Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գ.Հախինյանի եւ Խ. Ավետիսյանի հիշատակին

Ապրիլ 22,2011 00:00

\"\"Այս ամիս լրանում են Գրիգոր Հախինյանի եւ Խաչատուր Ավետիսյանի 85-ամյակները: Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը, որ կոմպոզիտորի թույլտվությամբ, սակայն նրա մահից հետո՝ 1996 թվականին կոչվեց Գրիգոր Հախինյանի անվան, հոբելյանական երեկո էր կազմակերպել: Համերգին հնչեցին բացառապես Հախինյանի եւ Ավետիսյանի ստեղծագործություններն ու նրանց երաժշտության ներքո բեմադրված պարեր ներկայացվեցին:
«Հորովելի» գլխավոր բալետմայստեր Արայիկ Գեւորգյանը նշում է, որ այս համերգի համար պարային հատուկ բեմադրություն չի եղել, քանի որ Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ պարեր բեմադրվել են բոլոր անսամբլներում: Եթե թարմացնելու կարիք էլ լինում է՝ նորացնում են գործիքավորումը:
1958 թ.-ին Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տանը հիմնադրված վոկալ-պարային ինքնագործ խումբը Գրիգոր Հախինյանի ստեղծագործությունների շնորհիվ մեծ ճանաչում ձեռք բերեց: 1967-ին Լեհաստանում առաջին անգամ մասնակցելով միջազգային փառատոնի՝ շահեց ոսկե մեդալ, 1968-ին՝ Բեռլին, մեկ տարի անց՝ Մոսկվա: 1972 թվականին հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունը՝ նրան պետական անսամբլի կոչում շնորհվեց, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, որ մայրաքաղաքից դուրս երգի-պարի անսամբլին նման կոչում էր տրվում: «Երեւանցիները չէին ուզում, որ մայրաքաղաքից դուրս ստեղծվի երգի-պարի անսամբլ: Սակայն Թաթուլ Ալթունյանը եկավ, նայեց ու ասաց՝ ամենքից մեծ իրավունքը մարդուս աշխատանքն ունենալն է, ձեզ գործ են վստահել՝ աշխատեք», -հիշում է մեներգիչ Ստեփան Դալլաքյանը:
Գրիգոր Հախինյանն անսամբլում աշխատեց մինչեւ 1980 թվականը, նրա «Իմ երգը», «Լոռվա աղջիկ», «Իմ Ղարաբաղ» երգերը գրվել են հատուկ Ստեփան Դալլաքյանի համար: Հախինյանի հետ աշխատած մարդիկ եւ նրան ճանաչողներն ասում են, որ նա Լոռվա կոլորիտով, համուհոտով, սուր հումորով մարդ էր: Կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը ասում է՝ Հախինյանը Լոռվա երգիչ էր ու հումորաթաթախ արվեստագետ: Ոսկանյանը նրա մասին 200-ից ավելի հուշագրություններ ունի, դրանք անընդհատ համալրվում են: Հիշում է, թե ինչպես մի բաժակ թթի օղու շուրջ զրուցել են երաժշտությունից ու ստեղծագործական կյանքից: «Ինչ-որ մի տեղ ես համարում եմ նրան իմ ուսուցիչը»- ասում է Ոսկանյանը:
«Հորովելի» ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Ներսիսյանն ափսոսում է, որ  Հախինյանը վաղ է մահացել, ու ինքը չի հասցրել ընկերանալ ու նրա մասին հուշերը լսում է իր ընկերներից:
Հ. Գ. Ի խոնարհումն Գրիգոր Հախինյանի հիշատակի, Վանաձորի թիվ 4 երաժշտական դպրոցը նրա անունն է կրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել