Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիակենտրոնում տեղի ունեցավ զատկական ցուցահանդես-տոնավաճառի պաշտոնական բացումը: Այն խորհրդանշական էր նրանով, որ անմիջականորեն կապված էր կենտրոնի աշխատանքների վերսկսման հետ: Ցուցասրահում ներկայացված նկարները, բացիկները, քանդակները, մետաղալարից պատրաստված կոմպոզիցիաները երեխաների ստեղծագործ մտքի ու ձեռքի աշխատանքներն են:
Կրթահամալիրն իր հագեցած տեխնիկական հնարավորություններով նպաստում է սովորելու ցանկություն ունեցող երեխաների բազմակողմանի զարգացմանը: Նա իր դռներն է բացել նաեւ մտավոր թույլ կարողություններ ունեցող երեխաների առաջ՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ նրանք էլ հասարակության լիարժեք անդամներ են: Ըստ տնօրինության, այդ իմաստով՝ կրթօջախը կարելի է համարել ժողովրդավարական սկզբունքների հետեւորդ, որը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել մարդասիրություն: