Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

$6000՝ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ապրիլ 22,2011 00:00

\"\"«Այբ» ավագ դպրոցը «գերազանցիկների» համար չէ

Այս ուսումնական տարեսկզբից ՀՀ կրթական համակարգում կգործի «Այբ» ավագ դպրոցը: Վերջինիս գաղափարը որքան հետաքրքրել, այնքան էլ վախեցրել է շատ ծնողների եւ աշակերտների: Պատճառն այն է, որ այս դպրոցում սովորելու համար տարեկան վարձավճարը կազում է 2 250 000 դրամ, որը կազմում է շուրջ $6000: Ներկայումս ՀՀ-ում չկա մի ուսումնական հաստատություն, նույնիսկ բարձրագույն, որն այսքան բարձր վարձավճարով գործի: Ուստի այս եւ այլ հարցերի վերաբերյալ «Առավոտը» պարզաբանումներ ստացավ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանից: Նա նշեց. «Իրոք, ուսման վարձը հայկական այլ կրթական հաստատությունների համեմատությամբ բարձր է: Սակայն հաշվարկել ենք, թե երեխաների համար որակյալ ուսուցում, պայմաններ ապահովելու համար ինչ է պետք եւ ստացել ենք այդ գումարը: Ավելին, մենք նպատակ չունենք շահույթ ստանալու: Սակայն մյուս կողմից էլ մեր դպրոց ընդունվելու թիվ մեկ պայմանը երեխայի գիտելիքն է, այդ դեպքում երեխայի ֆինանսական վիճակը հաշվի չի առնվում: Եթե պարզվի, որ տվյալ երեխան անվճարունակ է, մենք պատրաստ ենք ընդհուպ մինչեւ հարյուր տոկոսով հոգալ նրա ուսման վարձը: Սակայն եղել է նաեւ ծնող, որը ասում է, թե կարող է վճարել նույնիսկ տասն անգամ ավելի գումար, սակայն չի ուզում երեխայի կրթության վրա այդքան գումար ծախսել: Իհարկե, ռացիոնալ մտածելակերպի մեջ այս գաղափարը չի տեղավորվում: Հարց կառաջանա, թե ինչի՞ համար ենք մենք դա անում, քանի որ բիզնեսի տեսանկյունից դա աբսուրդ է: Սա սոցիալական խնդրի բացարձակ լուծում է»: Մեր այն հարցին, արդյո՞ք կվստահեն իրենց, քանի որ հայաստանյան արժեհամակարգը տրամագծորեն հակառակ սկզբունքների վրա է հիմնված: Այս կապակցությամբ Դ. Սահակյանն ասաց. «Արդյո՞ք ուսուցիչների ներկայիս աշխատավարձը բավարար է, սոցիալական արդարության տեսանկյունից արդարացվա՞ծ են գոյություն ունեցող դպրոցական պայմանները, լաբորատոր սարքավորումներն ու գրականությունը: Իհարկե՝ ոչ: Մենք գտել ենք խնդրի լուծման տարբերակը, որը պահանջում է այնքան գումար, որքան սահմանված է որպես ուսման վարձավճար: Սակայն, միեւնույն ժամանակ, գտել ենք այդ գումարը հայթայթելու աղբյուրները»: Ըստ Դ. Սահակյանի, այս ուսումնական տարի «Այբ» ավագ դպրոցը կընդունի մինչեւ 100 երեխա, իսկ ներկայումս ստացվել է 150 հայտ:
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը նաեւ հավելեց. «Մենք չենք շարժվում ՀՀ հանրակրթական դպրոցներում գործող գնահատման համակարգով, քանի որ ուզում ենք ընտրել մոտիվացված, նախաձեռնող երեխաների, այլ ոչ թե պարզապես գերազանցիկների»: Մեր այն հարցին՝ արդյո՞ք «Այբ» ավագ դպրոցը «էլիտար» է՝ ոչ բոլորի համար, պարոն Սահակյանը պատասխանեց. «Այբ» դպրոցը բոլորի համար է, բայց մենք ընտրություն ենք կատարում: Մենք հանրակրթական դպրոց չենք, որ տարածքի բոլոր երեխաները գան մեզ մոտ: Կրթության իմաստով՝ այո, էլիտար ենք: Իհարկե, շատերը կմտածեն՝ ուսման այդ վարձի պարագայում միայն օլիգարխների երեխաները կսովորեն դպրոցում, սակայն վստահեցնում եմ, որ չի լինի մի դեպք, որ երեխան ընդունվի դպրոց զուտ իր ֆինանսական հնարավորությունների շնորհիվ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել