Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զսպաշապիկ՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար

Ապրիլ 22,2011 00:00

Հանրապետության նախագահից սկսած՝ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների գույքի ու եկամուտների մասին տեղեկատվությունը առաջիկայում հասարակությանը հասանելի կդառնա: Կառավարության որոշմամբ, կձեւավորվի պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որի ուշադրության կենտրոնում է լինելու ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը:
«Այս որոշումը առաջին հերթին մեզ է վերաբերում: Այն ընդունվելուց հետո պետք է ներկայացնենք հրապարակային դեկլարացիաներ: Նախարարների ու մնացած այլ 500 պաշտոնյաների նկատմամբ հասարակության վերահսկողությունը լինելու է խիստ, հրապարակային, թափանցիկ, արդյունքում՝ կոռուպցիոն ռիսկերը նվազելու են: Սա ոչ միայն հակակոռուպցիոն, այլեւ քաղաքական բովանդակություն ունի: Հանձնաժողովը զսպաշապիկ է լինելու պաշտոնյաների համար: Շատերը այլեւս չեն ձգտի զբաղեցնել այն պաշտոնները, որոնց նկատմամբ հիմա մեծ ձգտումներ կան»,- ասաց վարչապետը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ հավելեց՝ բացի այն, որ հանձնաժողովի ստեղծումը Սահմանադրության պահանջն է, այն ունի նաեւ հակակոռուպցիոն ռազմավարություն:
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին հանձնաժողովի ստեղծման որոշումը չի վախեցնում, բայց, նրա կարծիքով, շատ պաշտոնյաներ պետք է վախենան. «Շատերը պետք է վախենան, մտահոգվեն, թե ոնց պետք ազնվորեն հայտարարագրեն իրենց ունեցվածքը»: Տիկին Բախշյանը չի կարծում, թե կառավարության՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշումը հակակոռուպցիոն է եւ ռազմավարություն ունի. «Մեր կառավարությունը, կոռուպցիան վերացնելու քաղաքական կամք դրսեւորելու փոխարեն, ընկած է կոռուպցիան ավելի ծաղկեցնելու, օրինականացնելու հետեւից: Հանձնաժողով ստեղծելը կոռուպցիայի դեմ պայքարի ձեւ չէ: Եթե նրանք ուզենան՝ այս պահին էլ կստիպեն, որ բոլոր պաշտոնյաները հայտարարագրեն իրենց ունեցվածքը եւ նշեն բոլոր փոխկապակցված մարդկանց, ում անունով անվանակոչել են իրենց գույքը»:
 ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ «Առավոտին» ասաց, թե շատ կցանկանար ողջունել կառավարության նոր ջանքերը, եթե իմանար, թե ինչ նպատակ ունի այդ որոշումը. «Հայտարարագրումը այսօր էլ կատարվում է: Ամեն տարի ԱԺ պատգամավորները իրենց գույքի մասին տեղեկատվությունը ներկայացնում են»: Պարոն Բոստանջյանի խոսքով, ներկայումս գործող հայտարարագրման կարգը չի վերահսկվում, այդ պատճառով շատ պաշտոնյաներ իրենց պաշտոնական եկամուտներից գերակշռող գույք են կարողանում ձեռք բերել: Նրա խոսքով, եթե հանձնաժողովը ճիշտ աշխատի, պաշտոնյաներն արդեն կսկսեն ճիշտ ներկայացնել իրենց գույքի հայտարարագրերը. «Ձեռնպահ կմնան իրենց պաշտոնական եկամուտներից թանկ գույք ձեռք բերելուց»: Պատգամավորի խոսքով, կառավարության այս որոշումը շատ պաշտոնյաների մտահոգության առիթ է տալու. «Նրանք, ովքեր ունեն եկամուտների ու ձեռքբերումների մասով անհամապատասխանություն, հիմա մեծ անհանգստության մեջ են հայտնվելու»:
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ կարծում է, որ ավելի լավ կլինի, որ կառավարության նախատեսած հանձնաժողովը կառավարության ներկայացուցիչների ունեցվածքը ուսումնասիրի. «Մենք վաղուց ներկայացնում ենք մեր ունեցածի հայտարարագրերը»: Պարոն Այվազյանը չի կարծում, թե գործարար պաշտոնյաները խնդիրներ կունենան հանձնաժողովի ստեղծման դեպքում. «Ով էլ խնդիր կունենա, ընտրության իրավունք ունի: Չէ, ոչ մի խնդիր էլ չեն ունենա: Հանձնաժողովի ստեղծման քվեարկության ժամանակ պատգամավորը, կամա թե ակամա, պաշտպանելու է որոշակի շահեր: Ցանկացած քվեարկություն ինչ-որ մեկի շահն է: Օրինակ, եթե ավելացված արժեքի հարկը իջեցնում կամ բարձրացնում են, ինչ-որ մեկի շահն է, չէ՞, նույնն էլ հանձնաժողովի ստեղծման քվեարկության ժամանակ է լինելու»: Հիշեցնենք, որ պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ձեւավորելու՝ կառավարության որոշման նախագիծը ԱԺ-ում քննարկվել է, բայց երրորդ ընթերցմամբ  քվորումի բացակայության պատճառով չի ընդունվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել