Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ»

Ապրիլ 22,2011 00:00

Ռումինական տարբերակ-2

Ինչո՞ւ Բասեսկուի հայտարարությունն այդքան ցավագին
ընդունվեց Հայաստանում
:

\"\"

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, օրերս Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Բաքվում հայտարարել էր, թե համարում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, եւ այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այս հայտարարության մեջ որեւէ նոր տարր չկա: Վերջին տասնամյակի ընթացքում հայ հանրությունը քանիցս առիթներ ունեցել է նման հայտարարություններ լսելու եվրոպական եւ ամերիկյան ամենատարբեր մակարդակի չինովնիկների շուրթերից: Նման փաստումներ անգամ տարբեր բանաձեւերում են եղել, այնպես որ, հերթական հայտարարությամբ ոչ ոքի չես զարմացնի: Բայց, պարզվում է, զարմանալու բան դեռ կա: Զարմանալին այն է, որ Ռումինիայի նախագահի սույն հայտարարությանը շատ արագ արձագանքեց ՀՀ արտաքին գերատեսչությունը: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Բասեսկուի «պորտը տեղը դրեց»՝ ասելով. «Եթե այդպիսի հայտարարություն իրոք արվել է, ապա դա հակադրում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումներին, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի՝ լ’Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Առնվազն տարակուսանք կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները»: Նկատենք, որ հայաստանյան ԱԳՆ-ն իր պատմության ընթացքում երբեք աչքի չի ընկել իրադարձություններին արագ ու ադեկվատ արձագանքով: Ավելին, բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է հայ-թուրքական հաշտեցման կոչված ողջ գործընթացը, որի ժամանակ ՀՀ ԱԳՆ-ից որեւէ տեղեկատվություն ստանալը հերոսության նման մի բան էր:
Բասեսկուի հայտարարությունը զայրացրել է նաեւ իշխող Հանրապետական կուսակցությանը: Նրա կարկառուն դեմքերից մեկը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, երեկ մեկնաբանելով այդ հայտարարությունը, բառացիորեն կրկնել է Շավարշ Քոչարյանին եւ իր կողմից հավելել, որ ժամանակակից Ռումինիան ձեւավորվել է բարդ պատմաքաղաքական պայմաններում, երբ ռումինական ժողովուրդը գտնվում էր օտար լծի տակ: Հետեւապես այդ երկրի նախագահը պարտավոր է ավելի զգույշ լինել այնպիսի զգայուն տարածաշրջանի նկատմամբ, ինչպիսին Հարավային Կովկասն է՝ չմոռանալով անկասկած սեփական պատմությունը եւ սեփական ժողովրդի ազատագրական պայքարը: Ըստ lragir.am-ի, Գագիկ Մելիքյանը նաեւ Բասեսկուին իր տեղն է ցույց տվել՝ ասելով. «Պատահական չէ, որ նման անպատասխանատու վերաբերմունք Բասեսկուն ցուցաբերում է նաեւ եվրոպական եւ միջազգային հարցերի նկատմամբ, եւ ԵՄ-ում Տրայան Բասեսկուն վերածվել է անցանկալի անձի, որին քչերն են ցանկանում հանդիպել, եւ նա խիստ քննադատության թիրախ է ոչ միայն իր երկրում, այլեւ ամբողջ Եվրոպայում»: Անգամ ԿԳ նախարար, հանրապետական Արմեն Աշոտյանն է հետեւել կուսակցի օրինակին եւ քննադատել Ռումինիայի նախագահին:
Զուգադիպությո՞ւն է, թե՞ պատահականություն, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դարձյալ հետաքրքրությունների կիզակետում է: Ընդամենն օրեր առաջ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում էին, ապրիլին ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ կքննարկեն ղարաբաղյան հարցը, այսօր Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, վերջին մեկ շաբաթում ԼՂՀ հարցը բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում էր: Այս ամենը, ինչպես նաեւ Հայաստանից հնչող ցավագին արձագանքները Ռումինիայի նախագահի հայտարարությանը ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն անվանում է ընդամենը «գարնանային սրացումներ» եւ հիշեցնում, որ ամեն դեպքում կար ժամանակ, երբ մենք բավականին ուրախ էինք Հայաստան-Ռումինիա փոխհարաբերությունների բարձր մակարդակով (մենք տեղի-անտեղի հայտարարում էինք, որ Ռումինիան առաջինն է ճանաչել Հայաստանի այս հանրապետության անկախությունը- Ն. Գ.), բայց այդտեղ էլ ոչինչ չստացվեց. «Հավանաբար դրանով է բացատրվում նման ագրեսիվությունը»: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Այո, սա մի կրկնությունն էր՝ ԼՂՀ խնդիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում լուծելու բազմիցս հնչեցված հայտարարությունների, որը, սակայն, չէր զուգորդվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին տարատեսակ մտքերով, Արցախի ժողովրդի անվտանգության վերաբերյալ նկատառումներով: Գուցեեւ այս էր պատճառը, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կողմից բացասական արձագանք եղավ»: Արման Մելիքյանը վերահաստատեց իր մոտեցումը, որ մենք ԼՂՀ հարցում նոր քաղաքականության որդեգրման կարիք ունենք, եւ հասունանում է պահը, որ արդեն պարտավորված ենք լինելու հնչեցնել մեզ համար կարեւոր, միջազգային իրավունքին համահունչ սկզբունքները եւ ձեռնարկենք անմիջական ու գործնական քայլեր, որոնց միջոցով կկարողանանք իրավիճակը վերահսկելի դարձնել. «Մեր հասարակության մեջ խմորումներ կան, բայց մեր քաղաքական գործիչները քանի դեռ հայացքները դեպի դուրս են հառել եւ դրսում դաշնակիցներ են փնտրում, մենք քայլերի դիմել չենք կարող: Քանի դեռ հայաստանյան կուսակցությունները չունեն փոխհամաձայնություն՝ տարածք չվերադարձնելու համար, հնարավոր չէ իրական քայլեր անել: Առայժմ առեւտուրն այն հարցի շուրջ է, թե մեր քաղաքական ուժերից որն ավելի պատրաստակամ է՝ տարածքները հանձնելու հարցում, ու ըստ այդմ էլ՝ հավակնում են արտաքին աջակցությամբ իշխանության գալու կամ մնալուն: Բայց ԼՂՀ հարցը հասարակության մեջ դառնում է խորհելու լուրջ առարկա եւ ազդելու է քաղաքական գործընթացների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել