրառություն ունեին, այժմ ընդհանրապես չեն կիրառվում՝ թույլ տալով հիվանդներին ավելի հանգիստ շնչել: Իսկ վիրակապերը հեռացնելու ժամանակ չի զգացվում ոչ ցավ, ոչ էլ տհաճություն, քանի որ վիրահատությունից հետո դրվում են սիլիկոնային խողովակներ»,- մանրամասնեց բժիշկը:
Չնայած գիտությունը ավելի ու ավելի է զարգանում, սակայն վիրահատական միջամտության դիմելուց առաջ հարկավոր է մտածել բոլոր հնարավոր հետեւանքների մասին՝  ծանրութեթեւ անելով բոլոր պլյուսներն ու մինուսները, որպեսզի վերջում չկանգնի կոտրած տաշտակի (օրինակ՝ ուռած եւ կապտած քթի) առջեւ:
          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել