Քաղաքացիների դժգոհությունները նոտարական համակարգից հասել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Համատարած դժգոհություններ ունենք: Սա այն ոլորտն է, որտեղ մոնիտորինգ ենք իրականացրել եւ բացահայտել ենք համատարած կաշառակերություն՝ բոլոր գործառույթների իրականացման առումով: Քաղաքացիներին չեն տեղեկացնում վճարների ճշգրիտ չափը: Պարզվում է՝ ծառայության համար գանձվող վճարը 2-3 անգամ շատ է, քան պետությունն է սահմանել»,- երեկ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը դժգոհեց նաեւ նոտարների ստաժավորման ժամկետներից, ինչը թույլ չի տալիս ավելացնել նոտարների թիվը։ «Փակ համակարգ է ստեղծվել, ու կախվածության մեջ ենք ընկել նոտարներից: Ուզում ենք նոտարների քանակն ավելացնել, բայց չենք կարողանում, որովհետեւ նոտարը պետք է ընդունի ստաժոր, ով պետք է մեկ տարի աշխատի, հետո իրավունք ստանա նոտար դառնալ: Պետք է քայլ առ քայլ շտկենք իրավիճակը»: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ասաց. «Չկան այն անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով անցել են մեկ տարվա ստաժավորում: Եթե համապատասխան փոփոխություններ չկատարվեն, մենք կարող ենք մինչեւ տարեվերջ մի քանի տարածաշրջանում նոտարների պակաս ունենալ»: Իրավիճակը շտկելու համար, կառավարության որոշմամբ, ստաժավորման ժամկետները կրճատվեցին: Նոտարիստի քննություններին այսուհետեւ կմասնակցեն նրանք, ովքեր ունեն 5 տարվա մասնագիտական ստաժ եւ աշխատող նոտարի մոտ այլեւս մեկ տարի լրացուցիչ ստաժավորում չեն անցնի: