Լրահոս
Օրվա լրահոսը

Անունները նշանակություն ունեն

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Անուններն ունեն հատուկ էներգետիկա

Մարդկանց անունների հետ կապված բազմաթիվ լեգենդներ միշտ էլ եղել են եւ այսօր էլ դեռ շարունակվում են հյուսվել: Օրինակ, հայտնի է, որ միեւնույն անունը կրող բազմաթիվ մարդկանց ոչ միայն ճակատագրերը, այլեւ բնավորության գծերը կարող են նման լինել: Կան մարդիկ, որ իրենց մահացած հարազատների անուններով երբեք չեն կնքում իրենց երեխաներին, որովհետեւ մտածում են, որ երեխան մահացածի ճակատագրին կարժանանա:
Ըստ բազմաթիվ ուսումնասիրողների, անվան գաղտնիքի բացահայտումը աստղագուշակության, մոլորակների դասավորության մեջ է, սակայն ուսումնասիրողների մի մասն էլ հավաստիացնում է, որ այն անվան հնչեղության մեջ է: Դրա համար էլ մարդիկ ուզում են, որ իրենց անունները հնչեղ, գեղեցիկ եւ տպավորիչ լինեն, որ ուշադրություն գրավեն եւ նույնիսկ հաջողության գրավական դառնան:
Այն, որ մարդու անունը որոշակի ինֆորմացիա է պարունակում եւ կարող է ազդեցություն ունենալ տվյալ անունը կրողի վրա, հայտնի է եղել դեռեւս վաղ ժամանակներից: Նախկինում կարծում էին, որ, իրոք, կա ինչ-որ ուժ, ինչը յուրօրինակ կերպով ազդում է մարդու ճակատագրի վրա: Անգամ ասում են, որ անուններն ունեն իրենց հատուկ էներգետիկան: Ասվում է նաեւ, որ չի կարելի երեխային 2 անուն դնել՝ ասենք Աննա-Մարիա կամ Գոռ-Իշխան, այս դեպքում անունը կրողը կարող է 2 ճակատագիր ունենալ: Նույն տարածված կարծիքը կա մականունների հետ կապված. եթե մարդուն ավելի շատ ճանաչում են մականունով, ապա նա արդեն սկսում է կրել այդ անվան էներգիան:
Մեր օրերում վիճակագրական եւ այլ ուսումնասիրությունների արդյունքում մշակվել են ուղեցույցներ, որտեղ մանրամասն նկարագրվում է յուրաքանչյուր անվան նշանակությունը, անգամ հետազոտություններ կան, որ հավաստում են, թե կոնկրետ որ անվանը որ մոլորակներն են հովանավորում, նշում, թե յուրաքանչյուր անուն ինչ համատեղելիություն ունի այլ անունների հետ, անունը կրողն ինչ բնավորության յուրահատկություններ ունի եւ ինչ հավանական ճակատագիր: Սա արդեն հորոսկոպ է հիշեցնում: Ով ցանկություն ունի իր անվան հետ կապված ինֆորմացիա վերցնելու եւ անվերապահորեն հավատալու դրան, կարող է համացանցում իր անունը գրել եւ տեսնել, թե այն ինչ կարող է նշանակել: Ըստ այդ տեսություններից մեկի էլ, եթե անունը սկսում է «Ա» տառով, ապա այն կրողը ուժեղ է եւ իշխող, եթե «Բ»-ով՝ ընդունակ է մեծ սիրո, եթե «Գ»-ով՝ առեղծվածային է եւ այլն:
Մարդկանց անունների ազդեցությունը իրենց իսկ ճակատագրի վրա թեման ուսումնասիրության առարկա է դարձել նաեւ հոգեբանների համար: Փենսիլվանիայի համալսարանի հետազոտող Ուրի Սիմոնսը մի քանի տարի առաջ է սկսել այս ոլորտում ուսումնասիրություններ անել, բայց արդեն հայտնաբերել է, որ մարդիկ կարողանում են աշխատանք գտնել այն կազմակերպություններում, որոնց անվանումները համընկնում են իրենց անունների հետ: Հետազոտողը համոզված է, որ ընտանեկան ընկերություններում, որոնք կրում են հենց այդ ընտանիքի անունը, աշխատում են այնպիսի անուններով մարդիկ, որոնց անվան գոնե 3 տառը համընկնում է տվյալ ընկերության կամ նրա մասնագիտության անվան հետ: Որպես իր տեսակետի ապացույց՝ նա նշում է, որ ատամնաբույժների մեծ մասն ունի Դենիս անունը, որը համահունչ է անգլերեն ատամնաբույժի հետ (dantist): Սակայն Կոլումբիայի համալսարանի վիճակագրության կենտրոնի տնօրեն Էնդրյու Հելմանը ի պատասխան այդ հայտարարության ասել է, որ Դենիս անունով ատամնաբույժներն իրականում շատ քիչ տոկոս են կազմում ատամնաբույժների ընդհանուր թվի մեջ: Մեկ այլ հոգեբան՝ Ֆրեդերիկ Անսեելն էլ ավելացրել է, որ չի հավատում այդ տեսությանը եւ հայտարարել է, որ «տառերի էֆեկտը» հորինվածք է, քանի որ ամերիկացիները, ինչպես նաեւ այլ հարուստ երկրներում բնակվողները, մեծ հնարավորություններ ունեն «իրենց գործը» սկսելու, սակայն նա նաեւ հայտարարել է. «Մեզ դուր է գալիս մտածել, որ մենք բանական էակներ ենք եւ շատ պարզ տեսնում ենք մեզ առաջարկվող աշխատանքի դրական եւ բացասական կողմերը, սակայն արդեն ապացուցված է, որ այլ գործոններ առավել կարեւոր դեր ունեն այդ ոլորտում, քան մենք ենք կամ գործատուի պահանջները, այդ գործոնների գոյությանն ու ներգործությանը մենք երբեք ուշադրություն չենք դարձնում եւ գլխի էլ չենք ընկնում, թե դրանք որտեղ են»:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ մարդիկ ամուսնանում են այն մարդկանց հետ, որոնց անունները փոքր-ինչ նման է իրենց անվանը, հոգեբանները չեն հավատում: Նրանք ասում են, որ այդ դեպքում բոլորի անունները պետք է իրար նման լինեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել