Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՐԲ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՓՈՂԻ ՄԱՍԻՆ ԵՆ ԽՈՍՈՒՄ, ԵՍ ԻՆՁ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՄ ԶԳՈՒՄ»

Ապրիլ 21,2011 00:00

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.

\"\"Հայաստանում ֆուտբոլի տարածումն ու առաջընթացը կախված է ենթակառուցվածքների ստեղծումից եւ երկրի ամբողջ տարածքում խոտածածկով խաղադաշտերի խնդրի վերացումից

Սկիզբը՝ 

– ՀՀ առաջնության 1-ին խմբում հանդես են գալիս բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերը: Դա՞ չէ պատճառը, որ բարձրագույն խմբի թիմերի քանակը չի ավելանում:
– Բարձրագույն խմբի թիմերի քանակը կարելի է ավելացնել մեկով կամ երկուսով: Բայց դա ի՞նչ կտա: Ոչինչ: Ինքնանպատակ քայլ կլինի: Մի ժամանակ թիմեր ունեին Նոյեմբերյանը, Սեւանը, Իջեւանը, Վանաձորը, Ապարանը: Բայց որակական առումով այդ քանակն ի՞նչ էր տալիս մեր ֆուտբոլին: Նորմա՞լ էր, որ խաղեր էին լինում, երբ մի թիմը մյուսին հաղթում էր 18:0, 19:0 հաշվով եւ մի ֆուտբոլիստը ինը գոլ էր խփում: Դա ֆուտբոլի զարգացմանը նպաստո՞ւմ էր: Թիմերի ավելացման բերում է ժամանակը եւ պահանջարկը: Բարձրագույն խմբում ութ թիմ է հանդես գալիս: Բայց արդյո՞ք դրանք համալրված են լիարժեք ֆուտբոլիստներով: Շատ բարձր մակարդակների մասին չեմ խոսում, այլ՝ մեր հանրապետության ֆուտբոլային մակարդակի: Նոր թիմեր ստեղծել ու դրանք համալրել խոտան ֆուտբոլիստներո՞վ: Դրա իմաստը չեմ տեսնում: Այդպես եղել է, ասենք, Նոյեմբերյանում, երբ ֆուտբոլիստը տրակտորով գալիս էր, դաշտի մոտ կանգնում, իր տրակտորի մեջ փոխվում, խաղում ու տրակտորով էլ գնում իր գործին:
Երբ ես 2002 թվականին դարձա ֆեդերացիայի նախագահ, ամբողջ Հայաստանում մարզվելու համար ընդամենը երեք խոտածածկ խաղադաշտ կար: Երեքն էլ ես էի սարքել ու բոլորն էլ «Փյունիկինն» էին: Կիսատ-պռատ խոտածածկ ունեին Գյումրին, Աբովյանը, խայտառակ՝ «Հրազդանն» ու «Հանրապետականը»: Իսկ այսօր ունենք «Բանանցի» փայլուն ֆուտբոլի դպրոց, նորմալ՝ «Միկայի», լավ՝ «Փյունիկի», փայլուն ֆուտբոլի ակադեմիա, որն առաջինն է տարածաշրջանում: Նոր խաղադաշտեր ենք ստեղծում: Իսկ երբ պայմաններ ես ստեղծում, ավելանում է ֆուտբոլիստների քանակը, դրա հետ՝ թիմերը: Հիմա եթե մի գործարար որոշի, ասենք, Վանաձորում թիմ ստեղծել, ֆուտբոլիստներ որտեղի՞ց պետք է գտնի: Ռեզերվի մասին դեռ չեմ խոսում: Այ, երբ Վանաձորում ֆուտբոլի դպրոց հիմնենք, այդ ժամանակ գործարարներին կխնդրենք, կհամոզենք, որպեսզի տեր կանգնեն դրան:
– Խոսեցիք Վանաձորի մասին: Երկու տարի առաջ Դուք այնտեղ Լոռվա մարզպետի եւ Վանաձորի քաղաքապետի հետ ծրագրեր էիք կազմում: Նրանք խոստացան Վանաձորի նոր թաղամասերից մեկում ֆուտբոլի դպրոցի համար հող հատկացնել:
– Արդեն հատկացրել են: Նախագիծը պատրաստ է: Այն ուղարկել ենք ՈՒԵՖԱ՝ հաստատման: Շուտով միանգամից կսկսենք Լոռիի եւ Շիրակի ֆուտբոլի դպրոցների շինարարությունները: Ավելին ասեմ. տասն օր առաջ Երեւանի քաղաքապետը ֆուտբոլի դպրոց կառուցելու համար տարածք է հատկացրել Շենգավիթում: Մենք պետք է ենթակառուցվածքները ստեղծենք: Ու թեեւ դա ֆուտբոլի ֆեդերացիայի գործը չէ, բայց ստիպված հանձն եմ առել ու իմ առջեւ խնդիր դրել՝ հասնել այն բանին, որ Հայաստանում խոտածածկով խաղադաշտի խնդիր չլինի:
– Դրա համար հսկայական միջոցներ են պետք: Ֆեդերացիան այդպիսի գումարներ ունի՞:
– Պետք է ճիշտ աշխատել: Այսօր ֆեդերացիան ֆուտբոլի հեռարձակումների նոր պայմանագիր է ստորագրել: Դա ֆինանսական լավ հնարավորություններ է ընձեռելու, որը նպատակաուղղվելու է ֆուտբոլի դպրոցներ կառուցելուն:
– Ի՞նչ գումարների մասին է խոսքը:
– Ինը տարի է՝ ֆեդերացիայի նախագահ եմ: Այդ ընթացքում ֆեդերացիան հեռարձակումներից ստացել է $3 մլն 200 հազար: Տասներկու տարով ստորագրված այդ չարաբաստիկ պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին: Նոր պայմանագրով ֆեդերացիայի բյուջե տարեկան 2,5 մլն եւրո է մտնելու: Պայմանագիրը ստորագրվել է վեց տարով: Այսինքն, ընդհանուր արժեքը կազմում է 15 մլն եվրո: Այդ ժամանակ արդեն ֆինանսական խնդիրներ չենք ունենա եւ հանրապետության ամբողջ տարածքում ֆուտբոլի խաղադաշտեր եւ ֆուտբոլի դպրոցներ կկառուցենք:
– Անցած մրցաշրջանն առանձնացավ մրցավարության հետ կապված սկանդալով, երբ մրցաշրջանի ավարտին բարձրագույն խմբի առաջնությունը սպասարկող մրցավարներին որակազրկեցիք: Դրանից առաջ այն կարծիքն էր տարածված, թե մրցավարներն էլ Ռուբեն Հայրապետյանինն են:
– Եթե ես ֆեդերացիայի նախագահն եմ, ուրեմն մրցավարներն ինձ են ենթարկվում: Այո, նրանց սխալների համար ես եմ պատասխանատու: Այս առումով ժողովրդի պահանջը ճիշտ է: Եթե մրցավարը պարբերաբար վատ է սպասարկում, մեղավորը ես եմ: Ես պիտի անեի այն, ինչ արեցի: Գուցե կտրուկ քայլերի ավելի շուտ պետք է դիմեի: Բայց դրան չէի գնում, որովհետեւ ուրիշները չկան: Այժմ էլ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած: Հիմա մանկապարտեզից սկսած ենք մրցավարներ աճեցնում: Այն ժամանակ ցանկանում էի կարգավորել, խոսում էի մրցավարների հետ: Չհասկացան: Այո, երբ մրցավարը սխալ սուլիչ է տալիս, ժողովուրդը ֆեդերացիայի նախագահին է մատնացույց անում, չնայած դրանում ես մեղավոր չեմ: Մրցավարական սխալներ լինում են անգամ աշխարհի առաջնություններում: Դա մարդկային գործոն է եւ ոչ ոք անսխալ չէ: Բայց երբ սխալը միտումնավոր է ու դրա հետեւում ես նաեւ այլ բաներ եմ նկատում, հանդուրժել չի կարելի: Ես էլ չհանդուրժեցի:
– Գանք ազգային հավաքականին: Դուք միշտ էլ հայտարարել եք, որ մաքսիմալիստ եք: Հայաստան-Ռուսաստան խաղը Ձեզ բավարարե՞ց: Նկատի ունեմ հաշիվը եւ մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
– Հաշվից, իհարկե, դժգոհ եմ: Մենք երկու շատ կարեւոր միավոր կորցրինք ու չգիտեմ, թե դրա համար հետո ինչ գին ենք վճարելու: Ռուսաստանի հավաքականը, այո, հզոր ուժ է: Բայց ես հիմա էլ այն կարծիքին եմ, որ մեր ընտրանին թույլ թիմ չէ եւ սեփական դաշտում չհաղթելու իրավունք չուներ: Առաջին 18 րոպեներին տղաները փայլուն խաղացին: Հետո խուճապ սկսվեց: Իզուր չէր, որ խաղից առաջ բոլորին խնդրում, հորդորում էի՝ հավաքականին հանգիստ թողնել, որպեսզի իր գործով զբաղվի, ֆուտբոլիստների մեջ խուճապ չգցել: Երբ տղաների հետ խոսում էի, զգացվում էր, որ պատասխանատվության զգացումը, անպայման հաղթելու ցանկությունը շատ մեծ է: Ես ամենից շատ սպասելիքներ ունեի Մարկոսից: Նա հանդիպմանը մի այլ կերպ էր պատրաստվում: Բայց այդ մթնոլորտում, այդ աուրայի մեջ չէր խաղացել՝ չստացվեց: Հանգստից հետո մեր թիմը հավաքվեց, ճիշտ, գեղեցիկ ֆուտբոլ խաղաց: Յուրի Մովսիսյանը, չնայած վնասվածք, ցավեր ուներ, հերոսի պես խաղաց՝ վազեց, պայքարեց: Խայտառակություն էր Մանուչարյանի եւ Մաղաքյանի խաղը: Մյուսները լավ խաղացին: Պարզապես, խուճապային 25 րոպեն շատ խանգարեց: Եկեք չմոռանանք նաեւ, որ բացի Բերեզովսկուց ու Հովսեփյանից, դաշտում երիտասարդներ էին՝ 19-20 տարեկան տղաներ:
– Եթե նայենք կազմերին, Ռուսաստանի թիմում հանդես էին գալիս եվրոպական գրանդ ակումբներում խաղացող ֆուտբոլիստներ, որոնք հարուստ փորձ ունեն: Պայքարն ավելի շատ գլխավոր մարզիչներ Դիկ Ադվոկատի եւ Վարդան Մինասյանի մեջ էր, որում հաղթեց մեր երիտասարդ մարզիչը:
– Հետո՞ ինչ, որ ռուսները գրանդ ակումբներում են խաղում, կամ իրենց երկրի առաջնության 100 միլիոնանոց բյուջե ունեցող ակումբներում: Նրանցից ո՞ր մեկն էր մեր տղաներից ուժեղ: Նրանց հավաքականում փայլուն ֆուտբոլիստ է միայն դարպասապահը: Արշավի՞նն է Մխիթարյանից ուժեղ, թե՞ Կերժակովը՝ Մովսիսյանից: Մոռացեք, նման բան չկա: Նրանց պաշտպանական գծից ո՞ր մեկն էր գերազանցում մեր տղաներին: Հենց թեկուզ Իգոր Ակինֆեեւը Բերեզովսկո՞ւց է լավը: Պատկերացրեք, եթե այդ խաղում նրանց տեղերը փոխված լինեին…… Մեր հավաքականը ոչ մի օղակում նրանց չէր զիջում: Ռուսների առավելությունը նրանց ֆուտբոլիստների փորձն էր ու պահեստայինների նստարանին նրանց դարպասապահը: Այդ օրվա համար մեր թիմից հանում եմ միայն Մանուչարյանին եւ Մաղաքյանին: Սարգիս Հովսեփյանը միաժամանակ պահում էր եւ Արշավինին, եւ Ժիրկովին, եւ Մաղաքյանին: Հիշեք՝ Ռուսաստանի հավաքականում Կառլեն Մկրտչյանի նման պայքարող ու գնդակ խլող կա՞ր: Պարզապես, հայ ֆուտբոլիստներն աշխարհում անուն չունեն եւ մեզ միայն դա է պակասում: Մխիթարյանն Ուկրաինայում հայ ֆուտբոլիստների անունն է բարձրացրել: Եվ ուկրաինացիների 80 տոկոսը մեզ էր երկրպագում Հենրիկի համար: Հիմա նույնը կանի Կառլեն Մկրտչյանը: Իսկ դրանում ես կասկած չունեմ:
– Ակնարկեցիք մեր հավաքականում գոյություն ունեցող երկրորդ դարպասապահի խնդրի մասին: Դուք հայտարարել էիք, թե հանդիպումից առաջ մեկնելու եք Ֆրանսիա՝ Ապուլա Էդիմա Բետեին վերադարձնելու նպատակով:
– Մեկնել եմ, բանակցությունները շարունակվում են: Ամենայն հավանականությամբ՝ կգա:
– Այսինքն՝ Ռուսաստանի հետ պատասխան հանդիպման ժամանակ նրան կտեսնե՞նք:
– Կարծում եմ՝ այո: Բայց պահեստայինների նստարանին:
– Արտասահմանում ճանաչված բավականին հայ ֆուտբոլիստներ կան, որոնց մարզասերները հավաքականի կազմում տեսնել են ցանկանում:
– Այդ ցանկացողներն էլ թող գնան ու բերեն: Ես էլ խոստանում եմ գրկաբաց ընդունել յուրաքանչյուրին, ով կգա հավաքական եւ արժանի կլինի հավաքականում խաղալու: Թող բերեն Խոակին Բոգոսյանին: Սիրով կընդունեմ: Բայց ինքս այլեւս նրա հետեւից չեմ գնա: Ազգային հավաքականի համազգեստը կրելը ամեն մի հայի համար պատիվ պետք է լինի: Ու կապ չունի, թե նա որտեղ է ապրում:
– Հանդիպումից հետո ռուսական եւ հայկական մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն էլ մեր ֆուտբոլիստներին պարգեւատրելու հարցն էր: Ի վերջո, տղաները պարգեւատրվելո՞ւ են:
– Իհարկե: Չնայած սկզբում որոշել էի չպարգեւատրել, որովհետեւ մեր դաշտում չհաղթեցին: Ավելին ասեմ. ֆուտբոլիստները չեն խրախուսվել Մակեդոնիայի հետ արտագնա խաղում ոչ-ոքի անելու համար: Երկու միավոր ենք կորցրել: Հարցը գումարը չի: Գրում են, թե մեզ հաղթելու համար ռուսներից յուրաքանչյուրին $50 հազար էին խոստացել: Կարողացա՞ն: Թող մերոնք հաղթեին եւ այդ ժամանակ կտեսնեին, թե ինչ պարգեւավճարներ կստանային: Կրկնակին: Հիմա մեր հավաքականը ֆինանսական խնդիր չունի: Խաղա՞ց՝ պարգեւատրում կստանա: Առաջ էր, որ դեռ հավաքի չներկայացած, հարցնում էին, թե որքան են ստանալու: Ես հասել եմ ֆուտբոլիստների գիտակցության մեկ այլ աստիճանի: Նրանք գիտեն, որ հավաքականում փողի համար չեն խաղում, այլ իրենց երկրի, դրոշի հեղինակության: Հավաքականում փողի մասին խոսելիս ես վիրավորվում եմ: Ավելին ասեմ. պարգեւագումարները ծրարների մեջ դրված են, բայց տղաները չեն գնացել ստանալու: Եվ գիտե՞ք ինչի: Որովհետեւ իրենք էլ են իրենցից դժգոհ, որ ոչ-ոքի են արել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել