Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթեյջ 7»-ի նախաձեռնությունը

Ապրիլ 21,2011 00:00

\"\"«Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումը՝ առանց աջակիցների

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ նորաստեղծ «Սթեյջ 7» արտիստների եւ գրողների համագործակցության կենտրոնի եւ դերասան Արտաշես Ալեքսանյանի նախաձեռնությամբ բեմադրվել է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Հայերի դատը մարդկության դատն է» թատերական ներկայացումը:
Սցենարի հեղինակն ու բեմադրիչը Ա. Ալեքսանյանն է: Ըստ նրա, բեմադրության նպատակը հանրությանը ի վերջո հասկացնելն է, որ բավական է ողբալ, պետք է շարունակել ապրել։ «Բավ է սգանք: Սա այն ներկայացումներից է, որը եղեռնի վերաբերյալ է, բայց՝ առանց լացուկոծի։ Շատերը միգուցե քննադատեն եւ ասեն, թե եղեռնին նվիրված միջոցառման մեջ ինչպե՞ս կարող է հարսանիք, ծիծաղ, հումոր լինել, բայց գաղափարն այն է, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, եւ պետք է հիշել, մեծարել, պատվել, բայց առաջ գնալ։ Սա ոգեկոչող ներկայացում է՝ հայրենասիրական, դաստիարակչական ոգով։ Այն սնում է, պնդում, կարծրացնում ոգիները»,- ասաց Ա. Ալեքսանյանը:
Ներկայացման գլխավոր դերակ ատար Գուրգեն Անտոնյանն էլ
նշում է. «Հանկարծ եթե մեկը փորձում է լացել, մեր գլխավոր կերպարը` շինարար Մարգարը, սաստում է՝ ասելով, որ լացը լաց է բերում։ Մարգար պապը այսօրվա ամենաանհրաժեշտ կերպարներից է, որը ժամանակ առ ժամանակ կոչ է անում, պահանջում երեխաներ ունենալ, ապրել ու արարել, անցյալը ողբալը թողնել: Մենք այսօր կարիք ունենք նման պերսոնաժների»:
Գ. Անտոնյանի խոսքով, բեմադրությունը, բացի Մեծ եղեռնի դեպքերից, նաեւ յուրօրինակ զրույց է Արցախի հերոսամարտի հերոսների հետ:
«Սթեյջ 7» կենտրոնի նախագահ Տիգրան Նալչաջյանի խոսքով՝ «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումն առաջին անգամ չի բեմադրվում: Այն ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում ցուցադրվել է Սանկտ Պետերբուրգում եւ մեծ արձագանք ունեցել: Հայաստանում ներկայացվում է դերասանական նոր կազմով: 90 րոպեանոց ներկայացումը, մասնակիցների վստահեցմամբ, չի ձանձրացնի։ Շուրջ 30 սաների եւ արհեստավարժ դերասանների մասնակցությամբ բեմադրությունը հայ հանդիսատեսի դատին կներկայացվի ապրիլի 21-ին՝ Հրազդան քաղաքում եւ ապրիլի 22-ին՝ Երեւանում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում:
Տոմսերի վաճառք բեմադրիչները չեն նախատեսում։ Ստեղծագործական խումբը հայտնեց, որ ֆինանսական ներդրումներ չեն կատարվել ներկայացման վրա, իսկ մշակույթի նախարարությունը մերժել է նրանց՝ աջակցություն ստանալու դիմումը: Ա. Ալեքսանյանը գտնում է, որ եթե մի քիչ խելամիտ գտնվեն մարդիկ, կօգնեն այս գործին. «Այս ներկայացումը պետք է դպրոցականից մինչեւ 100 տարեկան մարդկանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել