Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆ ԱՄԵՆԻՑ ՎԵՐ Է ԴԱՍՈՒՄ

Ապրիլ 22,2011 00:00

\"\"Բացի այդ, ԱԺ-ում քննարկվող նախագծով նաեւ  հակամրցակցային դաշտ է ստեղծում

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը: Մասնագետների կարծիքով, սա կառավարության կողմից ներկայացված հերթական նախագծերից է, որը, բացի այն, որ կառավարությանը Ազգային ժողովից ավելի լայն լծակներ է տալու, նաեւ տնտեսվարողների համար ոչ հավասար պայմաններ է ստեղծելու:
Ազատ տնտեսական գոտին, ինչպես նշված է նախագծում, Հայաստանի կառավարության կողմից հատուկ սահմանված տարածք է, որը համարվում է ՀՀ մաքսային տարածքից դուրս գտնվող տարածք: Սա նշանակում է՝ ազատ տնտեսական գոտում որեւէ արտադրություն ծավալելու դեպքում գործարարը ազատվում է բոլոր հարկատեսակներից, բացի սոցվճարից: Այսինքն՝ ազատ տնտեսական գոտում լինելու է մաքսային ազատ ռեժիմ: Գործելու է մաքսակետ, բայց եթե տնտեսվարողը արտերկրից որեւէ ապրանք կամ հումք ներկրի ազատ գոտի՝ իր արտադրության համար, ապա ոչ մի հարկ չի վճարելու, նույն կերպ է լինելու պատրաստի ապրանքը գոտուց արտահանելու դեպքում:
Առաջին հայացքից սրանք գործարարների համար հրաշալի պայմաններ են, սակայն, եթե հաշվի առնենք, թե ո՞ւմ են թույլատրելու՝ որ գործեն ազատ գոտում, կամ ո՞վ է թույլ տալու, ապա այս նախագիծն այնքան էլ ուրախալի չէ:
Մեզ հետ զրույցում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը վստահեցրեց, որ ազատ տնտեսական գոտում աշխատելու թույլտվություն տալու իրավունքը, ըստ ներկայացված նախագծի, տրված է կառավարությանը, կամ էլ եթե կառավարությունը ազատ գոտին տվել է մասնավորին, ապա սեփականատերը կորոշի՝ ում թույլ տա գոտում աշխատել:
Այսինքն՝ նրանք են որոշելու, թե, օրինակ՝ կոնյակ կամ գինի արտադրողներից նախապատվությունը տան, ասենք, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գինու եւ կոնյակի գործարանի՞ն, թե՞ «Մապին» կամ մեկ ուրիշի: Ա. Նռանյանի խոսքերով՝ «Իբր թե արտոնություն են տալիս արտահանողներին, բայց իրականում միանգամից անհավասար պայմաններ են դնում մյուս տնտեսվարողների համար: Նույն իրավիճակն է ստեղծվում գարեջրի կամ ցանկացած այլ ոլորտում»: Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի շրջակայքում եւս բացվելու է ազատ գոտի, Էդուարդո Էռնեկյանը հազարավոր հեկտարներով այգու հողատարածքներ է վերցրել: Ստացվում է՝ պարոն Էռնեկյանը հնարավորություն կունենա ազատ գոտում իր այգուց ստացված հումքով գյուղմթերքներ վերամշակել ազատ գոտում եւ շատ էժան արտահանել: Իսկ այն գյուղմթերքներ վերամշակող ընկերությունները, որոնք չեն գործի ազատ գոտում, ավելի թանկ գներով արտադրություն կծավալեն, եկամտահարկ ու շահութահարկ կվճարեն եւ ավելի թանկ գներով կարտահանեն: Եթե ազատ տնտեսական գոտում տնտեսվարողը հումքը ձեռք բերի Հայաստանում, ապա հանգիստ կարող է մտցնել ազատ տնտեսական գոտի, վերամշակել եւ առանց հարկերի վճարման՝ արտահանել: Իսկ եթե նա ցանկանա պատրաստի արտադրանքը ներկրել Հայաստան, ապա, ի տարբերություն տեղական արտադրողների, վճարելու է միայն լրացուցիչ 10% մաքսատուրքը:
Այսինքն՝ ազատ տնտեսական գոտում գործող գործարարին ավելի ձեռնտու է գոտում արտադրություն ծավալել, քան ՀՀ տարածքում, որտեղ պետք է բոլոր հարկատեսակները վճարեն: Այս գործարարը կարող է եւ ՀՀ-ում իրացնել ապրանքը, եւ դրսում:
Պարոն Նռանյանի խոսքերով՝ այն, որ ազատ տնտեսական գոտում աշխատելու դեպքում սահմանել են գոնե մի տեսակի հարկավճար՝ սոցվճարը, դա էլ հուսադրող չէ. «Շուտով «Կենսաթոշակային բարեփոխումների» փաթեթի համաձայն, կենսաթոշակային հիմնադրամներն էլ մասնավոր են լինելու: Այդ սոցվճարներն էլ, որ ազատ գոտու տնտեսվարողները պետք է վճարեն, պետբյուջե չի գնալու, այլ՝ մասնավորին: Համոզված եմ, նրանք, ովքեր կաշխատեն ազատ գոտում՝ հաշված մարդիկ են լինելու»:
Պարոն Նռանյանի խոսքերով՝ նախագծով ազատ գոտիները կարող են լինել եւ պետական, եւ մասնավոր. «Մասնավորը ներկայացնելու է փաթեթ եւ հավանություն ստանա ինչ-որ տարածքում աշխատել եւ որոշ տարածքներ էլ, ում ցանկանա, վարձով տալ: Սա նշանակում է, եթե որեւէ գործարար ցանկանա, ասենք, «Զվարթնոցի» տարածքում աշխատել, պետությունն ասելու է՝ գնա սեփականատիրոջից ուզի, մենք գործ չունենք»: Իսկ ազատ գոտին շահագործող խելամիտ գործարարը թույլ չի տա տարածք մտնի այն տնտեսվարողը, որը նույն գործունեությունն է ծավալում, ինչ ինքը: Ա. Նռանյանի ներկայացմամբ՝ «Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ազատ գոտիներ են բացվելու «Զվարթնոցի», Գյումրու օդանավակայանների եւ «Մարս» գործարանի տարածքում: Բայց նախագծով չի արգելվում այլ ազատ գոտիներ ստեղծել: Հարց է ծագում, երբ Հայաստանը փոքր տարածք է, եւ այլ երկրների ազատ տնտեսական գոտիները Հայաստանի չափսերով են, որքանո՞վ է նպատակահարմար լոկալ գոտիներ ստեղծել: Եվ չի բացառվում, որ մի օր Երեւանի կոնյակի գործարանն իր շուրջը փշալարեր անցկացնի, ասելով՝ ազատ գոտի ճանաչեք ինձ, միեւնույն է, ես ապրանքս արտահանում եմ»:
Այս նախագծով, ըստ պատգամավորի, կառավարությունը փորձում է իրեն առավել դասել ԱԺ-ից, եւ Ա. Նռանյանն այլ  տարբերակ է առաջարկում. «Կառավարությունը պետք է գնահատի գործարարի ներկայացրած փաթեթը, այնուհետեւ Ազգային ժողովն էլ որոշի՝ թե ո՞ւմ է արտոնություն տալու: Կառավարությունը չպետք է հնարավորություն ունենա ավելի մեծ արտոնություն տալ իր որոշմամբ, քան նախատեսված է ՀՀ օրենքներով»: Նռանյանի խոսքերով՝ նույն իրավիճակն էր ճգնաժամի տարիներին, երբ կառավարությունն իրեն իրավունք վերապահեց արտոնություններ տալ որոշ ձեռնարկությունների՝ մյուսներին թողնելով անհավասար մրցակցային պայմաններում: Կառավարության այս ապօրինության մասին կանդրադառնանք հետագա համարներում:
Իսկ ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտու նախագծին, Ա. Նռանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են արձագանքում ԱԺ-ում նստած գործարար-պատգամավորները, քանի որ նախագիծը առաջին հերթին իրենց շահերին է դիպչում: ԱԺ ներկայացուցչի խոսքերով՝ «Ոմանք կարծում են՝ հենց իրենք են աշխատելու ազատ գոտում: Բայց, երբ բացատրում ես՝ կարող է ինքը չլինի, նոր մտածում են, որ մի բան այն չէ: Բացի այդ, քաղաքական դիրքորոշումից ելնելով, շատ տնտեսվարողներ չեն կարողանում արտահայտել այն, ինչ իրականում մտածում են: Ըստ օրենքի, պետական մարմինները չպետք է կայացնեն որոշումներ, որոնք ունեն հակամրցակցային դրույթներ: Մենք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին հարցրել ենք՝ ուսումնասիրե՞լ են կառավարության փաթեթների ազդեցությունը տնտեսության մրցակցության վրա, պարզվում է՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել