Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանությունը՝ ստամբուլյան էկրանից

Ապրիլ 21,2011 00:00

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնից տեղեկանում ենք, որ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է տարբեր ազգությունների մարդկանց պատմությունները, որոնց միավորում է բազմամշակույթ Ստամբուլը: Այն կազմված է հինգ խաղարկային նովելներից, որոնց ռեժիսորները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ հայ, հույն, հրեա, պաղեստինցի եւ թուրք: Ամբողջ նախագծի պրոդյուսերը Հուսեյն Կարաբեյն է: Ֆիլմի մի մասի հեղինակը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Էրիկ Նազարյանն է: Նա ներկայացնում է ուդ նվագող սփյուռքահայ երաժշտի պատմությունը, որը գալիս է Ստամբուլ եւ փորձում է գտնել իր պապի՝ ժամանակին հռչակավոր ուդի վարպետի տուն-արհեստանոցը: Մի ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է հայի դաժան ճակատագիրը Թուրքիայում: Գլխավոր դերում ֆրանսահայ դերասան Ժաքի Ներսիսյանն է: Հատկանշական է, որ պատմության մեջ առաջին անգամ պրեմիերայի ժամանակ Ստամբուլի կենտրոնում մեծ էկրանից հնչեց «ցեղասպանություն»՝ գենոցիդ բառը: «Ոսկե ծիրանից» նաեւ հայտնում են, որ մի քանի կարճամետրաժների հեղինակ, ստամբուլաբնակ երիտասարդ կինոռեժիսոր Լուսին Դինքը կնկարահանի Վիլյամ Սարոյանին նվիրված ֆիլմ՝ «Ճանապարհորդություն Բիթլիս» վերնագրով: Նախագիծը հաղթող է ճանաչվել եւ Եվրասիա համագործակցության հիմնադրամի սահմանած 30 000 դոլար մրցանակին արժանացել ապրիլի 11-13-ը Ստամբուլում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում անցկացված Վավերագրական ֆիլմերի աջակցությանն ուղղված հանդիպմանը:
Երեկ կայացած ասուլիսում էլ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասել է, թե արխիվը բաց է բոլոր ուսումնասիրողների համար, այդ թվում՝ նաեւ թուրք պատմաբանների: Մինչ օրս արխիվում աշխատել են երկու թուրք պատմաբաններ եւ երկու թուրք լրագրողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել