Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՑԱՎԸ

Ապրիլ 21,2011 00:00

 Հայացք` Թուրքիայից

\"\"

Հազար տարուց ավելի ձգվող մի ժամանակահատված միասին ապրած երկու ժողովուրդներ 1915թ. դեպքերի պատճառով մեծ բաժանման առաջ կանգնեցին: Անատոլիայի տարածքում թուրքերի եւ հայերի համատեղ բարեկամության եւ եղբայրության մթնոլորտը իմպերիալիստական պետությունների քաղաքականության հետեւանքով վերացավ:
Հայերը, ովքեր աջակցում էին Ալփարսլան սուլթանի բանակին, Սելջուկյան պետության շնորհիվ հնարավորություն ստացան հանգիստ ապրել: Թուրքական բանակի հետ միասին Բյուզանդիայի դեմ պատերազմող հայերը 1064թ. ի վեր թուրքերի հետ ապրել են խաղաղության մեջ: Այս ժամանակաշրջանում հռչակ ունեին նաեւ արվեստի հայ ներկայացուցիչները: Սելջուկյան ճարտարապետությունը շատ մեծ ազդեցություն է կրել հայ արվեստագործներից: Այդ ժամանակից ի վեր հայերը թե՛ արվեստի եւ թե՛ այլ բնագավառներում շարունակել են իրենց ներդրումն ունենալ թուրքական մշակույթում:
Կոստանդնուպոլսի գրավումից հետո Մեհմեդ Ֆաթիհ սուլթանը հայերին բարյացակամ է վերաբերվել: 1461թ. Օսմանյան պետությունը թույլ տվեց հայերին Ստամբուլում հիմնել պատրիարքարան: Բուրսացի Հովակիմը հրավիրվեց Ստամբուլ եւ դարձավ պատրիարք: Այս ժամանակից ի վեր հայերը Օսմանյան կայսրությունում կարեւոր պաշտոններ են զբաղեցրել:
19-րդ դարում ստեղծված աշխարհակարգում Ռուսաստանը իր իմպերիալիստական նպատակների համար ցանկացավ օգտագործել հայ հասարակությանը: Բացի այդ, Եվրոպայից եկող ազգայնականության հոսանքի ազդեցությամբ էլ պահանջվում էր, որ հայ հասարակությունը օգտագործվի Անատոլիայում: 1878թ. ռուս-թուրքական պատերազմից հետո հիմնադրված Հնչակյան եւ Դաշնակցություն կուսակցությունները ստանձնեցին հայ ժողովրդի ներկայացուցչի դերը: Այս ընթացքում դաշնակցականները աշխատեցին «Միություն եւ առաջադիմության» հետ միասին եւ ջանք չխնայեցին Օսմանյան կայսրությունում սահմանադրական կարգի հռչակման համար: 1908թ., այդ թվում եւ դաշնակցականների աջակցությամբ հռչակված Սահմանադրությունը Օսմանյան պետության տարածքում ձեւավորեց խաղաղության եւ եղբայրության մթնոլորտ: Հայ ժողովուրդն էլ էր հրճվում սահմանադրական համակարգով եւ նամականիշերի վրա հայերեն գրում «Կեցցե՜ Օսմանյան կայսրությունը», «Կեցցե՜ սուլթանը» կոչերը:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իմպերիալիստական պետությունների ցանկությունը՝ մասնատել Օսմանյան կայսրությունը, իր ազդեցությունը թողեց նաեւ հայկական կազմակերպությունների վրա: 1914թ. դաշնակցականները կոնգրես էին հրավիրել Էրզրումում եւ որոշում էին, թե որ պետության կողմում են լինելու պատերազմի ժամանակ: Արդյունքում վերջին պահին Օսմանյան կայսրության փոխարեն որոշում կայացվեց հօգուտ Ռուսաստանի: Դաշնակցականներն արդեն պատերազմել էին ռուսների հետ միասին: Հայ ժողովրդին ներկայացնող դաշնակցականների՝ հայերի անունից ընդունած որոշումը պատճառ դարձավ մեծ աքսորի: Մեկ տարի անց՝ 1915թ. ընդունված մի որոշմամբ հայ ժողովուրդն ուղարկվեց Սիրիա՝ Ռուսաստանից հեռու պահելու համար: Այս ընթացքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները պատճառ դարձան բազմաթիվ հայերի մահվան: Արաբական եւ քրդական ցեղերի հարձակումներին ենթարկված հայերը Ջեմալ փաշայի կողմից պաշտպանություն գտան: Ջեմալ փաշան հայերի վրա հարձակված քուրդ աշիրեթներին մահապատժի ենթարկեց: Երբ Օսմանյան կայսրությունը պարտվեց պատերազմում, հայերը չկարողացան վերադառնալ Անատոլիա եւ ստեղծվեց քաոսային իրավիճակ:
Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խնդիրների սկիզբ հանդիսացող 1915 թվականի իրադարձությունները երկու ժողովուրդների համար էլ լի են ցավոտ հիշողություններով: Ուզում եմ նաեւ հիշատակել տեղի ունեցած այդ մեծ ողբերգության ժամանակ միմյանց օգնող հայերին եւ թուրքերին: Որովհետեւ այդ հակամարտությունները չեն ծագել հայերի եւ թուրքերի միջեւ: Այս դեպքերը, որոնք բազմաթիվ էթնիկական խմբերի պատճառով են եղել, հնարավոր չէ նկարագրել որպես հայերի եւ թուրքերի միջեւ տեղի ունեցած մի բան:
Այսօր մենք հասել ենք մի կետի, երբ Հայաստանում գտնվող մեր հին բարեկամները Թուրքիային նայում են սրտի ցավով: Իսկ Թուրքիայում շատ քաղաքացիներ կան, ովքեր չեն ճանաչում մեր հայ բարեկամներին: Մենք ցանկանում ենք, որ թուրքերն ու եղբայր հայերը ամենամոտ ժամանակում կարողանան երկխոսության կամուրջ հաստատել: Երկու ժողովուրդները կարող են հաջողել դա: Մինչեւ այժմ իմպերիալիստական երկրների կողմից քաղաքական նպատակներով օգտագործվող այս հարցը արդեն պետք է քննարկվի թուրք եւ հայ եղբայրների միջեւ: Այսօր մենք դեռ միասին ենք ապրում բազմաթիվ հայերի հետ: Մալաթիայում, Էլազիգում, Վանում եւ Դիարբեքիրում շարունակում ենք եղբայրության պայմաններում ապրել մեր հայ բարեկամների հետ: Ցանկանում ենք, որ Երեւանի եւ Մալաթիայի միջեւ կամուրջ լինի: Թող բացվեն սահմանները եւ երկու բարեկամ ժողովուրդներ ունենան մեկմեկու ճանաչելու հնարավորություն: Գիտենք, որ երկխոսության պատրաստ ենք, սակայն սահմաններն են փակ: Մենք՝ որպես երկու ժողովուրդ, կբացենք նաեւ սահմանները եւ կրկին կվերականգնենք մեր հազարամյա եղբայրական անցյալը:
Կարեկցանքով հիշում եմ 1915թ. դեպքերի ժամանակ իրենց կյանքը կորցրած հայերին ու թուրքերին: Սա մեր միասնական ցավն է: Թուրքերը հասկանում եմ հայերին, հայերն էլ հասկանում են թուրքերին: Արդեն պետք է միասին աշխատենք գեղեցիկ ապագա կերտելու համար:

Հոդվածն արտացոլում է Ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել