ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ բոլոր ամբաստանյալների արարքները ՀՀ քրօրի 175 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետից վերաորակելով 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով:
Ըստ մեղադրանքի՝ Հ. Մալխասյանի եւ Հ. Սարգսյանի ստեղծած 6 հոգուց բաղկացած կազմակերպված խումբը Վանաձորի բնակիչ Ա. Աղայանի նկատմամբ կատարել է ավազակային հարձակում: Առաջին անհաջող փորձից հետո երկրորդ անգամ խմբի անդամները Ա. Աղայանին կողոպտելու նպատակով հարձակվել են նրա վրա, ոտքերով ու ձեռքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել մարմնին, պատճառել թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով, ինչից հետո հափշտակել վերջինիս 5000 դրամ արժողության ձեռքի պայուսակը: Պայուսակում, սակայն, գումար չհայտնաբերելով, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով այրել են Աղայանի՝ պայուսակում գտնվող իրերը, այդ թվում՝ անձնագիրը:
Նախաքննության ընթացքում կասկածյալներն ինքնախոստովանական ցուցմունքներ էին տվել, սակայն հետագայում հրաժարվել էին դրանցից, բացի մեկից, ում ցուցմունքի հիման վրա էլ խմբի անդամներին առաջին ատյանի դատարանը դատապարտեց ազատազրկման:
Հոդվածի կետերի փոփոխությամբ ավազակությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, փոխարինվել է ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ:
Արդյունքում բոլոր ամբաստանյալների պատժի ժամկետը նվազել է:
Հիշեցնենք, որ կազմակերպված ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող 6 անձանց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, դատապարտել էր 6-9 տարվա ազատազրկման:
Վերաքննիչ դատարանի որոշման հետ մեղադրող կողմը համաձայն չէ:
Մեղադրող Ս. Փիլոյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու ՀՀ վերաքննիչ քրեական եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասութան դատարանների դատավճիռները: Ամբաստանյալների համար պահանջում է ավելի խիստ պատիժ: