Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատկերազարդ ապտակ՝ ժխտողներին

Ապրիլ 22,2011 00:00

\"\"ՀՀ սփյուռքի նախարարության եւ հայկական սփյուռքի ավելի քան 100 կազմակերպությունների համատեղ ջանքերով պատրաստվել է եւ երեկ հանրության դատին հանձնվեց «Ցավի հիշողության եւ պայքարի կոթողներ» պատկերազարդ գիրքը, ուր ներկայացված են Հայաստանում, Ղարաբաղում եւ աշխարհի այլ պետություններում հայերի ցեղասպանության հիշատակին կանգնեցված հուշակոթողների լուսանկարները, վայրն ու տեղադրման տարեթիվը: Այսօր աշխարհում կա նման 288 հուշարձան: Ամենաշատը, բնականաբար, Հայաստանում՝ 57, Եվրոպայում՝ 100, Աֆրիկայում՝ 5, Ղարաբաղում՝ 1 եւ այլն: Տարբեր երկրներում հուշակոթողները ճարտարապետական տարբեր ոճով են:
Գրքի շնորհանդեսի առիթով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ասաց, որ հերթական համահայկական նախաձեռնությունը վկայում է, որ հայերը որտեղ էլ հաստատվել են, դպրոցի եւ եկեղեցու կողքին նաեւ ցեղասպանության հուշարձան են կառուցել եւ որ հայերի՝ հանուն արդարության, սեփական իրավունքների եւ պահանջատիրության պայքարը շարունակվում է ու շարունակվելու է այնքան, քանի դեռ ցեղասպան Թուրքիան չի ճանաչել իր հրեշագործությունը: Իսկ Թուրքիան ոչ միայն չի ճանաչել եւ չի ճանաչում, այլեւ շարունակում է «հայ ոգու եւ հոգու սպանդը. վերափոխվում եւ խեղաթյուրվում են հայկական անուններն ու պատմությունը»: «Այս գիրքը ապտակ է նրանց, ովքեր ժխտում են հայերի ցեղասպանությունը»,- նկատեց նախարարը:
Շնորհանդեսին ներկա պատմաբանների կարծիքով էլ, գիրքը յուրօրինակ դատավճիռ է ցեղասպանության կազմակերպիչների եւ իրագործողների նկատմամբ: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նկատեց, որ հայերի ցեղասպանության հիշատակի հուշարձաններ կան ամենուր, բացի Թուրքիայից: Թուրքիայում թուրքերը կառուցել են հայերի եւ քրդերի ձեռամբ կոտորված թուրքերի հիշատակի հուշարձաններ: Պատմաբանը տեղեկացրեց, որ քրդերը քանդում են այն հուշարձանները, որոնք քրդի սպանած ասկյարի հիշատակը հավերժացնելու համար են:
«Ցավի հիշողության եւ պայքարի կոթողներ» գիրքը երկլեզու է՝ անգլերեն եւ հայերեն, ու առաջին փորձն է: Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Եղեռնի 100-րդ տարելիցին սույն գիրքը՝ համալրված նաեւ ցեղասպանությունը ճանաչած երկրների  ու միջազգային կառույցների ընդունած փաստաթղթերի լուսանկարներով, կտպագրվի յոթ լեզվով՝ միջազգային հարաբերություններում ընդունված վեց լեզու՝ գումարած թուրքերեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել