Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂՈՎ

Ապրիլ 22,2011 00:00

Ովքե՞ր էին անանուն վկաները

\"\"

Սպիտակ քաղաքի Առափնյա փողոցի 10 տան բնակչուհի Արփիկ Աջամյանի որդին՝ Հմայակ Սահակյանը 2009թ. հոկտեմբերից տեղափոխվել է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: 13,5 տարվա ազատազրկման դատապարտված Հմայակի («Սպիտակցի Համիկ» են ասում) առողջական վիճակը կտրուկ վատացել է. 3 երեխաների հայրը տառապում է քաղցկեղով, «հեպատիտ C»-ով: «Լոռու մարզի ոստիկանության պետ Անուբաղ Համբարյանի եւ «Հանրապետության քրգործերի նախագահ» Հովհաննես Թամամյանի հրահանգով որդուս՝ Հմայակ Սահակյանին կալանավորել են: Սպիտակում 2008թ. տեղի ունեցած դաժան սպանության հետքերը կորցնելու նպատակով Լոռու մարզի ոստիկանապետը որդուս 5 օր շարունակ տանջամահ է արել, կորցնելով իրական մեղավորների, մարդասպանների հետքերը, որոնք այժմ շրջում են ազատության մեջ»,- ասում է դատապարտյալի մայրը:
Ըստ վերջինիս, որդին մեկուսարանում է՝ «իր չկատարած մեղքերի համար»: Այս կապակցությամբ Սպիտակի բնակչուհին նամակով դիմել է նաեւ հանրապետության նախագահին, նշելով, որ նախաքննության ժամանակ իր որդու դեմ ցուցմունք տված անձը պնդել է, թե Հմայակին ճանաչել է եւ նրա հետ գտնվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Մինչդեռ, Հմայակի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտակ Ոսկանյանը դիմել է արդարադատության նախարարության ՔԿՀ վարչություն, որտեղ պաշտոնապես պատասխանել են, որ ցուցմունք տված անձը Հմայակի հետ նույն խցում չի եղել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հմայակը, գտնվելով «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, այնտեղից զանգել է իր ծանոթներից մեկին, որպեսզի նա օգնի իր դատապարտյալ նախկին ընկերոջը՝ Գոռ Աջամյանին սպիտակցի Գեւորգ Կարոյանի խանութից գողացած 4.940.000 դրամ արժողության ոսկյա զարդերն իրացնելու. «Ծանոթը հարգելով Սահակյանի հանցավոր հեղինակությունը եւ գիտակցելով այդ ոսկյա զարդերի հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը, Գոռ Աջամյանից գնել է Գ. Կարոյանի խանութից գողացված ոսկյա զարդերի մի մասը՝ 310 գրամ տարբեր տեսակի ոսկյա զարդեր, եւ վաճառել տարբեր անձանց»:
Մեկ այլ ցուցմունք էլ կապված էր Հմայակի կողմից ՔԿՀ-ից կազմակերպված հափշտակության դրվագի հետ: Ըստ գործի նյութերի, Հմայակը ՔԿՀ-ից հեռախոսով կապվել է «համակատարողների» հետ: Վերջիններս դիմակներով, զենքով, 16 մմ տրամաչափի որսորդական փամփուշտներով, ողորկափող, ձեւափոխված հրացանով գնացել են Տաշիր քաղաքի բնակիչ Գուրգեն Ավդալյանի տուն: Ըստ գործի նյութերի, համակատարողները կպչուն ժապավենով կապել են Ավդալյանին եւ նրա կնոջը, ովքեր անկողնում քնած էին, հափշտակել են 3.118.153 դրամ ընդհանուր արժողության գույք, գումար, ոսկյա շղթա, մատանիներ, դոլար, եվրո, Ավդալյանի պետական պարգեւները՝ 2 հատ «Լենինի շքանշան», 1 հատ «Մուրճ ու մանգաղ» շքանշան: Այս դրվագը, դատապարտյալի մոր կարծիքով, շինծու է, քանի որ, ըստ նրա, այն հեռախոսահամարը, որից որդին ՔԿՀ-ից զանգել եւ կազմակերպել էր նշված ավազակային հարձակումը, պատկանել է մեկ այլ քաղաքացու, ինչը դատական առաջին ատյանում պնդել է նաեւ Հմայակի փաստաբանը: Փաստաբան Արտակ Ոսկանյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ գործում դրված վկաների ցուցմունքները ընդունվել են նախաքննության մարմնի կողմից, մինչդեռ իրեն հայտնի չէ, թե ովքեր են «այդ անանուն վկաները»:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս տարվա փետրվարի 22-ին 13, 5 տարվա ազատազրկման դատարապարտեց Հմայակ Սահակյանին: Այս աղմկահարույց գործով դատապարտվել են եւս 9 հոգի՝ Ռոման Մելոյանը, Լեւոն Եղիյանը (զինտարկետման մեջ գտնվող), Արթուր Յարմալոյանը, եղբայրը՝ Վահե Յարմալոյանը, Երեմ Կիրակոսյանը, Արման Օհանյանը, Սաշա Վարդանյանը, Վիգեն Աբրահամյանը, Ռոման Հակոբյանը:
Ապրիլի 26-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում կսկսվի մարտի 21-ին Հմայակ Սահակյանի փաստաբան Արտակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Եթե, իհարկե, դատապարտյալի առողջականը տեղի չտա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել