Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Բուսական յուղերը (ձեթ) մարդու օրական սննդակարգում անփոխարինելի են եւ պարտադիր: Չռաֆինացված (չզտված) ցանկացած տեսակի բուսական յուղ իր բաղադրության մեջ պարունակում է անփոխարինելի չհագեցած ճարպաթթուներ, վիտամիններ, կենսաբանական ակտիվ նյութեր, վիտամիններ, օրինակ՝ վիտամին A-ն միայն լուծվում է եւ օրգանիզմի կողմից յուրացվում է ճարպի (յուղի) մեջ: Դրանք կոչվում են ճարպալույծ վիտամիններ: Անփոխարինելի ճարպաթթուները կոչվում են նաեւ  վիտամին F, որոնք կարգավորում են մարմնի բջիջների կառուցվածքը, հորմոնների սինթեզը, իմունիտետը: Վիտամին F-ը առաձգական եւ կայուն է պահում արյունատար անոթները, կարգավորում է հարթ մկանների կծկումները, իջեցնում է օրգանիզմի զգայնությունը ուլտրամանուշակագույն եւ ռադիոակտիվ ճառագայթների նկատմամբ: Բուսական յուղ կարելի է ստանալ ինչպես արդյունաբերական պայմաններում, այնպես  էլ տանը, ցանկացած յուղատու բույսից: Բուսական յուղը ստանալու ժամանակ տվյալ բույսի սերմերը կամ էլ պտուղը մանրացնում են, տաքացնում, ապա ճզմում (մամլում) եւ ենթարկում էքստրակցիայի (քամում են): Բուսական յուղերը տարբերվում են իրենց կազմով, իրենց օգտակարությամբ եւ  կիրառվում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ: Բուսական յուղերում, բացի չհագեցած ճարպաթթուներից, մյուս օգտակար նյութերը բացակայում են: Բուժման նպատակով սովորաբար օգտագործում են չզտված բուսական յուղերը, որոնցից  արդյունաբերական պայմաններում հեռացված են միայն մեխանիկական խառնուրդները:
1. Արեւածաղկի յուղը  հանդիսանում է ամենատարածված եւ մատչելի բուսական յուղը: Այն հարուստ է վիտամին E-ով, B1, B2 եւ PP-ով: Պարունակում է նաեւ մագնիում: Ցանկալի է օգտագործել  սառը վիճակում եւ չզտված:
2. Ձիթապտղի յուղը համարվում է արժեքավոր եւ սննդարար բուսական յուղերից մեկը: Չնայած ավելի քիչ է պարունակում չհագեցած ճարպաթթուներ, սակայն ավելի լիարժեք է յուրացվում օրգանիզմի կողմից: Այն երկրներում, որտեղ ձիթապտղի յուղը համարվում է հիմնական բուսական յուղերից, մարդիկ ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղով:
Եթե բնական, չզտված ձիթապտղի յուղը տեղավորում ենք սառնարանում, ապա նրանում առաջանում են սպիտակ փաթիլներ, որոնք տաքացնելիս վերանում են: Սպիտակ փաթիլների ի հայտ գալը շատ կարեւոր է իմանալու համար ձիթապտղի յուղի որակը:
3. Սոյայի յուղը՝ բացի չհագեցած եւ կիսահագեցած ճարպաթթուներից, պարունակում է նաեւ լիարժեք  սպիտակուցներ: Անփոխարինելի է մանկական սննդի մեջ, քանի որ իր կազմով շատ նման է ձկան յուղին: Օգնում է ճիշտ կազմավորվելու նյարդային եւ տեսողական համակարգերին:
4. Գետնանուշի, քնջութի եւ արմավի յուղերը պարունակում են քիչ քանակությամբ կիսաչհագեցած ճարպաթթուներ, սակայն ավելի շատ ճարպաթթուներ՝ բարձր մոլեկուլյար զանգվածով: Այս յուղերը չնայած շատ քիչ են պարունակում վիտամին E եւ բոլորովին չեն պարունակում վիտամին A, սակայն դրանք իջեցնում են խոլեստերինի քանակը արյան մեջ եւ իրենց կազմի մեջ գտնվող կալցիումը եւ ֆոսֆորը հեշտացնում են օրգանիզմի կողմից յուրացումը:
5. Փշարմավի յուղը արժեքավոր է իր կազմի մեջ մտնող բետտա-կարոտինով, ինչպես նաեւ վիտամին C-ով եւ E-ով: Այն պարունակում է նաեւ այնպիսի հազվագյուտ վիտամիններ, ինչպիսին են վիտամին K-ն եւ P-ն: Օգնում է վերքերի շուտ լավացմանը, սպիավորմանը, այրվածքների  բուժմանը եւ ստամոքսի խոցի դեպքում:
6. Կտավատի յուղը պարունակում է 2 անգամ ավելի շատ կիսաչհագեցած ճարպաթթուներ, քան ձկան յուղը: Նրա կազմի մեջ են մտնում վիտամիններ՝ A, B, E եւ հանդիսանում է հիանալի բուժիչ  եւ սննդային մթերք: Նա օրգանիզմի կողմից  հեշտությամբ յուրացվում է եւ կարգավորում է օրգանիզմի ճարպային փոխանակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել