Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ

Ապրիլ 22,2011 00:00

Եվ կեսգիշերային իմ անքնության զրուցակից Նահապետն այս անգամ այսպես խոսեց ինձ հետ.
– Ես հին ու անշտապ մարդ եմ, քանի որ ես ոչ մի տեղ չեմ շտապում, որովհետեւ ինձ սպասող չկա, ես էի սպասման կենտրոնը, ես էի սպասում եկողին եւ եկողի արդար խոսքին, իսկ բազում եկողներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չբերեց այն, ինչ մենք միամտաբար մտածում էինք, թե կբերեն: Թերեւս այն պատճառով, որ երբ մենք կայինք, իրենք չկային՝ արեւելքի մեր կողմերում:
– Եվ որովհետեւ այսու ցնցվում են քոչվորական ցեղերի պետությունների ոսկորները զառամ,- շարունակեց Նահապետը,- ու թերեւս, ճշմարիտ է նաեւ այն, որ հայի չափը չափազանցն է, բայց ափսոս, որ ընդամենը հայի եւ հայի միջեւ: Այնինչ թուրքից բացի՝ կան քրդերը, մեր կողքին եւ այսօր մեր պատմական հայրենիքի վրա ապրող, որոնց կերպը մենք պիտի ճանաչենք, քանի որ մեր հարեւաններն են եւ լինելու են այլեւս… Թուրքը անիծված է, բայց խոսքը՝ իմաստուն, ասում են հայերը: Իմ կարծիքով, սակայն, թերեւս թուրքի գործն էլ է իմաստուն իր ու իր ցեղի համար,- շարունակեց Նահապետը,- հայի վերջին խելքը իմը լիներ, ասում է թուրքը, բայց շարունակում է իր գործը եւ հաճախ մեզ մնում է ընդամենը մեր վերջին խելքը, որը այսօր մեզ պիտի հուշի, թե մենք աշխարհում ամենահին եւ ազատագրված ժողովուրդն ենք: Քանզի ոչ ոքի չենք ստրկացրել, ոչ մի ժողովրդի հայրենիքը չենք խլել, մենք ոչ ոքի պարտք չենք՝ մեզ են պարտք: Մեր հնագույն թագավորները նախճիրներ չեն գործել: Հիշեք նաեւ, որ պատմությունը մեծ գիտություն է, եւ սեփական երկրի պատմությունը ճանաչող ժողովուրդն է միայն, որ կարող է դառնալ երկրի քաղաքացի: Պատմությունը, սակայն, արժեւորվում է միայն այն ժամանակ, եթե տեսնում ես քո ապագան, որովհետեւ ապագան է որոշում-արժեւորում անցյալը: Մոտենում է ապրիլի 24-ը, այս անգամ մեզ համար կրկնակի սրբազան խորհրդով, որն է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը եւ մեր սուրբ նահատակների ոգեկոչության օրը: Եվ երբ այդ օրը իրար տեսնելով՝ ուրախությամբ միմյանց կողջունենք. Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, միաժամանակ արցունքներս զսպած պիտի ասենք.
Մեր անմեղ նահատակները հառնեցին մեռելներից, օրհնյալ է Հարությունը մեր նահատակաց: Եվ տեր կանգնելով մեր վերջին խելքին՝ միասնաբար գնանք առաջ: Չմոռանալով, սակայն, այդ գիշեր տան մեջ մի լույս վառ թողնել, որ մեզ այցելող մեր նահատակների հոգիները մութի մեջ չմոլորվեն… Այսպես խոսում էր իմ Նահապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել