Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՐՔՈՒՀԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ

Ապրիլ 22,2011 00:00

«Միկա Լիմիթեդ» եւ «Պարադիզ» ընկերությունները՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնեն ռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Այս ֆիլմում ցեղասպանության թեման դիտարկվում է գաղթականների մի քանի սերունդների վրա՝ դրա ունեցած ազդեցության տեսանկյունից, եւ առաջին անգամ հայկական ֆիլմում նկարահանվել է թուրք դերասանուհի՝ Գյունըշը Զանը: Իրադարձությունները համայն հայության համար ողբերգական 1915 թվականի հետեւանքներն են, որ ծավալվում են Գարապետ Փամբուկչյանի ընտանիքում: Նրանք Ամերիկա ներգաղթած հայերի 4-րդ սերունդն են ներկայացնում եւ կանգնած են «Ամերիկա» կոչվող վիթխարի բազմազգ խառնարանում ընդհանուրին միաձուլվելու վտանգի եզրին. մի կողմից որդին՝ ով ըմբոստանում է հոր ձեռնարկած արմատները պահպանելու փորձերի դեմ, մյուս կողմից՝ թոռը, որ սիրահարվել է թրքուհուն: Ութսունամյա Գարապետը, որի մայրը հրաշքով փրկվել է եղեռնից, ձգտում է ամեն կերպ իր ամերիկանացված սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորուսյալ հայրենիքի հետ կապը, միայն այդպես նա կկարողանա փրկել ընտանիքը օտարացումից եւ բաժանումից: Ինչպե՞ս վերահսկել իրավիճակը, եւ տղային ու թոռանը վերադարձնել ազգային արմատներին: Նրա հույսը յուրաքանչյուր հայի արյան մեջ առկա գենետիկ հիշողությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել