Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ՑԱՆԿԱՑԱ՞Ծ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ

Ապրիլ 22,2011 00:00

Ըստ Գալուստ Սահակյանի՝ այո, իսկ ըստ ընդդիմության՝ ոչ

Հանրապետականները երեկ բավականին ոգեւորված էին արձագանքում ՀԱԿ-ի ներկայացուցիչների այն պնդումներին, թե իրենք ինչ-որ հարցեր առաջ են քաշում, իսկ իշխանությունները շտապում են դրանք կատարել: Նույն ոգեւորության մեջ էր նաեւ ՀԱԿ-ը: «Արդյոք Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ իշխանությունը ընդդիմության երեք պահանջներից մեկը բավարարեց»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասել էր. «Ներկայացված պահանջներից մեկը այն էր, որ պետք է տրվեր պաշտոնական հավաստիացում մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտման պատրաստակամության վերաբերյալ, եւ կարելի է ասել, որ այդ պահանջը կատարվել է»: Իսկ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը իր հերթին հայտնեց, թե մարտի 1-ի դեպքերի քննությունն այս ընթացքում չի դադարել եւ շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում. «Ավելին, այս ընթացքում Սերժ Սարգսյանն անընդհատ գործով է ցույց տվել, որ խնդիրների լուծման քաղաքակիրթ եւ համագործակցային տարբերակի կողմնակիցն է: Կարծում եմ՝ սա հասկացել են նաեւ ընդդիմադիր դաշտում, եւ կարծես արդեն գիտակցվում է, որ անիմաստ է վերջնագրերի լեզվով կամ ուժի դիրքերից խոսել իշխանության հետ: ՀԱԿ առաջնորդի արտահայտած այն միտքը, թե քինգ-բոքսինգի փոխարեն պետք է շախմատ խաղալ, մենք ընկալում ենք որպես նախագահի կողմից բազմիցս հնչեցրած քաղաքակիրթ երկխոսության կոչերի ընդունում: Սա, իհարկե, դրական է: Կարծում եմ՝ քաղաքական գործընթացները կշարունակեն դրական հունով ընթանալ, քանի որ գիտեն, որ շախմատ խաղալիս չպետք է մոռանալ, թե ով է ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահը, եւ ում կողքին են Հայաստանի լավագույն շախմատիստները»։ Ըստ հանրապետական Կարեն Ավագյանի, ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից հայտարարությունները՝ թե ինչ ասում են, իշխանությունն անում է, գալիս են ապացուցելու, որ ՀԱԿ-ը փորձում է իր PR-ով զբաղվել եւ ոչինչ ավելին. «Իրենց համար կարեւորը ոչ թե մեղավորներին գտնելն ու պատժելն է, այլ քաղաքական շոու սարքելը: Հանրապետության նախագահը գտնում է, որ շատ խնդիրներ են բաց մնացել, եւ նախագահը հստակ հանձնարարական է տվել, որ մարդիկ հետամուտ լինեն եւ խնդիրները, չբացահայտված կետերը բացահայտվեն: Ցանկացած ընդդիմության եւ հասարակության կողմից սա խիստ դրական գնահատականի պետք է արժանանա»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ «նախագահի վերոհիշյալ հայտարարությունը եւս մեկ անգամ ընդգծեց, որ մեր երկրի իշխանություններն իրագործում են համապարփակ ծրագրեր՝ բոլոր ոլորտներում: Նախքան այդ հանդիպումը՝ տեղի էին ունեցել նաեւ տարբեր մակարդակներում այլ հանդիպումներ, եւ հանրագումարի բերվեց եւ հասարակությանը ներկայացվեց այն բարեփոխումների ծրագիրը, որը մենք ակնկալում ենք առաջիկայի համար: Ես բնական եմ համարում ՀԱԿ-ի ոգեւորությունը, որովհետեւ ժողովրդին պահելու համար անհրաժեշտ է ներկայացնել մոտեցումներ, որոնք թեպետ իրենցից կախված չեն, բայց հաճելի կլինի ժողովրդին ներկայացնել, որ իբր այնքան ուժեղ են, այնքան հզոր, որ կարողանում են տեղից շարժել իշխանական ամբողջ բուրգը: Իսկ մենք հանգիստ, հավասարակշռված կատարում ենք մեր՝ նախապես ծրագրված քայլերը: Հասկանում եմ, ընդդիմությունն ուրախանում է, որովհետեւ չունենալով իր ճանապարհը՝ ժողովրդին փորձում է ներկայացնել, թե իբր ինքը մեծ նշանակություն ունի եւ ճանապարհ է գնում: Բայց ընդդիմության այս բոլոր մղումները զրոյական դարձան օրեր առաջ, երբ մտածեցին, թե ճիշտ ժամանակն է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնել՝ փաստորեն դրանով ակնկալելով միջազգային այն ուժերի աջակցությունը, որոնք շահագրգիռ են, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի ադրբեջանահաճո ճանապարհով: Եվ ոգեւորված՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկնեց տարիներ առաջ իր իսկ հնչեցրած հայտարարությունը, եւ սա հստակություն մտցրեց քաղաքական դաշտում: Ուզում եմ ասել, որ սա էլ է իրենց պահանջը, որը մեզ համար ընդունելի չի, չի եղել եւ չի էլ կարող լինել: Մարդը մտածում է, որ իր գաղափարախոսությամբ կարող է մի ամբողջ ժողովրդի ազգային իրավունքների բեռը վերցնել իր վրա, դա չի լինելու»: Ի պատասխան մեր դիտարկման, որ եթե իրոք ՀԱԿ-ն ու իշխանությունը շախմատ են խաղում, նրանց ասածները տեղավորվում են այդ տրամաբանության մեջ՝ մեկը քայլ է անում, սպասում է մյուսի քայլին, եւ այդպես շարունակ, մինչեւ մեկն ու մեկի թագավորը հանձնվում է, պարոն Սահակյանը համամիտ չէր։ Ըստ մեր զրուցակցի՝ «փոխանակ կոնկրետ քայլեր անելու, ՀԱԿ-ը կեղծ տեղեկություններ է տալիս հասարակությանը, որ ինքն իբր այնքան ուժեղ է, որ իշխանությունը անելանելի վիճակում է հայտնվել, մոռանալով, որ ցանկացած սպորտաձեւում այս տարիների ընթացքում իշխանությունները միշտ էլ հաղթում են»:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը իրենց մղումներում անկեղծ չեն, եւ այնպես չէ, որ կողմերից մեկը մի բան է պարտադրում, եւ մյուս կողմն անմիջապես շտապում է այդ պարտադրանքն ի կատար ածել. «Եթե իշխանությունն անող լիներ, կաներ անցած տարիներին, եւ այնպես չէ, որ հենց նոր հասկացան, որ այդ խնդիրները պետք է լուծվեն: Մյուս կողմից՝ եթե ընդդիմության բոլոր ասածները իշխանությունները կատարում են, շատ տրամաբանական կլիներ, որ կատարեր ընդդիմության գլխավոր ասածը՝ հրաժարականի պահանջը: Իրականում քաղաքական իրավիճակն է ստիպում, որպեսզի իշխանությունը եւ ընդդիմությունը ընդառաջ քայլեր անեն: Անձամբ ինձ համար սա շատ ողջունելի է, որովհետեւ այդ ընդառաջ քայլերը կարող են երկխոսության կայացման կարեւոր հիմք դառնալ: Դրա համար հարկավոր են մի շարք գործոններ: Նախ՝ վերջապես թե իշխանության ներսում, թե ընդդիմության ներսում հասկացան, որ մեկմեկու ոչնչացնելու մարտավարությունը սպառված է, քանի որ երկու կողմերն էլ բավարար ռեսուրսներ չունեն իրենց մաքսիմալիստական նպատակները իրականացնելու համար: Իշխանությունը չի կարող առաջիկա ընտրությունների համատեքստում չեզոքացնել Տեր-Պետրոսյանի ընդդիմության գործոնը, ՀԱԿ-ն իր հերթին չի կարող հասնել արտահերթ ընտրությունների անցկացման: Եվ երկրորդը՝ առկա է միջազգային կազմակերպությունների հետաքրքրության որոշակի աճ հայկական իրականության հանդեպ, որը ստիպում է, որ եւ ՀԱԿ-ը, եւ իշխանությունը ընդառաջ քայլեր անեն: Կարծում եմ՝ առաջին անգամ 2008-ից հետո շատ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել իշխանություն-ընդդիմություն իրական երկխոսության համար: Սա լավագույն սցենարն է, եւ ես ուզում եմ հավատալ այս սցենարի իրականացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել