Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ԴԵՄ Է ԵՄԵՆՈՒՄ «ՎՃՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒՆ

Ապրիլ 21,2011 00:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Եմենի իշխանություններին եւ նրանց դեմ հանդես եկող ընդդիմությանը զսպվածության եւ երկխոսության կոչ է արել: Սակայն, բացի այդ կոչերից, Նյու Յորքում տեղի ունեցած ԱԽ նիստում որեւէ այլ կառուցողական որոշում այդպես էլ չի ընդունվել: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, թե՝ ըստ որոշ դիվանագետների, Ռուսաստանը հանդես է գալիս ավելի վճռական գործողությունների դեմ:
Մոսկվայի փաստարկներն առայժմ պարզ չեն. հայտնի է միայն, որ ԱԽ խորհրդակցության նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եմենի ընդդիմությանը զգուշացրել է, որ վերջինս Արեւմուտքի կողմից այնպիսի աջակցություն, ինչպիսին ցուցաբերվել է Լիբիային, չպետք է սպասի:
Դիտորդների կարծիքով, ՄԱԿ ԱԽ անդամ երկրներից մի քանիսի պատվիրակություններն առայժմ զգուշավորություն են հանդես բերում, քանի որ Եմենի հարցն առաջին անգամ է հայտնվում ՄԱԿ-ի օրակարգում, իսկ այդ երկրում «բավականին դժվար ու նրբին իրավիճակ է տիրում»:
ՄԱԿ-ի ԱԽ-ն առայժմ ձեռնպահ է մնում եմենցի ապստամբներին դիմելուց, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը պնդում են, որ Եմենում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են: Այդուհանդերձ, ՄԱԿ-ում տարբեր երկրների ներկայացուցիչները մտադիր են իրենց կառավարությունների հետ խորհրդակցություններ անցկացնել ու պատրաստ են արդեն այս շաբաթավերջին եւս մեկ հերթական նիստ հրավիրել:
Համաձայն ավելի վաղ ստացված տեղեկությունների, Եմենի անվտանգության ուժերը կրակ էին բացել մայրաքաղաք Սանայում ու հարավային Թաիզում հակակառավարական ցույցերի մասնակիցների վրա, որի արդյունքում երեք մարդ սպանվել եւ մի քանի տասնյակը վիրավորվել էր:
Ընդհանուր առմամբ, վերջին երկու ամիսների ընթացքում Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի հրաժարականը պահանջող ցույցերի ընթացքում 120 մարդ է զոհվել: Ավելի վաղ Պարսից ծոցի երկրների ղեկավարները Սալեհին առաջարկել էին հրաժարական տալ՝ լիբիական սցենարով իրադարձությունների զարգացումից խուսափելու համար, սակայն նախագահը հրաժարվել էր դա անել: Հիմա երկիրը 30 տարի ղեկավարած Սալեհը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունները փոխանցել միայն «վստահելի ձեռքերի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել