Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ տեղեկացրել է, որ Մարտի 1-ի գործի քննությունը ամբողջությամբ կվերանայվի: Նրա փոխանցմամբ՝ երեկ Հատուկ քննչական ծառայության պետի մոտ տեղի է ունեցել օպերատիվ քննարկում՝ նախագահ Սերժ Սարգսյանի նախորդ օրվա հանձնարարականի պահանջները կատարելու ուղղությամբ: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերանայել նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները: Կվերանայվեն բոլոր վարկածները, ցուցմունքները, կատարված փորձաքննությունները: Վահագն Հարությունյանի փոխանցմամբ, Հատուկ քննչական ծառայության պետի կողմից ցուցում է տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել վկաների նախկին ցուցմունքների եւ փորձաքննությունների եզրակացությունների վրա: Անհրաժեշտության դեպքում նաեւ կնշանակվեն լրացուցիչ փորձաքննություններ: Արդեն իսկ գրավոր հանձնարարական է ուղարկվել Ազգային անվտանգության եւ ոստիկանության օպերատիվ ծառայություններին՝ օպերատիվ-որոնողական միջոցառումները առավել ակտիվացնելու նպատակով: «Այսինքն՝ արվելու է հնարավորինս՝ տեղի ունեցած դեպքերի բացահայտումը ապահովելու նպատակով»,- ասել է Վահագն Հարությունյանը: