Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ՀԱՅԸ՝ BBC-ՈՒՄ

Ապրիլ 22,2011 00:00

\"\"Գերմանաբնակ բաս Վազգեն Ղազարյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր մրցույթում

Հեղինակավոր «BBC Cardiff singer of the world» միջազգային մրցույթում Հայաստանն այս տարվա հունիսին կներկայացնի Էրֆուրտի (Գերմանիա) օպերային թատրոնի մեներգիչ, բաս Վազգեն Ղազարյանը, ով 2010-ին Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացված հանրահայտ Վիոտտիի մրցույթում արժանացավ «Լավագույն բաս» մրցանակին: Տեղեկացնենք, որ 1983թ. հիմնված հիշյալ մրցույթին մեր երկիրը 1997թ. ներկայացրել է Հարություն Քոչինյանը եւ 1999-ին՝ Տիգրան Մարտիրոսյանը:
«Առավոտը» կապվեց Վազգեն Ղազարյանի հետ: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի դեկտեմբերին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացված շուրջ 700 երգիչների նախնական լսումներից ժյուրին մրցույթին մասնակցելու իրավունք է տվել 20-ին:
Հետաքրքրվեցինք, թե 2010-ին աշխարհահռչակ երգչուհի Ջոան Սազերլենդի մահից հետո ով է ղեկավարելու ժյուրին: Մեր զրուցակիցն ասաց, որ դարձյալ ընտրվել է օպերային պրիմադոննա՝ Կիրի տե Կանավան:
Հետաքրքրվեցինք մեր հայրենակցի կարիերայով: «Կարճ ժամանակահատվածում Գերմանիայի եւ եվրոպական այլ օպերային թատրոններում կատարել եմ շուրջ 30 դերերգ՝ Վերդիի «Նաբուկո», «Աիդա», Պուչինիի «Բոհեմ», Շտրաուսի «Սալոմե» եւ այլ ներկայացումներում: Բեմ եմ բարձրացել Ռումինիայի «Craiova», Լիսաբոնի «Teatro Sao Carlo» օպերային թատրոններում, հանդես եկել հանրահայտ ռեքվիեմներում (նկատի ունի Մոցարտի եւ Վերդիի), ինչպես նաեւ Ռոսինիի «Ստաբատ մատերում» եւ այլն: Անցյալ տարի նոյեմբերին Մոսկվայում Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ Վագների «Վալկիրիա» օպերայի համերգային կատարմանը մասնակցել եմ Հունդինգի դերերգով: (Ի դեպ, հայ երգչի այս կատարմանն անդրադարձել են ռուսական OperaNews.ru-ի եւ Classica.fm-ի երաժշտական քննադատները-Ս. Դ.): Նշեմ, որ դիրիժորն էր աշխարհահռչակ Քենթ Նագանոն: Այս տարիներին ունեցել եմ նաեւ մենահամերգներ եւ հյուրախաղեր»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Տեղեկացնենք, որ մինչ Գերմանիա մեկնելը, երեք տարի Վ. Ղազարյանը հանդիսացել է Ազգային օպերային թատրոնի մեներգիչ եւ հանդես եկել ընդամենը Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարմանը Զարաստրոյի դերերգով, Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում էլ Դոն Բազիլիոյի դերերգով՝ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչում»: Հարցին, թե համերգային ծրագրերում ընդգրկո՞ւմ է հայ հեղինակների ստեղծագործություններ, մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե դրանք իր մշտական ուղեկիցներն են, հավելելով, որ շատ կցանկանար ներկայացնել նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների գործեր:
Իսկ թե երբեւէ կտեսնե՞նք նրան Երեւանի օպերային թատրոնի բեմում, Վ. Ղազարյանի պատասխանը հետեւյալն էր. «Ինձ այնտեղ լավ են ճանաչում, եւ եթե իմ անհրաժեշտությունը լինի, սիրով բեմ կբարձրանամ հայաստանցի կոլեգաներիս հետ»:
Ի դեպ, Վազգեն Ղազարյանը ժամանակին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի հայտ է ներկայացրել, սակայն այդ մրցույթում նրան չեն «նկատել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել