Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիան լուրջ խնդիրներ ունի խոսքի ազատության հետ

Ապրիլ 22,2011 00:00

Ըստ «Սաբահ» օրաթերթի օմբուդսման Յավուզ Բայդարի, թուրքական կառավարությունը պետք է արագ քայլեր ձեռնարկի

Տասը տարուց ավելի է, ինչ թուրքական մամուլում գործում է օմբուդսմանի կառույցը, որի նախաձեռնողներից մեկը թուրքական «Սաբահ» օրաթերթի օմբուդսման Յավուզ Բայդարն է: Երեկ Ստամբուլի Մշակույթի համալսարանում «Ինտերնյուս» հ/կ-ի եւ թուրքական «GPOT» կենտրոնի նախաձեռնությամբ մի քանի հայ լրագրողներս հանդիպեցինք Յ. Բայդարի հետ: Վերջինս կարեւոր է համարում օմբուդսմանի աշխատանքը յուրաքանչյուր լուրջ լրատվամիջոցի համար, միեւնույն ժամանակ փաստում, որ օմբուդսման պահելը թանկ հաճույք է թերթի սեփականատիրոջ համար: Ըստ նրա, շատ հաճախ ոչ թե լրագրողներն են խնդիրների հիմնական մեղավոր հանդիսանում, այլ՝ խմբագիրները: Ընթերցողների նամակները հիմնականում ուղարկվում են էլեկտրոնային փոստով, նաեւ հեռախոսազանգեր են ստանում. «Նամակների մեծ մասը վերաբերում է խմբագրականներին եւ այդտեղ տեղ գտնող կարծիքներին, որը օմբուդսմանի աշխատանքի շրջանակում չէ, եթե չես հավանում՝ մի կարդա: Այլ հարց է, եթե փաստերի խեղաթյուրումներ են լինում: Եթե լրագրողը գտնում է որեւէ թեմա, որը հետաքրքիր է համարում եւ գտնում է, որ հասարակական հնչեղություն կարող է ունենալ, ճշտում է փաստերն առնվազն երկու աղբյուրից, չպետք է մտածի հետեւանքների մասին»: Նա իր պրակտիկայի ընթացքում հիշում է միայն երկու դեպք, որ լրագրողը պատժվել է սխալ տեղեկատվություն հրապարակելու համար:
Յ. Բայդարն ասաց, որ Թուրքիայում նույնիսկ եվրոպական ստանդարտներով ԶԼՄ-ներն ահռելի թիվ են կազմում. միայն 1250-ից ավելի ռադիոընկերություն է գործում Թուրքիայում, եւ լրատվամիջոցների գովազդից ստացված գումարը տարեկան չորս միլիարդ ԱՄՆ դոլար է կազմում: «Սաբահի» օմբուդսմանի խոսքով, այս երկրում էլ մեդիա սեկտորի սեփականատերերը, ինչպես Մոսկվայում, Երեւանում կամ Ալբանիայում ու շատ այլ երկրներում, տարբեր բիզնեսներով զբաղվողներն են, եւ սովորաբար սեփականատերերի հետաքրքրությունը մամուլում ավելի մեծ կշիռ է ունենում, քան հասարակական հետաքրքրությունը: «Սա վնասում է լրագրությանը, լրագրողներին պահում թույլ դիրքերում, փչացնում լրագրողական արտադրանքը»,- նշեց օմբուդսմանը եւ մեկ առ մեկ թվեց, թե Թուրքիայի ամենաազդեցիկ լրատվամիջոցները որ թուրք բիզնեսմեններին են պատկանում: Թուրք օմբուդսմանի փոխանցմամբ, խոսքի ազատության հիմնական խոչընդոտներից մեկը ինտերնետի մասին օրենքն է, որի պատճառով արգելվում են մի շարք հայտնի կայքերը, բլոգերն ու սոցիալական կայքերը: Ըստ այդ օրենքի, արգելվում է, օրինակ, Աթաթուրքի հիշատակին որեւէ  հրապարակում տեղադրելը: «Հակաահաբեկչության մասին» օրենքը վնասում է մեր քուրդ գործընկերներին, այժմ շուրջ հիսուն քուրդ լրագրող է տուժում այդ օրենքի պատճառով»,- ասաց «Սաբահի» օմբուդսմանը: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Թուրքիայում մամուլի ազատության վիճակի մասին օրերս հայտնած մտահոգության հետ, թե Թուրքիան մամուլի ազատությունը հարգող երկիր չէ: Յ. Բայդարը պատասխանեց, որ Թուրքիայում իսկապես լուրջ խնդիրներ կան խոսքի ազատության հետ կապված, հատկապես այն լրագրողների, որոնք կփորձեն քննադատել կառավարությանը: Նա հետաքրքիր մի դեպք պատմեց, որն առնչվում էր Today\’s Zaman-ի լրագրողի հետ: Վերջինս փորձել էր քննադատել սեփական թերթը, եւ չնայած հոդվածը տպագրվել էր ոչ այդ թերթում, բայց նրան հեռացրել էին աշխատանքից: Նա նկատեց նաեւ, որ 301 հոդվածը թուրքական մամուլում ազդեցություն չի ունենում, ցեղասպանություն բառն ազատորեն օգտագործվում է, նման օրինակներից մեկն էլ թուրք գրող, լրագրող Թաներ Աքչամի օրինակն է, որը վերջերս Երեւանում ներկայացրեց իր «Ներումի կոչ» գրքույկը: «Բելգե» հրատարակչության հիմնադիր Րագըպ Զարակօլուն եւս, օմբուդսմանի փոխանցմամբ, դրա վառ օրինակներից մեկն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել