Լրահոս
Օրվա լրահոսը

11 անուն գիրք՝ տարելիցին

Ապրիլ 21,2011 00:00

Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ ԵՊՀ-ի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում հրատարակված Հայոց ցեղասպանության թեման արծարծող միանգամից 11 անուն գրքերի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկայացված էին Գոնսալո Հ. Գուարչի «Հայոց կտակ», Ստեփան Պողոսյանի «Հայոց ցեղասպանության պատմություն (1-3-րդ հատորներ)», Հրաչիկ Սողոմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներով», Վահան Բայբուրդյանի «Օսմանյան կայսրության պատմություն», Ստյոպա Պետոյանի «Թուրքերը թուրքերի մասին (1-ին հատոր)», Ստեփան Պողոսյանի «Թուրքերը թուրքերի մասին» (2-րդ հատոր), Վարուժան Պողոսյանի «Հայոց ցեղասպանության առաջին փուլը ֆրանսիական պատմագրության եւ հասարակական մտքի գնահատմամբ (19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ)», Դորա Սաքայանի «Զմյուռնիա, 1922, բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը (հայերեն եւ անգլերեն)», Ռաֆիկ Նահապետյանի «Աղձնիքահայերի՝ մանկական խնամքի ավանդական սովորույթներ եւ նրա քրիստոնյա փոքրամասնությունները» գրքերը: Այս գրքերը տարբեր ժամանակների եւ տարբեր ոճերի ծնունդ են, բայց բոլորն էլ ուղղված են հայագիտության ուսումնասիրությանը եւ հայագիտական մեծ արժեք են ներկայացնում:
Հատկապես ուշադրության է արժանի Մերի Սուքիասյանի թարգմանությամբ լույս տեսած իսպանացի հանրաճանաչ գրող Գոնսալո Էռնանդես Գուարչի Հայոց ցեղասպանությանը նվիրված եռագրության երկրորդ՝ «Հայոց կտակ» պատմավեպ-հուշագրությունը:
Գ. Գուարչի վեպը ոչ միայն արդարամիտ մտավորականի ցասումի եւ վրդովմունքի ճիչ է, այլ նաեւ ինքնաճանաչողության ու սթափության կոչ է՝ ուղղված նախճիրը գործած մարդասպանների հետնորդներին, միջազգային ատյանների այն դիվանագետներին, որոնց խղճի վրա է ծանրացած եղեռնագործությունը: Սա մի պատմավեպ է, որում ի մի են բերվել հանգամանքներ, գործող անձինք, վայրեր, նաեւ այն քաղաքական շարժառիթները, որոնք տեղիք տվեցին 1915-16թթ. ցեղասպանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել