Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով եւ սկանդինավցիներ

Ապրիլ 21,2011 00:00

Երեկ բացվեց «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին: Գիտաժողովը կազմակերպել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) եւ կտեւի մինչեւ ապրիլի 21-ը: Օրակարգում նախատեսված են զեկույցներ հայաստանցի, շվեդ, դանիացի եւ նորվեգացի պատմաբան-հետազոտողների կողմից: Այս գիտաժողովը նպատակ ունի վերականգնելու սկանդինավյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների՝ ցեղասպանությանը վերաբերող փոքր-ինչ մոռացված, բայց կարեւոր դրվագները:
Գիտաժողովը նախագահում էր դանիացի պատմաբան Մատիաս Բյորնլունդը: Ելույթներով հանդես եկան Հայաստանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, նորվեգական Կրագերո քաղաքի քաղաքապետ Կաարե Փրիբեն Հեգլանդը, շվեդ էթնոլոգ Ակե Դաունը եւ այլք: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձում հիշատակվում էր, որ բազմաթիվ սկանդինավցիներ ոչ միայն հազարավոր հայերի փրկել են մահից, այլեւ նպաստել հայերի ինքնության պահպանմանը:
ԱԳ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը հիշեցրեց, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ ՀՀ ԱԳՆ օրակարգի կարեւոր բաղադրիչներից մեկը:
Ա. Կիրակոսյանը հավելեց, որ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը զբաղվելու է Ֆ. Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ, որի ընթացքում էլ տեղի կունենա Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գար Ստյորեի պաշտոնական այցելությունը Հայաստան:
Հայկ Դեմոյանն իր զեկույցում նշեց. «Հայերը կապված են եվրոպացիների պատմության, հիշողության հետ՝ ոչ միայն հնուց եկած մշակութային նմանություններով, այլեւ ցեղասպանության թեմայով: Գրեթե չկար երկիր, որտեղ ցեղասպանությունից փրկված փախստականներ չլինեին, իսկ այն փաստող վավերագրերը պահպանվել են եվրոպական տարբեր արխիվներում»: Գիտաժողովի շրջանակներում կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժամանակավոր ցուցադրությունը տեղի կունենա նաեւ Օսլոյում, Կոպենհագենում եւ Ստոկհոլմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել