Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂԵՄ ԳՆԱՄ ՀՈՐՍ ՏՈՒՆ»

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Հայաստանում ամուսնալուծվողները շատանում են, հիմնականում՝ փողի պատճառով

«Հայտարարում եմ ձեզ ամուսիններ: Շնորհավորում եմ»,- զագսի աշխատակցի այս խոսքերը ողջ 2010-ի ընթացքում Հայաստանում լսել է մոտ 18 հազար ամուսնական զույգ: Ամուսնանալիս եւ զագսի վկայականի համար ստորագրելիս ոչ ոք չի պատկերացնում, որ կարճ ժամանակ անց կարող է նույն ոգեւորությամբ ստորագրեն ամուսնալուծության փաստաթղթերը: Մինչդեռ, վիճակագրական փաստերը ցույց են տալիս, որ մեր երկրում տարեցտարի ավելի ու ավելի շատ ընտանիքներ են ամուսնալուծվում: Այսպես ասենք. 1000 ամուսնական զույգի համեմատությամբ գրանցվում է 167 ամուսնալուծության դեպք: Սա՝ պաշտոնական ցուցանիշներով, որովհետեւ իրականում շատ ընտանիքներ են քայքայվում ու ամուսնալուծվածի հաշիվ դառնում՝ առանց փաստաթղթերով բաժանվելու…
 Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ 2010-ին մեր երկրում ամուսնալուծվել է մոտ 3000 ընտանիք, իսկ սա մեր փոքր երկրի համար բավականին տխուր ցուցանիշ է: Ինչո՞ւ են հայերն ամուսնալուծվում: Սոցիոլոգների կարծիքով՝ եթե Արեւմուտքում ամուսնալուծությունների հիմնական պատճառը դավաճանությունն է, ապա Հայաստանում՝ ավելի հաճախ սոցիալական խնդիրներն են ընտանիքի քայքայման հիմք դառնում, որովհետեւ հայ կանայք որպես կանոն չեն դավաճանում, իսկ տղամարդկանց դավաճանությունը հայ կանանց կողմից որպես կանոն հանդուրժվում է: Հոգեբաններն ահազանգում են, որ հայ ընտանիքներում սերը պակասել է, դրա համար էլ ֆինանսական, կենցաղային մանր խնդիրների պատճառով մարդիկ ամուսնալուծվում են: Նրանք պատմում են, որ երբ ընտանեկան խնդիրներից բողոքող ամուսնական զույգերին հարցնում են, թե ինչո՞ւ են ամուսնացել, պատասխանում են՝ «արդեն տարիքս էր», «իմացած ընտանիքի աղջիկ էր», «բարեկամներս միջնորդեցին» եւ այլն: Գյուղերում այս պատասխաններն ավելի զավեշտալի են. 16-17 տարեկան, անգամ դպրոցը չավարտած աղջկան փախցնում են, իրենցով են անում, ասելով, որ «մեր հարսին մեր ձեւով դաստիարակենք» ու ոչ փեսան, ոչ էլ առավել եւս հարսնացուն բացարձակ չեն իմանում, թե ում հետ են ամուսնանում, ինչի համար եւ իրականում ով է իրենց ապագա ողջ կյանքի ուղեկիցը:
Ազգային վիճծառայության տվյալներով՝ մեր երկրում ամուսնալուծությունների թիվը տարեցտարի ավելանում է, 2009-ին 1000 ամուսնական զույգերի համեմատությամբ գրանցվել էր 151 ամուսնալուծության դեպք, 2010-ին՝ փաստորեն, 167: Ընդ որում, ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի ամուսնալուծությունների թվով առաջին հորիզոնականում է մայրաքաղաքը՝ 1390 դեպք, այնուհետեւ մարզերից՝ Լոռին՝ 470 դեպք, Շիրակը՝ 222 դեպք, Արմավիրը՝ 164 դեպք, Արարատը՝ 149 դեպք: Այս առումով, կարելի է ասել, ամուր ընտանիքներ են կազմվում կամ գուցե ավելի շատ դիմանում են Վայոց ձորի մարզում, որովհետեւ այնտեղ ողջ 2010-ի ընթացքում գրանցվել է 29 ամուսնալուծություն: Հնարավոր է, որ Վայոց ձորում ամուսնանալուց առաջ մի լավ ծանրութեթեւ են անում, որովհետեւ այնտեղ ամուսնության ցուցանիշը նույնպես ամենացածրն է: Փաստորեն, քիչ ամուսնանում են, քիչ էլ բաժանվում: Տավուշում եւ Արագածոտնում նույնպես համեմատաբար քիչ ամուսնալուծություններ են գրանցվում:
Ուշագրավ է, որ ընդհանրապես հանրապետության տվյալներով՝ ամուսնացել եւ ամուսնալուծվել են հիմնականում մարտ ամսվա ընթացքում, ուստի, կարելի է ասել, որ գարունը եւ լավ, եւ վատ է անդրադարձել մարդկանց զգացմունքների վրա: Շատ ամուսնալուծություններ են գրանցվել նաեւ ապրիլին եւ հոկտեմբերին, իսկ դեկտեմբերին մարդիկ Նոր տարին ցանկացել են դիմավորել հավասարապես՝ թե՛ ամուսնացած, թե՛ ամուսնալուծված կարգավիճակով:
Մասնագետները գտնում են, որ երեխաներն ամրապնդում են ընտանիքը, իսկ քանի որ Հայաստանում նաեւ տարեցտարի ավելի քիչ երեխաներ են ունենում, ընտանիքներն ավելի հեշտությամբ են ամուսնալուծվում: Մեկ երեխայի դեպքում ընտանիքի ամուսնալուծության ռիսկը հասնում է 70 տոկոսի, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես կանանց, որ ամուսիններին իրենց կողքին պահելու համար 3-4 երեխա ունենան: Ի դեպ, հետազոտությունները ցույց են տվել, որ մարզերում ամուսնալուծության առաջնային պատճառներից մեկը արտագնա աշխատանքն է: Տղամարդիկ աշխատանք գտնելու նպատակով մեկնում են Ռուսաստան, կապվում մի Նատաշայի հետ, այնտեղ ընտանիք կազմում ու մոռանում հայ կնոջն ու ընտանիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել