Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞րն է իրական երկխոսությունը

Ապրիլ 22,2011 00:00

\"\"«Չի կարող իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն լինել, եթե ընդդիմությունը չի մասնակցում երկրի կառավարման համակարգին: Իշխանություն-ընդդիմություն երկխոսության նպատակը պետք է լինի մեկ հարթությունում՝ պետական կառավարման համակարգին թափանցիկություն հաղորդելը, հակառակ դեպքում՝ մնացածն իմիտացիա է»,- երեկ Մամուլի ազգային ակումբում՝ «Քաղաքական երկխոսության կայացման նպատակները, խնդիրները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք է հայտնել «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Այս համատեքստում խոսելով ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ հնարավոր երկխոսության մասին՝ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանն ասել է, թե այդ երկխոսությունը ոչ թե իշխանության, այլ Սերժ Սարգսյանի հետ է: Ամեն դեպքում, Կարապետյանի համար անհասկանալի է նրանց երկխոսության թեման՝ այն դեպքում, երբ երկրում առկա որեւէ խնդիր չի լուծվել։ «Բանակցությունները գաղտնի են գնում, Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի այս համակարգը եւ, հասկանալով, որ այս իշխանությունը լոմ է, երկրորդ լոմն է դնում, այդ լոմերը սկսում են իրար հետ վիճել, ժողովուրդն էլ գնում է պետերի հետեւից: Իրանք իրար հետ լեզու կգտնեն ու գտել են արդեն, բայց ինչ պետք է անի ժողովուրդը»,- հարցրել է ԺԿ նախագահը։ Նա համոզված է, որ եթե վաղը ըմբոստ ժողովուրդը «մի հատ հուժկու հավաք անի, մարտի 1-ը կկրկնվի»։
ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը խնդիրներ է տեսնում ընդդիմության թեւերի միջեւ երկխոսության առումով, իսկ ԲՀԿ-ն ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում քաղաքական բեւեռների միջեւ որոշակի մեղմացում է նկատում եւ ողջունում է դա, քանի որ քաղաքական երկխոսության ու հանդուրժողականության մշակույթի ստեղծումը, ըստ նրա, եղել է ԲՀԿ առաջնահերթություններից։ Զոհրաբյանի խոսքով՝ չկա որեւէ խնդիր, որը հնարավոր չլինի քննարկել անգամ ամենաարմատական ընդդիմության հետ։ Դաշնակցական Ռուզան Առաքելյանն էլ կարծիք է հայտնել, որ այսօր երկխոսություն կա թե իշխանություն-ընդդիմություն դաշտում, թե ընդդիմադիր առանձին թեւերի միջեւ. «Բայց մենք շատ ենք թերացած հասարակության հետ երկխոսության առումով»:
Ի դեպ, ՀԱԿ-ը մերժել էր սույն քննարկմանը մասնակցության հրավերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել