Փոշին գնաց, իսկ հարցերը մնացին: Երեկ նման մտահոգությամբ հանդես է եկել «Էկոլուր» բնապահպանական հ/կ-ն, ըստ որի՝ ապրիլի 20-ին Երեւանի եւ մի քանի հարակից բնակավայրերում փոշու ամպի ի հայտ գալը հենց այն իրավիճակն էր, որի ժամանակ պետական կառույցները գործողություններ պետք է անեին, քանի որ մեր մթնոլորտն արտակարգ աղտոտվել էր: Դեռ 2008թ. հոկտեմբերի 16-ին է Հայաստանի կառավարությունն ընդունել 1186-Ն՝ «Մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության եւ օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների կանխատեսման, ազդարարման եւ արձագանքման կարգը հաստատելու մասին» որոշումը, որն ուղղակիորեն վերաբերում է այդ իրավիճակին, սակայն գործնականում չգործեց եւ ապացուցեց, որ մեր պաշտոնական գերատեսչությունները պատրաստ չեն արձագանքել թեպետ ժամանակավոր, բայց արտակարգ իրավիճակին: Ըստ «Էկոլուրի», չի կարելի տեղեկատվություն համարել բնապահպանության նախարարության կարճ հաղորդագրությունը, որ փոշու աղտոտվածությունը Երեւանում գերազանցել է նորման ընդամենը 2-2,3 անգամ. «Մեզ համար մտահոգիչ է այդ նախարարության հայտարարությունը, որ փոշին անվտանգ է, ինչպես նաեւ անվտանգության հիմնավորումը, որ դա ՀԱԷԿ-ից արտահոսք չէր, եւ ոչ էլ ճապոնական Ֆուկուսիմայի պայթյունից առաջացած փոշի, այլ ընդամենը արաբական անապատների փոշին էր: Ո՞վ ասաց, որ արաբական անապատների փոշին միշտ անվտանգ է: Որտե՞ղ են այդ փոշու բաղադրության եւ նրանում առկա տոքսիկ նյութերի վերլուծության արդյունքները: Հայտնի է, որ փոշին հրաշալի կլանիչ է: Փոշին վնասակա՞ր է, թե՝ ոչ, կարելի է որոշել միայն հատուկ ուսումնասիրությունների արդյունքում: Նախարարությունն այդ ուսումնասիրությունները կամ չի անցկացրել, կամ չի հրապարակել արդյունքները»: