Նախկինում մարմնավաճառ Աննան ստիպված է այսօր էլ ընդհատակյա կյանքով ապրել,
քանի որ նրան հասարակությունը ոչ մի կերպ չի ընդունում:
«Մեր հասարակությունը զզվանքով ու արհամարհանքով է խոսում մարմնավաճառների մասին: Մեզ ասում են փչացած, փողոցային, դուրս ընկած եւ նման վիրավորական բառեր: Բայց որեւէ մեկը չի մտածել, որ հաճախ հենց իրենք են դրդում մարմնավաճառին մնալ իր ճահճում: Եվ օգնության ձեռք մեկնելու փոխարեն նորից մղում են փողոց»,- ասում է 23-ամյա Աննան: Նա մոր մահից հետո, հանգամանքների բերումով, հայտնվել է փողոցում: Աննան մարմնավաճառությամբ է սկսել զբաղվել անչափահաս տարիքից: Նրա պատմելով, երբ մոր մահից հետո հայրը սկսել է հարբեցողությամբ զբաղվել, իսկ եղբայրն էլ բանակ է զորակոչվել, ինքը բոլորովին մենակ է մնացել եւ հոգեկան մեծ ապրումները հաղթահարելու համար ստիպված է եղել աշխատանք գտնել եւ իր ապրուստն ինքը հոգալ:
Աննան սկսում է մատուցողուհի աշխատել, սակայն, ինչպես ինքն է պատմում, անկախ իր կամքից հայտնվում է այնպիսի շրջապատում, որ նրան աստիճանաբար ճահիճն է ներքաշում: «Ես ինքս էլ չհասկացա, թե ոնց եղավ, որ մարմնավաճառ դարձա: Սկսեցի այնպիսի աղջիկների հետ շփվել, որոնք անընդհատ ուղեղս լցնում էին, որ թողնեմ հորս եւ իրենց հետ առանձին ապրեմ: Եվ իսկապես՝ նրանց հետ կյանքը ուրախ էր, եւ ամեն օր չէի տեսնում, թե ինչպես է հայրս հարբած գալիս տուն եւ ինձ վրա բղավում, որ փող տամ իրեն: Որոշեցի տնից գնալ եւ ապրել այդ աղջիկների հետ: Եվ այդ օրվանից էլ սկսվեց իմ ինքնուրույն կյանքը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Աննան: Սակայն այսօր նա գիտակցում է, որ այդ թվացյալ ուրախության հետեւում իրականում մեծ տանջանքներ ու ստորացուցիչ ապրումներ են թաքնված եղել: Մի քանի տարի շարունակ մարմնավաճառության «համն ու հոտը» ճաշակելուց հետո, Աննան իր մեջ ուժ է գտնում այդ ամենից դուրս գալու եւ նոր կյանք սկսելու, սակայն, ինչպես ինքն է պատմում, հասարակությունը իրեն ոչ մի կերպ չի ընդունում եւ ձեռք չի մեկնում, ավելին, երբ իմանում են անցյալի մասին, խուսափում են հետը մտերմություն անել. «Երբ գիտակցեցի, որ կեղտոտ ճանապարհով եմ փող աշխատում, որոշեցի վարսավիրություն սովորել: Ուզում էի նորմալ կյանքով ապրել: Սովորեցի, բայց աշխատանք գտնելը շատ դժվար եղավ: Վերջապես ընդունվեցի աշխատանքի, սակայն որոշ ժամանակ անց տնօրենը կանչեց եւ ասաց, որ աշխատանքից ազատված եմ: Դե պարզ է, Երեւանը փոքր քաղաք է, ոնց էլ լինի՝ ճանաչում են, սրահի տիրոջ ականջին հասցրել են, թե ես ով եմ եղել եւ ինչով եմ զբաղվել»:
Աննան այլեւս աշխատանք չի փնտրում. որոշել է հեռանալ Հայաստանից, քանի որ վստահ է՝ հասարակությունը երբեք իրեն չի ընդունելու եւ ամեն անգամ հերթական հարվածն է ստանալու. «Մեզ չեն ընդունում, բայց ցանկացած կին թող մեկ օր մեր կյանքով ապրի՝ կգժվի: Շատ է եղել, որ մեր հաճախորդները մեր նկատմամբ բռնություն են կիրառել, ծեծել եւ ստորացրել են: Ես ու ինձ նմանները նույն ճակատագիրն ենք կիսում. մեկը մորն է կորցրել, մյուսի հայրը հարբեցող է, երրորդն ընդհանրապես ծնողներ չունի, մեկ այլ կին էլ ամուսնու կողմից է փողոց շպրտվում՝ կազինոյի կամ թմրադեղի դիմաց պարտքերի պատճառով եւ այլն»:
Աննայից նույնիսկ հարազատներն են երես թեքել. «Զորացրվելուց հետո եղբայրս չընդունեց ինձ, մեր տուն թաքուն եմ գնում, ընկերուհուս էլ ազգականները չեն ընդունում, նրան ոչ մի առիթի, քեֆ-ուրախության չեն հրավիրում, ամաչում են: Բա ի՞նչ անենք, եթե մեկ անգամ սխալվել ենք, ամբողջ կյանքում գիշերային կյանքով, թաքնված ապրե՞նք»,- ասաց նա:
Աննան նույնիսկ վախենում է երազանքները բարձրաձայն ասել, քանի որ հասկանում է՝ դա գործնականում անհնար է. «Ուզում եմ ամուսնանալ, ընտանիք, երեխա, ուժեղ ամուսին ունենալ: Ափսոս, որ դա մեր երկրում անհնար է»: