Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՆԳՆԵԼ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ «ԹԱՍԻԲԻՆ»

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը դեմ է արտահայտվել համացանցում սահմանափակումներ մտցնելուն՝ դրանով իսկ արձագանքելով ցանցի օգտատերերի մտահոգությանը, որը հնչել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից համացանցի անվերահսկելի մուտքի վտանգների մասին դատողությունների առնչությամբ:
«Ինչ վերաբերում է իմ անձնական կարծիքին, որի մասին դուք հարցնում եք, ապա ես հնարավոր չեմ համարում ինչ-որ բան սահմանափակելը»,- reuters-ի մատուցմամբ, Պետդումայում հանդես գալով հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է հերթական ընտրությունների մոտենալու ֆոնին քաղաքական ակտիվությունը վերահսկողության տակ առնելը:
Ավելի վաղ համանման կարծիք հայտնել էր նաեւ Կրեմլը՝ դատապարտելով օտար երկրներում գրանցված համացանցային ծառայությունների՝ Skype, Gmail եւ Hotmail, նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին ԱԴԾ-ի բարձրաստիճան սպայի գաղափարը:
Պուտինը համացանցը անվանել է «կենսամակարդակի բարձրացման գործիք» եւ իր՝ հակահետախուզության գծով, նախկին գործընկերների «մտահոգությունը» բացատրել է նրանով, որ համացանցի շատ ռեսուրսներ գրանցված են ԱՄՆ-ում՝ «օվկիանոսից այն կողմում»:
Ընդսմին, Ռուսաստանում խոսքի ազատության վիճակը՝ առավել եւս համացանցի հնարավոր վերահսկողության մասին հայտարարությունների ֆոնին, մտահոգություն է առաջացրել Արեւմուտքում: Ընդամենը վերջերս ամերիկյան իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն իր զեկույցում Ռուսաստանը, ի շարս Ղազախստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վենեսուելայի, թվարկել էր համացանցի ազատությունը սահմանափակող երկրների ցանկում: Պուտինը փորձել էր փարատել համացանցում գրաքննության առնչությամբ հայտնված մտահոգությունները՝ ասելով, թե ՌԴ-ում ոչինչ գրաքննել չեն պատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել