Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ԷԼԻ ԿՄՆԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ

Ապրիլ 22,2011 00:00

Մասիսի հիվանդանոցի միայն մի հատվածը կնորոգվի,  իսկ Այնթապում մանկապարտեզ չեն կառուցի

\"\" \"\"
Այսպիսի պատկեր կլինի Մասիսի հիվանդանոցում:

Տեղեկացրել ենք, որ փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը մարզերում շենքերի տանիքներ, կրթական հաստատություններ, ճանապարհներ նորոգելու եւ նման այլ ծրագրերի համար 10,12 միլիարդ դրամ առանձնացրեց: Տեղեկացրել ենք նաեւ, որ այս գումարների բաշխումից ոչ բոլորն են գոհ: Օրինակ, այս գումարից Արմավիրին հասած 1,3 միլիարդից մաս չի հանվել Էջմիածնի թիվ 7 դպրոցին, ուր պատերի առանձին հատվածներ փլված են: Լոռու մարզի 1,3 միլիարդից էլ Մոտկորի ավերակ ճանապարհը նորոգելու համար փող չկա:
Արարատի մարզն էլ է 1,3 միլիարդ ստացել ու էլի կան նորոգման կարիք ունեցող հաստատություններ, որ այս ծրագրից դուրս են մնացել: Չեն վերանորոգվի Բաղրամյան, Բարձրաշեն, Շահումյան համայնքների մանկապարտեզները: Չեն հիմնանորոգվի Արտաշատ քաղաքի Շարլ Ազնավուրի անվան, Ոստանի, Վանաշենի մշակույթի տները: Մարզի 112 հանրակրթական դպրոցներից 56-ը կշարունակի գործել առանց լոկալ ջեռուցման համակարգի, իսկ 21-ը՝ կունենա տանիքի վերանորոգման խնդիր: Մարզի քաղաքների 351 բազմաբնակարան շենքերից 330-ը ունի տանիքի վերանորոգման խնդիր, ընդ որում 215-ը՝ հիմնական, 115-ը՝ մասնակի: Կվերանորոգվի 16 տանիք:
Անցած տարվա հոկտեմբերի 8-ին «Առավոտը» «Մասիսի հիվանդանոցը հիվանդ է» հրապարակմամբ անդրադարձել էր Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի, մեղմ ասած, անմխիթար վիճակին: Հիշեցնենք, որ վերջին 20 տարում հիվանդանոցը պետական կամ միջազգային ներդրման որեւէ ծրագրում չի ընդգրկվել: Այս տարի, կարծես թե, սայլը տեղից մի փոքր շարժվել է: Պետբյուջեից այս տարի կենտրոնին հատկացվել է 9 միլիոն դրամ: «Առավոտի» հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գրիգորյանն ասաց, որ հատկացված գումարը նախատեսված է մանկաբարձական բաժանմունքի ընդունարանի եւ նախամուտքի վերակառուցման համար: Որոշակի աշխատանքներ կկատարվեն նաեւ հիվանդանոցի բյուջեի հաշվին: Մարտի 5-ին «Երեւանամերձ գյուղի հոգսերը» հրապարակմամբ անդրադարձել ենք Արարատի մարզի Այնթապ համայնքի խնդիրներին, օրինակ՝ 10 հազար բնակիչ ունեցող համայնքը չունի անգամ մանկապարտեզ: Բազում խնդիրներից կառավարությունը 29 միլիոն դրամով կլուծի միայն համայնքի երկու միջնակարգ դպրոցների հին լուսամուտները մետաղապլաստե լուսամուտներով փոխարինելու խնդիրը: Մանկապարտեզ չի կառուցվի: Այնթապցիներն էլ որոշել են միջոցներ հայթայթել, վերանորոգել նախկին ակումբի շենքը ու այն դարձնել մանկապարտեզ:
Արարատի մարզը նաեւ ոռոգման ջրի չլուծվող խնդիր ունի: Անցած տարի շատ գյուղացիներ զգալիորեն տուժեցին, քանի որ մշակաբույսերն ուղղակիորեն չորացան՝ ջուր չլինելու պատճառով:
Նոր գյուղնախարարի նշանակումով կտրուկ շրջադարձ եղավ գյուղի հանդեպ պետական այրերի վերաբերմունքի ու հոգեբանության մեջ, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, մեկը մյուսից առաջ ընկնելով, գնացին գյուղ՝ լսելու գյուղացու խնդիրները: Նորից եկել է ոռոգման սեզոնը, իսկ պետբյուջեում մարզի ոռոգման ցանցի համար այս տարի գումար չի նախատեսվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել