Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ՏԵՂԵՐ ՈՒՆԻ

Ապրիլ 22,2011 00:00

Արցախում հ/կ-ների ֆինանսավորումը լուրջ հարց է

\"\"

Արցախում քաղաքացիական հասարակության ձեւավորումը սկսում է 1980-ական թվականների վերջերից՝ ազգային զարթոնքի փուլում: Ստեփանակերտի մանկավարժական համալսարանում ձեւավորվում է «Մաֆիա» անունը կրող ակումբը, որը շուտով գրանցվում է որպես «Մունք» հասարակական կազմակերպություն: Խորհրդային «պուտչից» հետո, երբ ԽՍՀՄ-ում արգելվում են բոլոր հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները, բացի Կոմունիստական կուսակցությունից եւ կոմսոմոլից՝ «Մունքի» ակտիվը գրավում է համալսարանական կոմսոմոլի պաշտոնները՝ այդպիսով լեգալ դաշտ ապահովելով գործելու համար:
1992թ. պատերազմի թեժ փուլում Ստեփանակերտում գրանցվում է անկախ Արցախի Հանրապետության առաջին հասարակական կազմակերպությունը՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92» հ/կ-ն, որը զբաղվում էր մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով: Եվ իզուր չէր այս ուղղությունը, քանզի արցախյան շարժումը շարժում էր մարդու իրավունքների՝ կյանքի իրավունքի, արժանապատիվ ապրելու իրավունքի, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն ստեղծելու իրավունքի համար:
Այնուհետեւ Արցախում ստեղծվում են այլ հասարակական կազմակերպություններ, որոնց թիվն այսօր հասնում է 17 տասնյակի: Դրանցից շատերը, ճիշտ է, գործում են թղթի վրա, միայն շուրջ մեկուկես տասնյակի հասնող կազմակերպություններ ունեն իրենց գրասենյակները եւ կարողանում են գտնել ինչ-ինչ միջոցներ՝ գործելու համար:
Ապրիլի սկզբին Եվրամիության խորհրդարանն ընդունեց մի բանաձեւ, որով խորհուրդ էր տալիս Արեւելյան գործընկերության շրջանակներում աշխատել հետխորհրդային չճանաչված եւ մասամբ ճանաչված երկրների հասարակությունների հետ: Տվյալ դեպքում խիստ կարեւորվում է Արցախում հասարակական կազմակերպությունների ներուժի բարձրացման անհրաժեշտությունը: Միջազգային հասարակական սեկտորում Արցախի ներգրավվածությունը, կապերի ստեղծումը Արցախի ճանաչման կարեւոր քայլերից մեկը պետք է լինի: Այսօր Արցախը կարող է ներգրավվել ԵՄ տարբեր ծրագրերի մեջ, ինչը, ի վերջո, բերելու է ճանաչման:
Հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման խնդիրները լուրջ հարց են այսօր Արցախում: Շատ կազմակերպություններ, չունենալով մարդկային որակյալ ռեսուրսներ, դժվարանում են գտնել հիմնադրամներ եւ ֆինանսավորման այլ միջոցներ: Արցախյան պետական աջակցությունը բավականին խոցելի տեղեր ունի: Ինչպես նշում է կառավարության ներկայացուցիչն իր մի հոդվածում՝ գործող կառավարությունը նախընտրում է առավել մեծ օգնություն ցույց տալ այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են սոցիալական խնդիրներով: (Տես Հրանտ Ալեքսանյանի «Պետությունը դեռ պետք է հստակեցնի իր հարաբերությունները հասարակական դաշտի հետ» հոդվածը «Անալիտիկոն» ամսագրի 2010թ. նոյեմբերի համարում): Սրանք հիմնականում անհայտ կորած ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների հարազատների եւ նմանատիպ միություններն են եւ ամբողջովին հասկանալի է կառավարության ցանկությունը՝ թեթեւացնել նրանց սոցիալական հոգսը: Կառավարական ֆինանսավորումից զգալի միջոցներ են ստանում նաեւ ստեղծագործական միությունները: Հատկապես քննադատության տակ է հայտնվում Արցախի գրողների միությունը՝ մշտապես կառավարությունից լուրջ ֆինանսավորում ստանալու եւ անարդյունավետ լինելու համար: Հանրային միջոցները հ/կ սեկտորին ուղղելու Արցախի կառավարության քայլերը քննադատվում են նաեւ ոչ թափանցիկ լինելու պատճառով: Եթե 2007թ.-ից առաջ հ/կ-ները հնարավորություն ունեին պետբյուջեից միջոցներ ստանալ մրցութային կարգով, ապա վերջին 3 տարում կառավարությունն ամբողջ գործընթացն առել է իր տնօրինման տակ եւ հ/կ-ների մի զգալի խումբ ֆինանսավորվում է գործադիրի ուղղակի որոշմամբ (տես նույն աղբյուրը): Այս ամենը կամայական որոշումներ ընդունելու խիստ կասկածներ է առաջացնում:
Այս պարագայում կարեւորվում է Հայաստանի Հանրապետության դերը: ՀՀ կառավարությունն Արցախի կարեւորագույն դոնորն ու վարկատուն է: ՀՀ կառավարության տված միջպետական վարկի եւ դրամաշնորհի շնորհիվ է ձեւավորվում Արցախի Հանրապետության բյուջեի զգալի մասը: Խիստ կարեւոր է, որ ՀՀ կառավարությունը ուղղակի եւ մրցութային սկզբունքով դրամաշնորհներ հատկացնի նաեւ արցախյան հասարակական կազմակերպություններին: Ցանկալի է, որ այս դրամաշնորհներն ունենան երկու ուղղություն՝ տարբեր ծրագրերի ֆինանսավորում եւ հ/կ ներուժի բարձրացում (օֆիսային պայմաններ, տեխնիկական վերազինում, որոշ դեպքերում՝ նաեւ աշխատավարձեր): Այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայերենի վատ իմացությունը, Արցախում կրթության ծայրահեղ ցածր մակարդակը, նախաձեռնողականության եւ ձեռներեցության որակների բարձրացումը, գյուղական բնակավայրերի զարգացումը, Արցախի համաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը եւ այլ խնդիրներ, պետք է լինեն ՀՀ կառավարությանն անհանգստացնող հարցերի ցանկում: Այդ հարցերի լուծման գործում ՀՀ կառավարությունը պետք է ուղղակիորեն մասնակից դարձնի նաեւ արցախյան հասարակությանը՝ ֆինանսավորելով հասարակական կազմակերպություններն ու նրանց ծրագրերը:
Շատ կարեւոր է նաեւ անկախ մամուլի ֆինանսավորումը, որը պետք է վեր հանի խնդիրները, խոսի դրանց մասին՝ ծավալելով հասարակական դիսկուսիա եւ փնտրելով լուծումներ: Օրակարգային է մի քանի անկախ ազդեցիկ լրատվամիջոցի առկայությունը: Սա նաեւ հնարավորություն կտա խույս տալ ոչ ազատ երկիր լինելու իմիջից, կմեծացնի քաղաքացիական հսկողությունը իշխանությունների նկատմամբ՝ թույլ չտալով Արցախը մղել դեպի ավտորիտարիզմ եւ կվերականգնի երկրի երբեմնի բարի համբավը միջազգային վերլուծական եւ իրավապաշտպան շրջանակներում:
Այս ամենը կբերի նաեւ անուղղակի բազմաթիվ արդյունքների: Բարձրացնելով իրենց ներուժը՝ արցախյան հ/կ-ները կկարողանան միջոցներ ներգրավել նաեւ այլ աղբյուրներից՝ ոչ պետական հատվածում ստեղծելով բարձր վարձատրվող աշխատատեղեր: Նախաձեռնողականության եւ ձեռներեցության բարձրացումը թույլ կտա այս որակներն ուղղել նաեւ այլ ոլորտներ՝ մասնավորապես միջին եւ փոքր բիզնեսի բնագավառ, ոչ ֆորմալ, այլընտրանքային կրթությունը կօգնի երիտասարդներին բարձրացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները, իսկ բուհերի համար կապահովի մրցակցություն ու բարեփոխումների գնալու խթան կլինի:
Այս համատեքստում խիստ կարեւորվում է ՀՀ-ից ուղղակի եւ մրցութային հիմունքներով աջակցությունը հասարակական հատվածին՝ խուսափելու համար անցյալի սխալներից: Հակառակ դեպքում կանգնած ենք Արցախում առկա քաղաքացիական հասարակության փշրանքները քամուն տալու եւ Արցախում մնացած մի քանի ակտիվ ու խիզախ անձանց Երեւան տեղափոխվել դրդելու վտանգի տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել